copy image url
Միտք Ներքին 3 շաբաթ առաջ - 23:30 23-05-2024

Ով է սպանում Պապ թագավորին ու նրա երազանքը

Քաղաքական սկսնակ գործիչներին խորհուրդ է տրվում ընտրել ներկայի կամ անցյալի քաղաքական գործիչ, ոգևորվել նրա գործերով, խոսքերով։ Այսպես հետաքրքրություն է սերմանվում քաղաքական գործն ընտրողի մեջ։ Սկսնակն իրեն ասոցիացնում է իր իդեալի հետ, իրեն երևակայորեն պատկերացնում թագավոր, նախագահ, գեներալ, կայսր և այլն։

«Պապ թագավորը այլևս չի սպանվելու։ Եվ ես որպես ՀՀ վարչապետ երաշխավորում եմ սա, որ Պապ թագավորը չի սպանվելու, Հայաստանի պետությունը չի սպանվելու, ինչ վեղար էլ ուզում են հագնեն, քանի կիլոանոց ու ինչ մետաղից խաչ ուզում են դոշներից կախեն։ Պապ թագավորը չի սպանվելու։ Էսօրվա Հայաստանի Հանրապետությունը իրագործումն է Պապ թագավորի երազանքի։ Եվ էդ երազանքն իրագործվել է։ Եվ էդ երազանքը այլևս որևէ մեկը չի կարող սպանել։ Սա է մեր քաղաքական դիրքորոշումը։ Եվ սա է մեր քաղաքական առաքելությունը»,- մայիսի 22-ին ԱԺ-ում, ՔՊ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ինչու՞ է Փաշինյանն իրեն ասոցիացնում Պապ թագավորի մասին։ Եվ ո՞վ է իրականում սպանում Պապ թագավորին ու նրա քաղաքական երազանքը։

Պապը Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմի օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացավ հաղթանակ տանել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։ Այս մասին վկայում է Փավստոս Բուզանդը իր պատմության հինգերորդ դպրության մեջ, նկարագրելով Պապի թագավորության շրջանը։ Պապի մահվան դրվագը ևս մանրամասն և գեղարվեստորեն նկարագրված է Բուզանդի պատմության մեջ։ Հռոմեական ազնվական զորահրամանատարներ Տերենտ ու Ադեն «փառավոր հացկերույթ սարքեցին և Հայոց մեծ թագավոր Պապին ընթրիքի հրավիրեցին մեծ պատվով՝ համաձայն նրա արժանավորության»։ Ընթրիքի ժամանակ «երկու սակրավոր զինվորներ, որ ետևից կանգնած էին սպասավորության ոսկեպորտ վահաններով, հանկարծորեն միասին սակրերը բարձրացնելով զարկում են Պապ թագավորին, մեկը ուղիղ վիզն է կտրում, մյուս սակրավորը զարկում է աջ ձեռքի թաթին, որ դրված էր նրանի կոթի վրա, կտրում և դեն է նետում։ Պապ թագավորը տեղնուտեղը ընկնում է բերանքսիվայր, թասով գինին, պարանոցից հոսող արյունը և նրա մարմինը միասին ընկնում են սեղանի վրա։ Պապ թագավորն անմիջապես մեռնում է»։ Նկատենք, որ ըստ պատմիչի՝ Տերենտն ու Ադեն Հռոմի կայսեր հանձնարարությամբ Պապին ուղեկցել են նրա պաշտոնավարման ամենասկզբից, աջակցել նրան գահին հաստատվելու, Հայքը պարսիկներից ազատագրելու գործում։

Ենթադրելի է, որ Փաշինյանը Պապի մասին գիտի ոչ թե Բուզանդի պատմությունից, այլ դպրոցական տարիներին կարդացած Ստեփան Զորյանի «Պապ թագավոր» պատմավեպից, որը լույս է տեսել 1944-ին, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, որից առաջ սովետա-ֆաշիստական ուխտը ծրագրում էր գրավել աշխարհը, մասնավորապես՝ ԽՍՀՄ-ը ծրագրում էր զավթել նաև Պարսկաստանը։ Այս շրջանում ԽՍՀՄ-ում, այդ թվում՝բռնազավթված Հայաստանում ամենաակիտիվ հասարակական կազմակերպությունը «Մարտնչող անաստվածների միությունն» էր, որը կատաղի պայքար էր մղում քրիստոնեության, հավատացյալների, եկեղեցու և հոգևորականության դեմ։ Այսպիսի քաղաքական իրավիճակում է գրվել Զորյանի վեպը, որտեղ որոշ գրականագետների կարծիքով՝ Զորյանը Պապին նմանեցրել է խորհրդահայ ղեկավար գործիչ Աղասի Խանջյանին, որը 1936-ին դաժանաբար սպանվել է ԽՍՀՄ անվտանգության կոմիսար Բերիայի ձեռքով։ Այդ ժամանակ որոշ մտավորականներ Խանջյանի սպանությունը համեմատել են Պապ թագավորի սպանության հետ։

Պապ թագավորն ազատագրել է հայկական բազմաթիվ տարածնքեր, միավորել Հայքի մեջ։ Ի տարբերություն Պապի, Փաշինյանը պատերազմի, բախումների արդյունքում և սահմանազատման անվան տակ հանձնել կամ զիջել է Արցախը, ՀՀ տարածքի որոշ հատվածներ, Տավուշի սահմանամերձ գյուղերը։ Այստեղ որևէ ընդհանրություն չկա։

Պատմիչն ուղիղ ասում է, որ Հռոմի հետ ուխտը խզելն է եղել Պապ թագավորի սպանության քաղաքական պատճառը։ Պապը փորձում էր ազատվել Հռոմեական կայսրության ճնշումներից և ամբողջովին անկախ լինել իր արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում։ Նա փորձում էր Մեծ Հայքից հեռացնել Տերենտի ղեկավարությամբ գործող հռոմեական կայազորը, քանի որ վերջինս շատ էր խառնվում Պապի պետական գործերին։

Ի՞նչ ուխտ է խզել Նիկոլ Փաշինյանը, որի հետևանքով Պապ թագավորը կարող է սպանվել։ Փաշինյանն իշխանության է եկել ռուսների միջորդությամբ և աջակցությամբ, խոսատանալով չխզել հայ-ռուսական որևէ պայմանագիր։ Եվ մինչ օրս չի խախտել ուխտը։ Նախընթաց տարիներին ՔՊ իշխանությունը ներքին և արտաքին անկախ քաղաքականություն վարելու փորձ չի արել։ Նույնիսկ 2024-ի մայիսի 9-ին, երբ Մոսկվայում Պուտինը Փաշինյանին հարցրել է՝ ուզու՞մ եք ռուսական զորքերը լրիվ դուրս գան ՀՀ տարածքից, հայկական կողմն ասել է՝ ոչ, պատճառաբանելով, որ մտադիր չեն խզել ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին հայ-ռուսական 1995-ի մարտի 16-ի ապօրինի պայմանագիրը, որի տեքստն, ի դեպ՝ ՀՀ պաշտոնական աղբյուրներում հրապարակված չէ։ Ենթադրվում է, որ Փաշինյանն այս օրինակով ակնարկում է, թե ռուսները կարող են իրեն սպանել ուխտը խզելու դեպքում։ Եվ անուղղակի խոստանում է, որ չի խզելու ուխտն ի շահ Հայաստանի Հանրապետության։ Այսինքն՝ շարունակելու է գործել ազգային շահերի դեմ։

Կա նաև լավատեսական վարկած, ըստ որի Փաշինյանը ակնարկում է, թե Մոսկվան պատրաստ է ինքնակամ հեռանալ Հայաստանից, ճանաչել ՀՀ ազգային իրավունքները։ Հետևաբար՝ եթե Փաշինյանը խզի ռուսների հետ կապած ուխտը, ապա Մոսկվան չի սպանելու Պապ թագավորին։ Եթե իրոք այդպես է, ապա Փաշինյանը Պապ թագավորի մասին պաթետիկ խոսքով նմանվում է Դերենիկ Դեմիրճյանի Քաջ Նազարին, որի բախտն իրենից առաջ էր ընկել։

Տեսակետ կա, թե Պապի կերպարի մեջ Նիկոլ Փաշինյանին գրավում է ոչ թե անկախության գաղափարն, այլ եկեղեցուն և հոգևորականներին սպանելու, հալածելու դրվագները, որոնց մասին ևս նկարագրություն կա Բուզանդի պատմության մեջ։ Այս դրվագները հավելյալ գեղարվեստորեն պատկերվել են նաև Զորյանի պատմավեպում։ Կրկնենք, որ Զորյանի պատմավեպը հատկապես ոգևորել է «Մարտնչող անաստվածների միության» անդամներին, որոնք զբաղված էին եկեղեցիներ քանդելով, հոգևորականներին ծաղրելով, հալածելով, եկեղեցու և քրիստոնեության դեմ քարոզչությամբ։ Այս լույսի ներքո կարելի է ենթադրել, որ ամեն անգամ Պապին հիշելիս, Փաշինյանն ակնարկում է, որ երազում է սահմանափակել եկեղեցու իրավունքները, ճնշել, հեղինակազրկել հոգևորականներին, որոնց մի մասն անառարկելի հեղինակություն է վայելում հավատացյալ ժողովրդի շրջանում։

Ուշագրավ է Պապի երազանքի ու այդ երազանքը սպանելու մասին Փաշինյանի ընդգծումը։ Եթե նկատի ունենանք ՀՀ անկախությունը, ապա Պապն, ինչպես նաև Հայքի բազմաթիվ թագավորներ անկախության ջատագովներ են եղել։ Ոչ միայն երազել են, այլև կոնկրետ քայլեր են արել, պատերազմներ մղել ու իրավունք նվաճել, ամրացրել Հայքի անկախությունը, ընդլայնել կենսատարածքը։ Իսկ ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը ՀՀ անկախության համար։ Նրա պաշտոնավարման 6 տարիներին անկախության ամրացման ուղղությամբ քայլ չի արվել։ Միայն խոսք է հնչել անկախության պաշտպանության մասին, բայց արվել են ոչ համարժեք քայլեր։

Անկախության երազանք ունեին 1966-ին ստեղծված Ազգային միացյալ կուսակցության, հետո Ազգային ինքնորոշում միավորման, բազմաթիվ այլ խմբերի, կազմակերպությունների նվիրյալները, որոնք պայքարել են Հայաստանի անկախության համար, դատապարտվել, հալածվել, սպանվել, աքսորվել։ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն անկախության երազանքի ու պայքարի հետ ընդհանրություն չունեն։ Ավելին՝ նույնիսկ հարգալից վերաբերմունք չեն ցուցաբերում անկախության գաղափարի, անկախության պայքարի նվիրյալների նկատմամբ։

Հակառակը՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա կուսակցիները արել են քայլեր, որոնց արդյունքում ՀՀ անկախությունն էապես թուլացել է։ Նախընթաց տարիներին նրա վարած հակաանկախական քաղաքականության արդյունքում ՀՀ-ն կորցրել է Արցախի նկատմամբ վերահսկողությունը։ 44-օրյա պատերազմի ժամանակ երբ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան փորձել են օգնել Հայաստանին, Փաշինյանն է պնդել, որ Արցախ մտնեն ռուսական զորքերը։ Նույնիսկ ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիային ռուսական փաստացի աջակցությունից հետո ՀՀ-ն ռուսական ազդեցությունից ազատվելու փորձ չի արել։

Կարճ ասած՝ չկա մի նախաձեռնություն, որը կվկայեր Փաշինյանի և նրա թիմի՝ անկախությանը նվիրվածության մասին։ Հետևաբար՝ կարելի է ասել, որ Փաշինյանն ու իր թիմն են սպանում Պապի երազանքն անկախության մասին։

Առջևում մայիսի 28-ն է, որի խորհուրդն ուղիղ առնչություն ունի անկախության, Հայաստանի Հանրապետության հետ։ Եթե Փաշինյանն ունի անկախության երազանք, ապա մայիսի 28-ը մեծ տոն կսարքի քաղաքացիների համար։ Այսինքն՝ մի քանի օրից բոլորի համար պարզ կլինի, թե ով ունի անկախության երազանք և ով է սպանում Պապ թագավորին ու նրա երազանքը։

Հիշեցնենք նաև, որ մի քանի շաբաթ անց՝ հունիսի 14-ին, Բռնադատվածների հիշատակի օրն է, որն ամրագրված է ազգային տոների և հիշատակի օրերի ցանկում։ Հարյուր հազարավոր հայեր են սպանվել, հալածվել, աքսորվել խորհրդային բռնազավթման տարիներին։ Դրանց մի մասը հալածվել են անկախության երազանք կամ Պապ թագավորի երազանք ունենալու համար։ Բռնադատվածների հիշատակի օրը հարգանքի տուրք են մատուցում սակավաթիվ մարդիկ։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ոչ մի տարի մի ծաղիկ անգամ չեն խոնարհել, մի խոսք չեն ասել նրանց հիշատակին, ակամա կամ միտումնավոր ցույց տալով, որ չեն դատապարտում խորհրդային բռնաճնշումները Պապ թագավորի երազանք ունեցողների նկատմամբ։ Հետևաբար, կարելի է ասել, որ Փաշինյանն իր այս անգործությամբ ու արհամարհանքով սպանում է Պապ թագավորի երազանքն էլ, թագավորին էլ։

Պարզ ասած՝ քանի դեռ Փաշինյանը անկախության ամրացման ուղղությամբ իրական նախաձեռնություններով հանդես չի եկել, հանրությունն իրավունք ունի կասկած հայտնել, որ ՔՊ-ն ու նրա ղեկավարը մտադիր են սպանել Պապ թագավորին ու նրա երազանքը։ Իսկ եթե Փաշինյանը շատ է ուզում սահմանափակել Հայ առաքելական սուրբ եկեղեցու իրավունքներն ու ազդեցությունը, ապա կարող է հրաժարական տալ, հետո ընտրվել ՀՀ նախագահ, իրեն հռչակել եկեղեցու գլուխ և փոփոխել եկեղեցու դավանաբանությունն ու անունը, ինչպես 16-րդ դարում արեց Անգլիայի Եղիսաբեթ Առաջինը՝ հիմնելով Անգլիական եկեղեցին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:52 Նորագավիթում սպանված 26-ամյա Մհերին վերջին հրաժեշտը տվեցին
22:16 Ուղևորներից վերցրել են  անձնագրերը ու փակել փոքր սենյակում. նոր սկանդալ Քիշնևի օդանավակայանում
20:59 Ազատ են արձակվում Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված քաղաքացիները
17:57 Աննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար»
15:28 Ունենք մեծ կոռուպցիոն հանցախումբ՝ Նիկոլի գլխավորությամբ. Պարույր Հայրիկյան
00:03 Խաղաղության 2-րդ գագաթնաժողովում կարելի է արձանագրել պատերազմի իրական ավարտը. Զելենսկի
16:11 «Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է». Գերասիմ Վարդանյանին ոստիկանությունից հանեցին ձեռնաշղթաներով
18:40 Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնն առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
17:25 Սա միայն քաղաքական հետապնդում է. Սերգեյ Հարությունյանը՝ GG ընկերության գրասենյակը խուզարկելու մասին
17:00 Երևանում կայացավ «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողովը