Մամուլն այսօր գրեց, թե իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, որ պաշտոնավարման 1 տարին լրանալուն պես Փաշինյանն ավագանու միջոցով կազմակերպելու է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին անվստահություն հայտնելու գործընթաց և քաղաքապետ կարգելու առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին, ով, ի տարբերություն Ավինյանի, կառավարվում է իր կողմից։
Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններն Ավինյանին անվստահություն հայտնելու հարցը դեռ ամիսներ առաջ էին բարձրացրել, սպասում էին, նրա պաշտոնավարման 1 տարին լրանա, որպեսզի գործընթացը սկսեն։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ այսօր զրուցել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի հետ, հետաքրքրվեցինք՝ արդյոք օրակարգում Ավինյանին անվստահություն հայտնելու հարց կա՞, արդյոք մյուս խմբակցությունների հետ քննարկումներ կա՞ն։
«Ճիշտն ասած՝ մենք տեղյակ չենք, թե ինչ է կատարվում իշխող խմբակցության ներսում։ Բայց մենք մեր տեսակետն այդ հարցով արտահայտել ենք։ Դժգոհ ենք քաղաքապետի աշխատանքից։ Անգամ նիստերից մեկի ընթացքում, երբ Արմեն Փամբուխչյանն էր նախագահում, նման առաջարկ եմ արել, որ եթե Փամբուխչյանի թեկնածությունն առաջարկեք քաղաքապետի պաշտոնում, եկեք քննարկենք։ Դրան դրական արձագանք չենք ստացել, բայց ինձ համար հստակ է, որ ինքը շատ ավելի հմուտ և նաև ավագանու անդամների հետ համագործակցող քաղաքապետ կարող է լինել, քան Տիգրան Ավինյանն է։
Տիգրան Ավինյանն, իմ կարծիքով՝ չունի ավագանու անդամների մեծամասնության վստահությունը և հարգանքը։ Իր պահվածքով ինքը իրեն որակազրկել է, հեղինակազրկել է։
Նախ իր պահվածքը ավագանու նիստերի դահլիճում, ավագանու անդամների նկատմամբ... Որևէ քաղաքապետ իրավունք չունի ավագանու անդամներին վիրավորել, անպատվել, հաչացող շուն անվանել, ճանճ անվանել։
Բացի դրանից ավագանու ընդդիմադիր անդամների հեռացումը, որը վստահաբար իր նախաձեռնությունն էր։
Եթե խոսենք քաղաքի կառավարման մասին, ապա բացի անիմաստ թանկացումներից, ոչ մի ժառանգություն այդ մարդը քաղաքին չի թողնելու, էլ չեմ ասում կոռուպցիոն բոլոր ռիսկերը, որոնք կան թե՛ կանաչապատման ոլորտում, թե՛ գնումների ոլորտում։ Վերջինն ամենախայտառակ վիճակում է։ Էլ չեմ ասում տրանսպորտի բարեփոխումը, որը սեպտեմբերի 1-ից պետք է ուժի մեջ մտներ, բայց չի մտնելու, նոյեմբերի 1-ից էլ չի մտնելու, հունվարի 1-ին էլ չգիտենք՝ կմտնի, թե ոչ»,- ասաց Գրիգոր Երիցյանը։
Ավագանու անդամի խոսքով՝ Ավինյանի գործունեությամբ երջանիկ չեն նաև հենց ՔՊ-ում․
«Ինքն իրենց այն 9 տոկոսը, որը հավաքել էին, մսխեց, որովհետև այսօր հանրությունը նույնպես դժգոհ է։ Կայանատեղիների թանկացում, տրանսպորտի թանկացում, հարկերի թանկացում, տնտեսվարողների համար թանկացումներ, այդ ամենը նաև սոցիալական բողոք է բերում։ Հիշենք նաև ծառերի զանգվածային սպանդը, որը ինքը կազմակերպեց, հետո իբր թե՝ դադարեցրեց։ Ամանորյա միլիոնավոր ծախսերը, իր աշխատասենյակի վերանորոգման միլիոնները և նման այլ փոշիացումներ է արել։ Բացի այդ՝ իրենց վարած ընտրարշավը և այդ թնացքում խախտումները, որոնք շատ մեծ բացասական հետք են թողել հենց իրենց կուսակցության ու ՀՀ հեղինակության վրա։
