Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած ապաքաղաքական և վերկուսակցական շարժումը թևակոխել է նոր փուլ, որտեղ բացի հանրահավաքներից, իրականացվում են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, փողոցներ փակվում այլն։ Շարժմանն ակտիվորեն մասնակցում են նաև տարբեր բուհերի ուսանողները, ովքեր չնայած իրենց նկատմամբ գործադրվող ճնշումներին, իրենց դժգոհությունն են հայտնում երկրում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ։
Պետք է արձանագրենք, որ շարժումն ու անձամբ Բագրատ Սրբազանին թիրախավորելու փորձերը մեծ հաշվով արդյունք չտվեցին, ու անգամ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները չհավատացին, որ Սրբազանը «Կրեմլի գործակալ» է կամ «քոչարյանական»։ Այլ կերպ ասած՝ ժողովրդին նախկինների ու ներկաների, սևերի ու սպիտակների բաժանելու տխրահռչակ քաղաքականությունը, որով Փաշինյանին այսքան տարի հաջողվում էր սեփական իշխանությունը պահպանել, ամբողջովին տապալվել է։
Այս ամենին զուգահեռ աճում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների վախերը, ովքեր առավել քան մոտ են իշխանությունը կորցնելու ու պատասխանատվության ենթարկվելու վտանգին։ ՔՊ-ականների վախերի լավագույն դրսևորումները համազգային շարժմանը մասնակցող քաղաքացիներին ուղղված վիրավորանքներն են․ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի կինը տասնյակ հազարավոր քաղացիներին օրերս «
անասուն», իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանը «
լափամանից կտրվածներ» և այլն։
Հակոբ Ասլանյանի այս հայտարարությունը, որով նա հերթական անգամ հանրությանը բաժանեց յուրայինների և «լափամանից կտրվածների» բնականաբար կոշտ քննադատության արժանացավ՝ միևնույն ժամանակ նպաստելով, որ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր մինչ այդ երկմտում էին, կամ չեզոք վերաբերմունք ունեին շարժման նկատմամբ, միանան Սրբազանի գլխավորած պայքարին։ Սակայն քննադատությունների և տեղեկատվական աղմուկի մեջ հանրության ուշադրությունից վրիպեց մի հանգամաքը, որ նույն սկանդալային հարցազրույցում Ասլանյանը նշել էր, որ եթե ցուցարարները ցանկանում են, ապա թող հասնեն այն իրավիճակին, որ նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակվեն։
ՔՊ-ական պատգամավորի այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ իշխանական կուլիսներում առնվազն քննարկվում է արտահերթ ընտրություններ անցկանցնելու հավանականությունը, քանի որ հակառակ դեպքում վերջինս չէր համարձակվի նման հայտարարությամբ հանդես գալ։
Հատկանշական է, որ նախքան սա իշխանականները կտրականապես բացառում էին արտահերթ ընտրությունների անցկացումը՝ նշելով, որ իրենք շարունակում են վայելել հանրության մեծամասնության վստահությունը, իսկ հաջորդ ընտրությունները կկայանան սահմանված ժամանակին՝ 2026-ի հունիսին։
Հիշեցնենք, որ քաղաքական և վերլուծական դաշտում 2024 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու սցենարը քննարկվում էր նախորդ տարեվերջից։ Թեև իշխանականների գործողություններն ու հայտարարությունները վկայում էին, որ այս հարցն իրենց օրակարգում առնվազն քննարկվում է, սակայն հետագայում ՔՊ-ն հրաժարվեց այդ մտքից՝ գիտակցելով, որ դրանց արդյունքում չի կարող ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ստանալ ու կառավարություն ձևավորել, իսկ իր գրպանային կուսակցություններից ոչ մեկն անգամ անցողիկ շեմը չի կարող հաղթահարել, ինչը Փաշինյանին թույլ կտար գոնե կոալիցիոն կառավարություն ձևավորել։
Այսպիսով՝ պետք է փաստենք, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը ճիշտ ուղու վրա է, ինչը խառնել է իշխանականների խաղաքարտերը, և ՔՊ-ն ստեղծված իրավիճակում փաստացի կատարել է առաջին մեծ զիջումը։ Եթե նախքան սա ՔՊ-ականները բացառում էին արտահերթ ընտրությունների գնալու հնարավորությունը, ապա այժմ առնվազն դիտարկում են այդ հնարավորությունը, ինչը բացառապես Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման հաջողությունն է։
Կարծում ենք, որ առաջիկա օրերին համապետական այս շարժումը պետք է էլ ավելի մեծացնի իր թափը, որպեսզի երբ Ազգային Ժողովում մեկնարկի Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը, այն ՔՊ-ականներին կստիպի միանալ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու և պետությունը ստեղծված ծանր իրավիճակից դուրս բերելու առաքելությանը։ Իշխանականները պետք է գիտակցեն, որ սա իրենց համար Փաշինյանից տարանջատվելու վերջին հնարավորությունն է, այլապես նրա հեռացումից հետո հավասարապես պատասխանատվություն են կիսելու նրա արարքների համար։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա մեծ հաշվով՝ գնդակը քաղաքական ուժերի դաշտում է, և վերջիններս, իրենց աչքի առաջ ունանալով 2021-ի օրինակը, պետք է ծանրութեթև անեն ու որոշեն՝ պատրա՞ստ են Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք հերթական արտահերթին գնալ, թե՞ ոչ։ Չնայած այսօրվա իրավիճակը զգալիորեն տարբերվում է 2021-ի իրավիճակից, սակայն պետք է հաշվի առնել, որ վարչական ռեսուրսը շարունակու է մնալ Փաշինյանի ձեռքում, ինչը ընտրական գործընթացի վրա կարող է էական ու անկանխատեսելի ազդեցություն ունենալ։
Դավիթ Գույումջյան