copy image url
Մշակույթ 2 օր առաջ - 20:00 01-07-2024

Հայ եմ, կը խոսիմ բարձրաձայն ու բեղ կը պահեմ․ Վիլյամ Սարոյանի այցելությունը հայրենի Բիթլիս

«Երբ ես տակավին փոքր էի, հայերը Ամերիկայի մեջ արհամարհանքի ենթակա էին, քանզի բեղ կը պահեին ու բարձրաձայն կը խոսեին: Երբ ես դարձա տասնվեց տարեկան, բեղ ունեցա և սկսեցի խոսել բարձրաձայն: Ես կամեցա ունենալ, շեշտել, ընդգծել ճիշտ այն բաները, որոնցով կջանային նվաստացնել մեզ: Ուզածս էր ըսել՝ ահա ես հայ եմ, գաղթականի տղա, բիթլիսցի եմ և այս տեսակ բեղ կը պահեմ: Մեկ է կը հաճի՞ք, թէ՞ ոչ: Երբ կը պատկանիս ազգի մը, որ կարհամարհվի մեծամասնություն կազմող ազգի մը կողմե, կամ պիտի փախչիս, կամ պատասխանես: Ես ընտրեցի պատասխանելը՝ այսինքն հայ եմ, կը խոսիմ բարձրաձայն ու բեղ կը պահեմ»,– ասել է հայկական բեղերով և բարի սրտով հայը՝ գրող Վիլյամ Սարոյանը։

Ծնված լինելով ԱՄՆ-ի արևային քաղաքներից մեկում՝ Ֆրեզնոյում, Վիլյամ Սարոյանը մշտապես երազել է հեռվում թողած հայրենիքի մասին։ Հայաստան այցելել է 4 անգամ, բայց իր նախնիների ծննդավայրը գերության մեջ էր, որի մասին լսել էր միայն մեծերի ջերմ հիշողությունները։

Սարոյանի մայրը նրան միշտ ասել է, որ մարդիկ Բիթլիսում երեք լեզվով են խոսել․ «Քրդերենը` սրտի, թուրքերենը` երաժշտության, հայերենը ցավի ու վշտի լեզու է»։

Բիթլիս այցելելը Սարոյանի երազանքն էր․․․ Եվ նա դա իրականացրեց։



«Ես 56 տարեկան էի, երբ ուղևորվեցի Բիթլիս։ Ստամբուլում թուրք լրագրողներն ինձ հարցրին՝ ինչ եմ ուզում տեսնել, ուր եմ ցանկանում գնալ։ Ասացի՝ Բիթլիս։ Ասացին՝ դժվար է, բայց տեսնենք, գուցեև հաջողվի։ Հաջողվեց։ Ավտոմեքենայով ուղևորվեցինք Ադաբազար, այնտեղից՝ Սամսուն, Տրապիզոն և, ի վերջո, հասանք Վանա լճի մոտ։ Այնտեղ ես առաջին անգամ կռունկ տեսա։ Գեղեցիկ թռչուն է… Երբ մոտեցանք Բիթլիսին, ես ամբողջովին քրտնեցի։ Ուղեկիցներիս հարցրեցի՝ իրենք չե՞ն շոգում։ Ասացին՝ ոչ։ «Ինչո՞ւ»,- զարմացա,- «ես հո լրիվ քրտնել եմ»։ «Մենք Բիթլիսից չենք»,- ժպտացին նրանք,- «մենք այլ վայրերից ենք»։

Ցավոք, Սարոյանը համոզվում է, որ Բիթլիսում մարդիկ արդեն խոսում են միայն քրդերեն ու թուրքերեն։ Բիթլիսը նա միշտ պատկերացրել է որպես մի երկիր, որտեղ «երեք ազգ համատեղ են ապրում», մինչդեռ այստեղ գալով՝ Սարոյանը հայերեն խոսող գեթ մի մարդու չի հանդիպում․․․



Հուզմունքով պատմում էր․ «Քաղաքն ավերակ էր, միայն բերդն էր կանգուն։ Քուրդ մը կար՝ 80 անց, հորս հիշեց։ Ան էր, որ ինձի մեր տան տեղ ցուցուց։ Տունն ավերակ էր, բայց օջախ կար․․․ Հետո մարդիկ կային՝ թուրքեր, քրդեր, ասի՝ դուք գացեք, կուզեմ մենակ մնալ․․․»։

Մենակ մնաց ու գրեց․ «Սերն անմահ է, ատելությունը մեռնում է ամեն վայրկյան»։ Գրեց իր ընթերցողների հոգում ամեն վայրկյան ատելությունը սպանելու և սերն ապրեցնելու համար։