Ներքին 2 տարի առաջ - 12:20 07-06-2024

Հայաստանում այլևս չի թույլատրվի ամուսնանալ մինչև 18 տարեկանը․ նախագիծ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների։

Պատգամավորը Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը ներկայացրեց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

«Գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքային շեմը 18 տարեկանն է, բայց կան բացառություններ, երբ 16 և 17 տարեկաններում անձը կարող է ամուսնանալ, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:

Մեր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների։ Ըստ այդմ՝ առաջարկում եմ հանել այն բոլոր կարգավորումները, որոնք վերաբերվում են վաղ ամուսնություններին և անչափահաս ամուսիններին»,- ասաց պատգամավորը։

Բաքոյանի խոսքով՝ ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել լրջագույն խնդիրներ, և ամուսնության տարիքային շեմը պետք է փոխվի։

«Եթե ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանենք 18 տարեկանը՝ առանց բացառությունների, և օրենքին խիստ հետևենք, ապա վաղ ամուսնությունները բացառվելու են և դրանից բխող բոլոր բացասական հետևանքները կարող են նվազել, առավելագույն դեպքում մենք դրանք կարող ենք բացառել»,-եզրափակեց Բաքոյանը։

Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան