Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 19-06-2024

Ֆալստարտ. ԵՄ անդամակցության հանրաքվեին ՔՊ-ն պատրա՞ստ է  

Օրեր առաջ տեղի է ունեցել անսպասելի իրադարձություն։ Ժողովրդավարության ջատագով որոշ կուսակցություններ, հանրային գործիչներ և քաղաքագետներ որոշել են կոչ անել իշխանություններին ԵՄ անդամակցելու հարցով հանրաքվե կազմակերպել։ Այս թեմայով համաժողով է հրավիրվել հունիսի 20-ին, իսկ հունիսի 21-ին՝ հանրային լսումներ Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Ի՞նչ կամ ո՞վ է ստիպել իշխանություններին այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալ։ Արդյո՞ք սա ֆալստարտ չէ։

Առաջին հայացքից՝ տպավորություն է, թե ԵՄ-ն է շտապեցնում ՀՀ իշխանություններին այս ուղղությամբ քայլեր անելու։ ՀՀ իշխանություններն էլ դիմում են ժողովրդավար ուժերին, խնդրելով հանդես գալ նախաձեռնությամբ։ Երկրորդ վարկածով՝ սա ֆալստարտ է, քանի որ եթե իշխանությունները ԵՄ-ին անդամակցելու ձգտում ունենային, ապա ինքնուրույն կիրականացնեին անկախության և ժողովրդավարության բարեփոխումներ, կստեղծեին իրական հանրային տրամադրություն ու հիմքեր ԵՄ անդամակցելու համար։

Առաջին վարկածի օգտին է խոսում այն, որ վերջին շրջանում ԵՄ քաղաքացիական դիտորդներն օպերատիվ չեն արձագանքում հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերին, հանդես չեն գալիս դատապարտող հայտարարություններով։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է ակնարկել հրադադարի ռեժիմը վերահսկելու նպատակով հայ-ադրբեջանական նոր մեխանիզմ ստեղծելու մասին։ Այսպես՝ եվրոպացիները ցույց են տալիս, որ մտադիր չեն հավերժ և անհատույց պաշտպանել հայ-ադրբեջանական սահմանը և ՀՀ իշխանություններից համարժեք քայլեր են ակնկալում։ Այսինքն՝ ԵՄ-ն փոխել է իր սիրալիր ու բարյացկամ վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

Դրանից զատ՝ այս որոշումն ընդունվել է ԱԽ քարտուղարի Շվեյցարիա այցից հետո, որտեղ նա հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, սակայն չի ստորագրել գագաթաժողովի ամփոփագիրը։ Ենթադրաբար՝ Արևմուտքի գործընկերները Արմեն Գրիգորյանին հավաստիացրել են, որ վախենալու պատճառ չկա։ Եթե ՀՀ-ն Եվրաինտեգրացիայի ուղղությամբ քայլեր անի, ապա Մոսկվան դրան չի հակազդելու, պայմանով, որ ամեն ինչ պիտի կատարվի սահմանադրության տառին համապատասխան։

Իսկ ՀՀ սահմանադրության 205 հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Այս հոդվածը չկար 1995-ի և 2005-ի սահմանադրություններում։ Ներմուծվել է 2015-ին, երբ ՀՀ-ն արդեն ԵԱՏՄ անդամ էր։ Հոդվածը, հավանաբար՝ ներմուծվել է որպես հավելյալ պատնեշ ՀՀ-ի՝ ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին կամ ռուսական դոմինանտությամբ նոր կառույցներին անդամակցելու հարցում։

Այս է պատճառը, որ Հայաստանի՝ Եվրոպական Միությանը միանալու հարցով հանրաքվե նախաձեռնելու վերաբերյալ համաժողով և լսումներ են կազմակերպվում։ Սակայն կասկած կա, որ սա ֆալստարտ է, քանի որ հանրության մեծ մասը պատրաստ չէ այդ հանրաքվեին։ Չկա հանրային կարծիքի ուսումնասիրության պատկեր այս թեմայով։ Իսկ ՀՀ-ն էլ վերջին տարում նահանջ է գրանցել ժողովրդավարությունից, ինչն արձանագրվել է նաև միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից։

Եվ այս պայմաններում պատկերացնենք՝ ՀՀ-ն դիմում է ներկայացնում ԵՄ անդամակցելու մասին։ ԵՄ-ն, բնականաբար՝ ՀՀ-ի առջև դնելու է պայմաններ՝ ռուսական զորքերի դուրս հրավիրման, լյուստրացիայի, դեսովետիզացիայի, ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ։ ԵՄ-ն նաև կարող է պահանջել՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, պատժել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառողներին, վերացնել ատելության խոսքը քաղաքական բառապաշարում, երկխոսություն սկսել ընդդիմության և փողոցային ցուցարարների, մասնավորապես՝ Բագրատ Սրբազանի հետ, ներքին խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ գործնական քայլեր անել։ Ի վերջո՝ եթե հանրաքվեով «Այո»-ն հաղթի, ապա առաջ է գալու ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն, որի թեկնածուները պետք է հարգեն ժողովրդի ընտրությունն ու իրենց ծրագրերում առաջնային տեղ հատկացնեն եվրաինտեգրացիային։ Իսկ այս պարագայում ՔՊ-ն կարող է պարտվել, որովհետև հայ ժողովրդի գլխին բազում աղետներ է բերել ռուսամետ քաղաքականություն վարելու պատճառով։

Այս փորձությունները հաշվի առնելով, կարող ենք ասել, որ ՔՊ-ական իշխանությունն այսօր պատրաստ չէ։ Պատրաստ չէ նաև հանրության և քաղաքական համայնքի մի մասը։ ՔՊ-ն այդքան խիզախություն չունի, որ խախտի 2018-ին ռուսներին տված խոստումները արտաքին քաղաքականությունը չփոխելու մասին և վերանայի հայ-ռուսական պայամանգրերը։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ ՔՊ-ն այս փորձությունները շրջանցելու նպատակով առաջիկայում թաքուն կհովանավորի նոր ռուսամետ ուժերի, որոնք կստեղծեն կեղծ պատկեր, թե հայ ժողովրդի մի մասը դեմ է ԵՄ անդամակցությանը։

Պարզ ասած՝ առաջիկա օրերին լուրջ քննություն է սպասվում Նիկոլ Փաշինյանի համար։ Նա կա՛մ կզրկվի եվրոպական հովանավորությունից և կարժանանա կոշտ քննադատությունների, կա՛մ բեկումնային քայլեր կանի ապացուցելու, որ անկախության և ժողովրդավարության ջատագով է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան