Ներքին 1 տարի առաջ - 18:23 30-08-2024

Լեզվական ցեղասպանության կանխո՞ւմ, թե՞ գրաքննության փորձ. Վաչագան Սարգսյանի պարզաբանումը

Օրեր առաջ «Այբբենարանի» հեղինակ Վաչագան Սարգսյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ մտահոգություն էր հայտնել գրական լեզվի հետ կատարվողի վերաբերյալ՝ որակելով այն «Լեզվական ցեղասպանություն»։

Oragir.News-ը կապ հաստատեց Վաչագան Սարգսյանի հետ պարզաբանում ստանալու համար, թե՝ արդյոք Լեզվի կոմիտեին է ուղղված նրա քննադատությունը, և ինչ էր նա առաջարկում, իր նշմամբ՝ «Լեզվական ցեղասպանությունից» խուսափելու համար։

«Լեզվի կոմիտեն իմ գրառման հետ, ամեն դեպքում, կապ չունի։ Ինչքանով ես եմ տեղյակ, Կոմիտեի ֆունկցիայի մեջ նման բաներ չեն մտնում։ Եթե տեսչությունը լիներ, հնարավոր է, խոսքս նրանց ուղղված լիներ։ Բայց որքան գիտեմ, Կոմիտեի ծրագրերի մեջ այսօր նման խնդիր չկա։ Դրա համար չեմ կարող պնդել, որ իրենց է ուղղված խոսքս։ Նախկինում գոյություն ուներ լեզվի պետական տեսչություն, որը զբաղվում էր լեզվի կանոնարկմամբ և օրենքների խախտման դեպքում կարգավորում էր լեզվի կանոնարկումը և պաշտպանությունը։ Ցավոք սրտի, այսօր չկան այն գործառույթները, որոնք կատարում էր այն։ Ամեն ինչ այդ առումով բարձիթողի է։ Եվ դա գալիս է վաղուց, մոտավորապես 15-18 տարվա ընթացքում այդպես կատարվեց։ Հիմա, իսկապես, ինչպես նշել եմ գրառման մեջ, լեզվական ցեղասպանություն է այն առումով, որ բոլոր նորմերը, որոնք հնարավոր էր խախտել, խախտված են, և չկա որևէ մեկը, ով կարողանա դրանք պաշտպանել։

Մենք քննություն ենք հանձնում լեզվից բուհ ընդունվելու համար։ Ինչի՞ համար ենք հանձնում, եթե կյանքում այդ օրենքները չեն գործում։ Խոսքս ինչ-որ առումով հասարակությանն է ուղղված, որպեսզի կարողանա ընդվզել, համախմբվել և ներկայացնել իշխանություններին, որ լեզուն այսօրվա մեր իրավիճակում համացանցի միջոցով ցեղասպանվում է։ Բոլոր այն օրենքները, որոնք պահպանում են լեզուն, խախտվում են, և չկա մի կառույց, որ կարողանա կանոնարկել դա։

Ենթադրենք, «գնում էինք»-ը գրվում է միասին «ե»-ով, իսկ մենք երեխաներից պահանջում ենք, որ «Այբբենարանից» իմանան «է»-ի, «ե»-ի օրենքները և ճիշտ գործածեն, և թույլ ենք տալիս, որ համատարած անգրագիտությունը տարածվի համացանցում և դառնա նորմ։ Եթե բարձր լեզվական կառույցները զբաղվող լինեին, արդեն կզբաղվեին։ Չեն զբաղվում, և դա արդեն վաղուց է, ինչ այդպես է՝ համարելով, որ դա աննշան մի գործ է։ Եվ դա, իմ կարծիքով, շատ սխալ մոտեցում է»։

Վաչագան Սարգսյանը խոսեց նաև լեզվի միավորիչ դերի մասին՝ ասելով, որ այն իսկապես միակ բանն է, որը մեզ միավորում է։ Նա հիշեցրեց, որ հայ ժողովուրդը 60-ից ավելի բարբառներ ունի։ Երբ միմյանց հետ խոսելիս չեն հասկանում մեկը մյուսին, նրանց միավորողը գրական լեզուն է դառնում, որն ունի իր օրենքները, որոնք, ինչպես նշում է Սարգսյանը, անտեսվում են։

«Ամեն ինչ սկսվեց այախոսությունից, որը սկսվեց տարածվել համացանցում։ Եվ գնալով ես համոզվում եմ, որ այս 30 տարիների ընթացքում մեր գլխավոր կորուստը լեզվի կորուստն է, որը մեր աչքի առաջ է տեղի ունենում։ Իսկ եթե մենք կորցենք մեր գրական լեզուն, որը մեր միասնականության սյուներից ամենահզորն է, դա մեր կործանումը կլինի։ Բոլորն էլ դա շատ լավ գիտակցում են։ Եվ նոր խաչատուրաբովյաններ պետք չեն, որ ասենք՝ եկեք խոսակցական լեզուն դարձնենք գրական լեզու։ Գրական լեզուն էլ մի օրգանիզմ է, որը կարող է զարգանալ»,- եզրափակեց Վաչագան Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին