Ներքին 2 տարի առաջ - 21:30 21-05-2024

Արդարադատության նախարարությունում ընդունել են ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչներին

Արդարադատության նախարարի տեղակալներ Կարեն Կարապետյանը և Լևոն Բալյանն ընդունել են ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են ԱՆ նախարարությունից։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) տնօրեն Ալեքսիս Հաֆտվանին։

Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարության ու ԹՊԻՀ գրասենյակի միջև ձևավորված կայուն համագործակցության շրջանակի համար, որի արդյունքներով գրանցվել են զգալի հաջողություններ հակակոռուպցիոն և քրեակատարողական ծառայության ոլորտներում։ Մասնավորապես, աջակցություն է ցուցաբերվել հակակոռուպցիոն ռազմավարական փաստաթղթերի մշակմանը, քրեակատարողական հիմնարկներում փաստաբան-վստահորդ հաղորդակցությունը տեսազանգի միջոցով կազմակերպմանը, ինչպես նաև նախարարությունից մեկնարկած Պարեկային ծառայության ներդրմանը։

ԹՊԻՀ գրասենյակի գործընկերները նշել են, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության շրջանակի ընդլայնմամբ, որտեղ առանցքային դերակատարում կունենան նաև արդարադատության ոլորտի բարեփոխումները։

Այս լույսի ներքո հայկական կողմը ներկայացրել է դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական ու պրոբացիայի ռազմավարական ոլորտներում վերջին տարիներին գրանցած զգալի առաջընթացը, ինչպես նաև առաջիկայում նախատեսված միջոցառումները: Քննարկվել է նաև վերջիններիս իրականացման շրջանակներում ԹՊԻՀ հնարավոր աջակցությունը։
Նախարարի տեղակալները ողջունել են ԹՊԻՀ գրասենյակի կողմից 2024թ. մեկնարկած Հակակոռուպցիոն բարեփոխումների խթանմանն ուղղված ծրագիրը (''Advancing Comprehensive Anti-Corruption Reforms project'') և ԹՊԻՀ պատրաստակամությունը նախարարության հետ համագործակցության ընդլայնելու ու այս ծրագրի շրջանակներում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման աջակցելու համար:

Հանդիպման շրջանակներում մանրամասն անդրադարձ է կատարվել նաև քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտի բարեփոխումներին, մասնավորապես շեշտվել է քրեակատարողական հիմնարկների անվտանգային կառավարման նոր մոդելի ներդրման անհրաժեշտությունը` անվտանգային կառավարման ստորաբաժանումում պաշտոնի նշանակման համար նախատեսված կարգավորումների ամբողջական վերանայմամբ։ ԹՊԻՀ գրասենյակը այս ոլորտում ևս կդիտարկի նախարարությանն աջակցության տրամադրման հնարավորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու և առավել խորացնելու նախարարության ու ԹՊԻՀ գրասենյակի միջև արդյունավետ համագործակցությունը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի