Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն օրերս հետաքրքրվում էր, թե ի՞նչ է լինում, երբ պետությունը չի սպասարկում իր արտաքին պարտքը․ «Որ պետական պարտքը չեն տալիս, ապա ի՞նչ է լինում, կարո՞ղ է՝ էդ բանկերը զորք են հավաքում, գալիս են»։
Այս հարցի պարզաբանման համար
Oragir.News-ը զրուցել է իրավաբան, «Ազգային Հեղափոխություն» կուսակցության խորհրդի անդամ Աշոտ Տերտերյանի հետ։
- Պարոն Տերտերյան, արտաքին պարտքի ավելացումը որևէ վտանգ պարունակո՞ւմ է երկրի համար։- Արտաքին պարտքը տարբեր պետությունների համար տարբեր վտանգներ կարող է պարունակել։
Արևմտյան պետությունները շատ ավելի մեծ արտաքին պարտք ունեն, քան զարգացող երկրները, այդ թվում՝ Հայաստանը։
Սակայն արևմտյան պետությունները հանդիսանում են խոշոր ֆինանսական կենտրոններ, ունեն միջազգային վստահելիություն, և իրենց արտաքին պարտքը սովորաբար սեփական արժույթով է, ինչը նվազեցնում է ռիսկերը։
Պետք է նաև նշել, որ արտաքին պարտքի բացարձակ չափը քիչ բանի մասին է խոսում։
Առավել կարևոր է դիտարկել այդ պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը։ Օրինակ՝ Հայաստանն այսօր կարող է ունենալ 5 մլրդ դոլար արտաքին պարտք և ապահով լինել, իսկ 1990-ականներին 5 մլրդ դոլարի արտաքին պարտքը կործանարար կլիներ երկրի համար։
Պատճառն այն է, որ Հայաստանի տնտեսությունը մեծացել է, հետևաբար պետությունը բացարձակ թվով ավելի շատ պարտք կարող վերցնել։
Անհրաժեշտ է նշել, որ արտաքին պարտքը պետության տնտեսության զարգացման համար անփոխարինելի նշանակություն ունի։ Առանց արտաքին պարտքի կարողանում են զարգանալ միայն նավթագազային մեծ ռեսուրսներ ունեցող պետությունները։
Խնդիրը արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցության չափավոր մակարդակ պահելն է, որը սովորաբար 50-60 տոկոսն է։
- Իսկ ի՞նչ կլինի, եթե ՀՀ-ն չկարողանա սպասարկել իր արտաքին պարտքը։- Վերջին տասնամյակներում մի շարք երկրներ, չկարողանալով սպասարկել արտաքին պարտքը, հայտնվել են դեֆոլտի մեջ։ Օրինակ՝ Արգենտինան, Հունաստանը, Շրի Լանկան։ Արգենտինան ընդհանրապես պարբերաբար դեֆոլտի մեջ է հայտնվում, և դրա հետևանքով ունի լուրջ տնտեսական խնդիրներ։
Երբ պետությունը չի կարողանում սպասարկել արտաքին պարտքը, կորցնում է միջազգային ֆինանսական վարկը, որի հետևանքով նրան այլևս պարտք չեն տալիս։ Նույն Արգենտինայի օրինակը 2000-ական թվականներին, երբ երկիրը չէր կարողանում պարտք վերցնել՝ ներդրումներ կատարելու համար տնտեսության մեջ։
Բացի միջազգային ֆինանսական վարկի կորստից, արժեզրկվում է նաև ազգային արժույթը, քանի որ բոլորը ցանկանում են փոխել ազգային արժույթը ավելի վստահելի արժույթով։ Դրա հետևանքով հսկայական գնաճ է տեղի ունենում երկրում՝ աղքատացնելով բնակչությանը։ Այս ամենը իր հետևից բերում է խորը տնտեսական ճգնաժամ և քաղաքական ցնցումներ։
Հունաստանը, օրինակ, կարողացավ փրկվել միայն ԵՄ աջակցության շնորհիվ։ Սակայն միևնույնն է՝ Հունաստանը դեռ չի վերականգնվել մոտ 15 տարի առաջ տեղի ունեցած դեֆոլտի հետևանքներից։
- Ինչ-որ տնտեսական քաղաքականության սկզբունքներ կա՞ն, որոնց ՀՀ-ն պետք է հետևի՝ խուսափելու համար նման հետևանքներից։- Հայաստանը պետք է արտաքին պարտք-ՀՆԱ մակարդակը պահի ոչ ավելի, քան 40 տոկոսը, որ ճգնաժամային իրավիճակներում հնարավորություն ունենա ֆինանսական միջոցներ ներգրավելու։ Մյուսը՝ Հայաստանը պետք է սոցիալական ծախսերի հարաբերակցությունը ՀՆԱ-ում չավելացնի, քանի որ պետության վրա ամենամեծ ֆինանսական բեռը սոցիալական ծախսերն են։ Եվ հենց սոցիալական ծախսեր անելու և միևնույն ժամանակ կապիտալ ծախսերը չկրճատելու խնդիրն է մղում ավելի շատ արտաքին պարտք վերցնելու։
Եվ երրորդը՝ տնտեսական ավելի մեծ աճի ձգտելն է, որ ավելի շատ ծախսեր կատարվեն ներքին միջոցների հաշվին։
Ամեն դեպքում, արտաքին պարտքը չի կարելի ներկայացնել որպես չարիք, սակայն միևնույն ժամանակ պետք է պահել դրա անվտանգ հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ։
Հիշեցնենք, որ ներկայումս ՀՀ պետական պարտքը կազմում է 13,8 մլրդ դոլար (ներքին պարտք + արտաքին պարտք), ՀՆԱ-ի շուրջ 51 տոկոսը, ինչը համարվում է կառավարելի ցուցանիշ, որն ավելի է, քան Աշոտ Տերտերյանի նշած սահմանային 40 տոկոս ցուցանիշը։