Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը նախանձելի հաճախությամբ է հեռուստահարցազրույցներ տալիս։ Հարցազրույցի տեսագրված լինելն առանձին ենք նշում, քանի որ պատգամավորը բոլորովին չի կաշկանդվում տեսախցիկի առջև՝ արտահայտելով, մեղմ ասած, իր խնդրահարույց մտքերը։ Մենք էլ փորձում ենք պահել նրա առաջադրած տեմպը և ոչ պակաս անկաշկանդվածությամբ վերլուծել նրա արտահայտած մտքերը։
Ահա և այս
հարցազրույցում Գ․ Մելքոնյանը լիովին իր «ոճի» մեջ է։
Խոսելով Կիրանցի մուտքը ոչ տեղացիների համար փակված լինելուց՝ ասում է․ «Գյուղը պաշտոնապես ժամանակավորապես փակ է, որպեսզի սահմանապահներն ընդունեն էդ սահմանը, կատարվի էդ աշխատանքը»։ Այդ «աշխատանքի» մասին խոսում է սրբազան երկյուղածությամբ կամ ավելի շատ՝ խանդավառությամբ, քանի որ երևի իր քաղաքական ղեկավարն է այդպես դաստիարակել։ Այս վեհ զգացումներից սակայն նա կտրուկ անցում է կատարում արդար ցասման՝ խոսելով Բագրատ Սրբազանի համար ևս Կիրանցն անհասանելի դարձնելու մասին․ «Բագրատն ո՞վ ա, որ իրա համար ճանապարհ բացվի․․․ ինչի՞, հոգևորականը պիտի գնա էդ ճանապարհը բացի՞։ Օրենքը բոլորին է վերաբերում։ Խնդիրներ կան, չպիտի խանգարեն, ամեն թող գործողությունն ավարտվի՝ գնան գյուղ»։
«Եթե ցանկանում ենք էս սահմանազատումը լավ ավարտվի՝ դա կախված է Ադրբեջանից։ Օրինակ, նրանք կարող են էդ 2 տան (նկատի ունի Կիրանցի 2 բնակելի տունը «սահմանազատման» հետևանքով Ադրբեջանին փոխանցելը – հեղ․) հարցը լուծել», ակնարկում է Մելքոնյանը բարեկամ Ադրբեջանի հնարավոր «դաբրոն»՝ չմանրանալու և այդ տները վերադարձնելու մասին։
Լրագրողի դիտարկմանը՝ Ալիևը հայտարարել է, որ իր ուզած ձևով է սահմանազատումն ընթանում, Մելքոնյանը սրտնեղում է․ «Դուք անընդհատ Ալիևին եք մեջբերում։ Իսկ երբ որ մեր երկրի ղեկավարն է խոսում՝ դավաճանություն եք ասում։ Մենք քանի՞ մետր հող ենք տվել Ադրբեջանին։ Քարտեզներով, որոնցով սահմանազատվում ենք, մի միլիմետրի տարբերությամբ է գնում սահմանը»։ Պրոցեսը սկսեց հենց Տավուշից, քանի որ «դա առաջին փուլն է», ասում է պատգամավորը՝ կրկնելով, որ իրենց իշխանությունը Ադրբեջանին հող չի տվել, «չմանրանալով», թե ինչու հենց Տավուշից սկսեց «առաջին փուլը»։ Բայց ընդհանրապես, տրամադրությունը կտրուկ բարձրացած՝ Մելքոնյանը հակադարձում է․ ա՛յ՝ Ալիևը դեմ էր Ալմաթիի հռչակագրին, բայց Փաշինյանի շնորհիվ համաձայնեց, ասել ուզելով, որ Փաշինյանն էլ կարող է «կոտրել», անգամ՝ Ալիևին։
Մելքոնյանը նաև փակագծեր է բացում․ ասում է՝ Տավուշից հետո «սահմանազատման» գործընթացը կտեղափոխվի Գեղարքունիք։ Նրան, առհասարակ, տավուշյան դժգոհությունը որևէ կերպով չի մտահոգում։ «Նախկիններն են, աբիժնիկները։ Սկզբի օրը տասնյակ հազարավոր քաղաքացիներ կային, իսկ հետո ոչ․․․ Եկեղեցում են հավաքվում։ Ամսի 26-ի հանրահավաքին կտեսնե՞նք 200 հազար մարդ։ Որպեսզի իշխանափոխություն լինի, մեզ ինչքան քվե տվել են 2021թ․, դրա գոնե կեսը՝ 300 հազար պիտի հավաքվի, որ Փաշինյանը հրաժարական տա», պարզաբանում է ՔՊ-ականը, որի համոզմամբ՝ մարդիկ միշտ էլ իշխանությունից դժգոհ են եղել, սկսած Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանից։ Մեր ժողովուրդը միշտ դժգոհ է իր ղեկավարներից»։
Ե՞րբ հրաժարական կտա Փաշինյանը՝ այս հարցը ևս Մելքոնյանին չի հուզում։ «Ես Փաշինյանի հրաժարականի համար օբյեկտիվ հիմքեր չեմ տեսնում։ Եթե Փաշինյանը զգա, որ սխալ բաներ է արել՝ հրաժարական կտա», նվիրական համոզմունքով խոսում է պատգամավորը՝ փաստելով, որ Փաշինյանը սխալ բան չի արել, կամ գոնե՝ արածը չի զգացել, ուրեմն՝ սխալը հարկ եղած ուժգնության չի եղել։
Խոսելով Արցախի կորստի մասին՝ ասում է․ «Արցախն իր ղեկավարությունն է կորցրել։ Հեղափոխություն արեցին, 10 օր հետո գնացին Արցախը հանձնեցին, ժողովրդին վերցրին, տեղափոխվեցին Հայաստան։ Իրենք են երկիրը լուծարել, հիմա էլ էստե՞ղ իշխանություն են ուզում փոխել»։
Արցախի հարցն էլ այսպես փակելով, Մելքոնյանն անցնում է ամփոփիչ միկրո-ճառին։ «Մենք թույլ չենք տա պատերազմ լինի, մեր ժողովրդին պետք չի պատերազմ։ Երբ պատերազմ է լինում, իրենց (նկատի է առնում «նախկիններին» - հեղ․) զավակներն արտասահման են գնում, փախչում են։ Հիմա մենք 4 գյուղի համար պատերա՞զմ տանք։ Մենք գնում ենք խաղաղության․ բոլորը դա են տեսնում։ Մեր հույսը դնում ենք մեր վրա, ուզում ենք լինել միասնական, ուրիշի ճորտը չլինել»։
Վերջում անդրադառնալով Բագրատ Սրբազանի հայտարարությանը, որ վարչապետի ամենահավանական թեկնածուներից է, Գագիկ Մելքոնյանը զարմանալիորեն հավասարակշռված և մեղմորեն առարկում է, ասելով, որ նախընտրում է չմասնակցել Սրբազանի գլխավորած շարժմանը։ Բայց այնուամենայնիվ, թվում է, թե եթե լրագրողը պարոն Մելքոնյանին խնդրեր մի քիչ էլ խոսել վարչապետի թեկնածու լինելու հնարավորության մասին, նա, գուցե, այդ դեպքում չէր առարկի և կծավալվեր։
Տիգրան Աթանեսյան