Ուղիղ եթեր
Ինչո՞ւ ռուսները դուրս եկան «Զվարթնոցից»
copy image url

Ինչո՞ւ ռուսները դուրս եկան «Զվարթնոցից»

Միտք Ներքին 8 ամիս առաջ - 13:00 01-08-2024
«Զվարթնոց» օդանավակայանից ռուսների դուրս գալն իրականություն դարձավ հուլիսի 31-ին։ Ինչպես և նախատեսվում էր ռուսներն՝ առանց որևէ դիմադրության հեռացան։ Բայց հարցը մնաց բաց։ Ինչո՞ւ դուրս եկան ռուսները։

Տեսարանն, իրոք, հուզիչ էր։ Տասնամյակներ շարունակ անկախության ջատագովները բարձրացնում էին օդանավակայանից ռուս զինծառայողների դուրս հրավիրման հարցը, քանի որ այն խորհրդանշում էր, որ ՀՀ-ն դեռ լրիվ անկախ չի։ Օդանավակայան եկող օտարերկրացուն և ՀՀ քաղաքացուն դիմավորում էին ռուս սահմանապահներն ու հարցնում՝ «Ինչու՞ եք եկել Հայաստան»։ ՀՀ քաղաքացու համար այս հարցը վիրավորական էր։ Իսկ օտարերկրացին թյուրիմացության մեջ էր ընկնում, կարծելով, թե ՀՀ-ն Ռուսաստանի գաղութ է դեռ։ Եվ ահա, 2024-ի հուլիսի 31-ին հեռացան։ Նրանք հեռացան ծափերի, շնորհակալության ելույթների ներքո։ Նրանց հետևից ոչ ոք չթքեց, չհայհոյեց։ ՀՀ օդային սահմանն ու օդային տարածքն այլևս ամաբողջությամբ ՀՀ իշխանության ներքո է։ Այսպիսով ցույց տրվեց, որ հնարավոր է ռուսական ազդեցությունը չեզոքացնել առանց բախման, կրակոցի, փոխադարձ թշնամանքի և ատելության։ Այսինքն՝ հնարավոր է Ռուսաստանից բաժանվել սիրով։

Մակերեսային տպավորությունն այն է, որ ռուսները հեռացան ՀՀ իշխանության պահանջով։ Սա նույնպես ուշագրավ է, քանի որ հանրության մի մասը թյուր կարծիք ուներ, թե ռուսները ՀՀ-ից չեն գնա, կռիվ կտան այստեղ մնալու համար։ Այս թյուրըմբռնումը ցրվեց։ Եվ արդեն կա վստահություն, որ եթե ՀՀ վաղվա իշխանությունը բարձրացնի նաև հայ-թուրքական և հայ-իրանական սահմանից ռուսական զորքերի դուրս բերման հարցը, ապա ռուսները խելոք, երգել-պարելով, շնորհակալության ելույթներով դուրս կգան նաև այդ սահմաններից։

Մինչև երեկ ռուսամետները հույս էին փայփայում, որ ռուսները չեն գնա, կմնան։ Եվ ռուսների «Զվարթնոցից» հեռանալը նրանց, բնականաբար, հուսահատություն և ընկճվածություն է պատճառել։ Ռուսների գնալուց հետո, ռուսամետ շրջանակներում տարածում են վարկածներ, իբր ռուսներն իրենք են որոշել հեռանալ։ Այս պնդումը անհիմն չէ, քանի որ այսպիսի հարցերը լուծվում են փոխադարձ պայմանավորվածությամբ։ Այս տեսանկյունից ենթադրելի է, որ ռուսների օժանդակությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանին ռուսներն են ներկայացնում իբրև անկախության ջատագով, նրան զիջելով ռուսներին դուրս հրավիրելու նախաձեռնությունը։ Եվ իբր՝ սա է պատճառը, որ ռուսներն առանց դիմադրության՝ հեռացան։

Այս վարկածի համատեքստում ի հայտ է գալիս մեկ այլ ենթադրություն, ըստ որի՝ «Զվարթնոցից» ռուսների հեռանալը ոչ թե հայ-ռուսական պայմանավորվածության, այլ Արևմուտք-ՌԴ պայմանավորվածության ծիրում է։ Այսինքն՝ ռուսները զիջում են իրենց դիրքերը Հայաստանում Արևմուտքի պահանջով։ Եթե այս ենթադրությունը հիմնավոր է, ապա ՀՀ-ն անկախության ամրացման հարցում ունի իրական և բնական դաշնակիցներ արևմուտքում։

«Զվարթնոցից» ռուսների հեռանալը նաև եվրաինտեգրացիայի շրջանակում է տեղավորվում։ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար պահանջվում է, որ ՀՀ-ն ինքնուրույն վերահսկի իր սահմանները։ 2023-ի հոկտեմբերին եվրոպացիների ծափահարություններին արժանացած Նիկոլ Փաշինյանը պետք է գոնե մի կիսատ քայլ աներ, ցույց տալու համար, որ, իրոք, անկախության պաշտպանության և եվրաինտեգրացիայի ջատագով է։ Եվ այդ քայլը «Զվարթնոցից» ռուսներին դուրս հրավիրելն էր, որն իրականացավ հուլիսի 31-ին։

Կարճ ասած՝ «Զվարթնոցից» ռուսների հեռանալը լրիվ հիմնավորված էր։ Դրա շահառուներ են բոլորը, ներառյալ ռուսները։ Եվ եթե ՔՊ-ական իշխանությունը փոքրոգի չլինի, ապա տեսանելի ապագայում հնարավոր կլինի դուրս հրավիրել ռուսներին նաև հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից, անվտանգային հիմքեր ստեղծել Հարավ-հյուսի միջազգային ավտոճանապարհի բացման, խաղաղության պայմանագրի ստորագրման, Հայաստանի ինքնիշխան իրավունքների պաշտպանության համար։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»