Ներքին 2 տարի առաջ - 12:35 19-07-2024

Կրթությունը կրախի առաջ է. փորձագետը` ընդունելության քննությունների մասին

Երեկ՝ հուլիսի 18-ին, հայտնի են դարձել ՀՀ բուհերի՝ 2024-2025 ուստարվա՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության հիմնական փուլի նախնական, այդ թվում՝ օրենքով սահմանված արտոնություններ ունեցող դիմորդների արդյունքները:

Ինչպես պարզ է դառնում արդյունքներից, բուհերին հատկացված պետական պատվերով և վճարովի տեղերի համալրման շրջանակում թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր:

Oragir.News-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը, անդրադառնալով բուհերի՝ այս ուստարվա ընդունելության արդյունքներին, նշեց՝ դրանք նախորդ տարիների համեմատ ևս որևէ էական փոփոխություն չարձանագրեցին․

«Համաձայն այս ուստարվա՝ 2024 թվականի հունվար և 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին անցկացված ընդունելության քննությունների արդյունքների՝ ունենք հազարավոր թափուր մնացած տեղեր, որոնցից շուրջ 300-ը նաև պետպատվերով տեղերն են։ Սա նշանակում է՝ նվազագույն միավորներ հավաքելով անգամ, դիմորդները կարող էին ընդունվել իրենց իսկ նախընտրած բուհը»։

Փորձագետի կարծիքով՝ լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը, անգործության է մատնված, որովհետև չի կարողանում նորմալ պլանավորել ողջ գործընթացը, իսկ պետական գումարները, որ պիտի տրամադրվեն բուհերին, չեն տրամադրվելու ուսանողների բացակայության պայմաններում։

«Այս ամբողջը պատճառն է այն բանի, որ 2 տարի առաջ փոխվեց ընդունելության կարգը, ինչի հետևանքով էլ դիմորդները հնարավորություն ստացան ընտրելու միայն մեկ բուհ՝ մեկ մասնագիտությամբ։ Սխալ է, որովհետև մեր ոչ բոլոր դիմորդներն են դպրոցն ավարտելիս կողմնորոշված մասնագիտության ընտրության և բուհի ընտրության հարցում։ Ցավոք սրտի, մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների՝ Կիրառական մաթեմատիկայի, Իրավագիտության, Տնտեսագիտության մրցույթից դուրս մնացած դիմորդները չեն կարողանում մոտավորապես նույն մասնագիտություններով ուրիշ բուհեր դիմել, որովհետև մրցույթից, փաստացի, դուրս են մնացել։ Սա նշանակում է, որ այս բաշխումն ու ընդունելության կարգը սխալ են մշակված, և մենք առանց այն էլ հետզհետե վատացող կրթության որակի պատճառով կորցնում ենք մեր լավագույն դիմորդներին»,- ասաց փորձագետը։

Մխիթարյանի դիտարկմամբ՝ բուհեր դիմում են դպրոցում լավագույն գիտելիքներ և առաջընթաց ցուցաբերած աշակերտները․

«Ստացվում է՝ ունենք իրավիճակ, երբ դպրոցական գիտելիքները լավագույն դիմորդների շրջանում բավարար չեն նվազագույն շեմը հաղթահարելու և պետպատվերով հաստատված անվճար սովորելու հնարավորությամբ ընդունվելու համար։ Սա խոսում է նաև կրախի մասին, որ կանգնած է մեր առջև հանրակրթության ոլորտում։ Վերջինիս «բարեփոխումները» տարեցտարի բերում են նրան, որ դիմորդների գիտելիքները պակասում են, կրթության որակը վատանում է, ինչն էլ նշանակում է, որ ուսանողների մեջ չենք ունենա ապագա գիտնականներ, մտավորականներ, որոնք պիտի բազային նվազագույն գիտելիքներով հաղթահարեին այդ շեմը և դառնային համալսարանների ուսանողներ»։

Անդրադառնալով հանրակրթության ոլորտում ներդրված նոր չափորոշչի ազդեցությանը ավագ դպրոցների՝ կրթության կազմակերպման գործում՝ փորձագետը ասաց․

«Փոփոխությունները, բարեբախտաբար, դեռ չեն հասել ավագ դպրոց, որովհետև այնպես չէ, որ այդ փոփոխությունները միջին դպրոցում իրենց դրական արդյունքը գրանցել են․ կան բազմաթիվ դժգոհություններ այն փորձարկման արդյունքներից, որ տեղի ունեցան Տավուշի մարզում, որոնք էլ վերցվեցին և տարածվեցին Հայաստանի բոլոր մարզերի վրա։ Երբ միջին դպրոցի մեր երեխաները կհասնեն ավագ դպրոց և կավարտեն, այդ ժամանակ էլ կտեսնենք՝ նրանց գիտելիքները բավարարելո՞ւ են, որ նրանք դառնան բուհի լավագույն ուսանողները։

Ըստ էության՝ ունենք ճահճի մեջ հայտնված մի կրթական համակարգ, որը հետագայում զարգանալու որևէ դրական նշույլ թույլ չի տալիս, և սրա մեղավորը «բարեփոխումներն» են և այն մարդիկ, որոնք իրականացնում կամ նախաձեռնում են դրանք՝ առանց որևէ դրական արդյունքի»։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դիտարկմանը, թե տեղերի պլանավորումը և բաշխումը ի սկզբանե ճիշտ չեն արվում, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն այսպես հակադարձեց․

«Շատ հեշտ է ինչ-որ մի բան ձախողել և գտնել մեղավորներ, որոնց վրա մեղքը պետք է բարդել։ Պարզ է, որ բուհերը պետք է հնարավորինս շատ պետպատվերով տեղեր «պոկեն» նախարարությունից, որպեսզի կարողանան շատ ուսանողների ներգրավել, իսկ դա թողնել բուհերի ու նրանց ռեկտորների վրա, սխալ է։ Շան գլուխը թաղված է ընդունելության քննությունների կազմակերպման կարգի մեջ։

Առհասարակ՝ պլանավորումը պետք է հանել, և ամեն ինչ թողնել բուհերին և արևմտաեվրոպական երկրների օրինակով ընդունելությունից հետո նոր միայն որոշել՝ որ բուհի որ մասնագիտությամբ ինչ ֆինանսավորում է նախատեսված պետության կողմից՝ ըստ նրա առաջնահերթությունների»։