Հենց Երևանի ավագանու ընտրություններից հետո Freedom House-ի հրապարակած ժողովրդավարության գործակիցը ցույց տվեց, որ Հայաստանը նահանջել է։ Զեկույցում 8 անգամ նշել են Ավինյանի անունը՝ շահերի բախման տեսանկյունից, ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործման և այլն...»։
Գրիգոր Երիցյանի խոսքով՝ Տիգրան Ավինյանի պաշտոնավարման 1 տարին լրանալուն պես նրան անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ բանակցություններ են սկսելու մյուս խմբակցությունների հետ։
«Ավագանու անդամների 33 ձայն է պետք, որպեսզի նման նախաձեռնությունը կյանքի կոչվի։ Մենք, որպես ընդդիմադիր խմբակցություններ, ունենք այդ թիվը։ Միևնույն ժամանակ ընդդիմադիր ուժերից մեկը՝ «Հանրային ձայնը», բռնել է իշխանության ձեռքը և աջակցում է նրան, բայց չի բացառվում, որ իրենք համաձայնեն աջակցել անվստահության գործընթացին։
Իշխող դաշինքը (ՔՊ, Հանրապետություն) 32 ձայն ունի, և իրենք 32 ձայնով անգամ չեն կարող Ավինյանին անվստահություն հայտնել, ընդդիմությունից պետք է լինելու 1 ձայն»,- ասաց Երիցյանը։
Ճշտող հարցին՝ եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնի Տիգրան Ավինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, «Ազգային առաջընթացը» մասնակցելո՞ւ է դրան, ավագանու ընդդիմադիր անդամն ասաց, որ այս պահին այդ հարցի պատասխանը չունեն, քանի որ պետք է նախ խմբակցության ներսում քննարկեն, բացի այդ՝ պետք է թեկնածուի անունը իմանան։
Ընդդիմադիրները ևս կարող են քաղաքապետի իրենց թեկնածուին առաջադրել քաղաքապետի պաշտոնում։ Երիցյանի խոսքով՝ իրենց թեկնածուն պետք է լիներ իրենց առաջնորդը՝ Հայկ Մարությանը, սակայն, իշխանությունը դա շատ լավ հասկանալով, հնարավորինս արագ նրանից ազատվեցին։
«Մենք ավելի կողմ կլինենք, որ արտահերթ ընտրություններ լինեն, ոչ թե անվստահության հարց բարձրանա։ Ինձ համար պարզ է, որ իրենք այդ քայլին չեն գանլու, այլ վերադասավորումներ կանեն թիմի ներսում։ Հայկ Մարությանի դեպքում նույն սցենարը աշխատեց։ Իսկ այդ սցենարի հետևում Ավինյանն էր կանգնած, դա բոլորին ակնհայտ է։ Բայց այսօր այդ սցենարով չի բացառվում, որ Ավինյանից էլ կարող են ազատվել»,- եզրափակեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։
Հիշեցնենք, ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը 2021 թվականին ստորագրահավաք էր իրականացրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով: Այդ նախաձեռնությանը կողմ էր արտահայտվել ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը:
Բացի այդ, «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի անդամներ դեմ էին արտահայտվել այդ նախաձեռնությանը և վայր դրել մանդատները:
Երևանի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 22-ի նիստում տեղի ունեցավ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու և Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ ընտրելու քվեարկությունը:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել էր ավագանու 57 անդամ: Քվեարկության արդյունքում Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ ընտրելու կողմ էր քվեարկել ավագանու 44 նդամ, դեմ՝ 10-ը: Անվավեր էր համարվել 3 քվեաթերթիկ: