Երևան +11°
copy image url
Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 22:36 08-05-2024

Ավելի մեծ սպառնալիք, քան պատերազմն ու ռուսական վտանգը

Նիկոլ Փաշինյանի անպատասխանատվության, անկազմակերպվածության և անհետևողականության ցուցիչ է նաև նրա հակապետական պատկերացումները ազգային արժեքների վերաբերյալ։ Ինչո՞ւ է Փաշինյանն այսպիսի վերաբերմունք դրսևորում։

2020-ի հուլիսին հրապարակված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության (ԱԱՌ) նախաբանում տեղ գտած ազգային արժեքները խմբագրելու մասին 2024-ի մայիսի 7-ին Նիկոլ Փաշինյանի առաջարկության մեջ աչքի է ընկնում մի քանի փոփոխություն։ Մասնավորապես՝ 2020-ի տարբերակում առկա «հայ ժողովրդի» բառերը 2024-ին փոխարինված են «Հայաստանի» բառով։ Հանված են նաև Արցախին վերաբերող հատվածները, քանի որ ՔՊ-ական իշխանությունը հրաժարվել է Արցախի վերաբերյալ բոլոր պահանջներից։

Եթե քաղաքականություն որոշողները, այնուամենայնիվ՝ խիզախեն քննարկել Փաշինյանի առաջարկը, ապա ենթադրելի է, որ բանավեճն ընթանալու է հետևյալի շուրջ։

Ինչո՞ւ բանակի կողքին չգրվի նաև ԱԱԾ կամ ՆԳՆ։ Դրանք նույնպես ուժային կառույց են և պակաս արժեք չեն։ Հատկապես՝ ոստիկանությունը, որը Փաշինյանի իշխանության պահպանման առաջամարտիկ է։

Լեգենդների, առասպելների շարքում կառաջարկվի ավելացնել նաև հեքիաթները և անեկդոտները, քանի որ Նիկոլ Փաշինյանի մասին հեքիաթներ ու անեկդոտներ են գրվելու, որտեղ Փաշինյանը լինելու է բացասական կամ ծիծաղելի կերպարում։

Հայ ավետարանական եկեղեցու կողքին կառաջարկվի հիշատակել նաև Եհովայի վկաների, Յոթերորդ օրվա սուրբ ադվենտիստների, քրիստոնեական հատվածական ընկալումներ ունեցող այլ կրոնական կազմակերպությունների անունները։ Չէ՞ որ այնտեղ նույնպես հայ մարդիկ են և հավատում են Աստծուն, հետևապես՝ արժեք են։

Ակնակալվում է՝ սուր բանավեճ կլինի երաժշտության հատվածում։ Կասկած կա, թե էստրադային երաժշտության կողքին ջազի մասին չեն գրել, որովհետև Ռոբերտ Քոչարյանն է ջազի փառատոններ կազմակերպել Երևանում և նպաստել ջազի զարգացմանը։ Ու ի հեճուկս նրա, արժեքների շարքում ջազը նշված չէ։

Հետաքրքիր կլինի նաև, եթե բացվի հայրենի բնաշխարհն՝ իր կենսաբազմազանությամբ, և առանձին-առանձին հիշատակեն ճնճղուկներին, փողոցային շներին ու անձրևից հետո շատացող որդերին։

Փաշինյանական շարքի վերջին պարբերության մեջ հիշատակվում է նաև խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները։ Այստեղ կարելի է հատ հատ նշել խորովածի, կարկանդակի և մյուս համեղ ուտելիքների մասին, որոնք ուտելիս նկարվել է Փաշինյանը։ Կարելի է տեղավորել նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը, քանի որ այն խորհրդանշում է Թավշյա հեղափոխությունը և ՔՊ իշխանությունը։ Եվ ուսապարկը կդառնա ազգային արժեք, սրբություն, նրան նվիրված տաճար կկառուցվի, որտեղ մուտքը կթույլատրվի միայն ուսապարկերով։

Նկատենք, որ ԱԱՌ-ն պետության կարևոր, անկյունաքարային փաստաթղթերից մեկն է Սահմանադրությունից հետո։ Այդտեղ են նշվում իշխանության վարած քաղաքականության հիմքերը, արժեքները, նպատակները, ազգային շահերը, աշխարհաքաղաքական պատկերացումները, միջազգային փոխգործակցության վեկտորները, մարտահրավերները, ազգային հավակնությունները, սպառնալիքները և այլն։ Հույս կար, որ 6 տարի իշխելուց հետո ՔՊ-ում կհասկանան, թե ինչ է ԱԱՌ-ն, և ինչ նշանակություն ունեն արժեքները պետության և ժողովրդի համար։ Սակայն Փաշինյանի մայիսի 7-ի ասուլիսում առաջարկած արժեքային վերաձևակերպումները հիմք է տալիս ենթադրելու, որ ոչինչ չի փոխվել, ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը ունեն հակաքաղաքական և հակաքաղաքակրթական պատկերացումներ պետության, հասարակության, աշխարհի մասին։

Փաշինյանը մայիսյոթյան ասուլիսում նաև ակնկալեց, որ իր առաջարկի վերաբերյալ քննարկում կծավալվի։ Ընդունելով այդ մարտահրավերը, նշենք մի քանի լուրջ դիտողություն։

«Ժողովրդի ազգային արժեքներ» չկան, կան «ազգային արժեքներ»։ «Ժողովրդի» բառն ավելորդ է։ Այստեղից էլ սկսվում է շիլաշփոթը, որը քաղաքացուն գցում է թյուրիմացության մեջ, լղոզում արժեքների նշանակությունը։ Փաշինյանը հավանաբար՝ չի հասկացել արժեքների և յուրահատկությունների տարբերությունը։ Արժեքների հիմքով են ընդունվում օրենքները, կանոնները, նորմերը, սահմանվում իրավունքները, պարտականությունները։ Արժեքները կրթության, դաստիարակության, սոցիալ և քաղաքական վարքաբանության հոգևոր հիմքն են։ Սրանցից զատ՝ արժեքներն այլ կիրառություն չունեն և չեն ունեցել ոչ մի երկրում, նույնիսկ Հին Հռոմում։

Օրինակ՝ Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից հետո ամրագրված արժեքներն են՝ Ազատությունը, Հավասարությունը, Եղբայրությունը։ Եվ վերջ։ Դրանք մեծատառերով են գրվում, քանի որ սրբություն են։ 1940-ին լեգենդար մարշալ Ֆիլիպ Պետենը փոփոխեց Ֆրանսիայի սահմանադրությունը, հանեց Ազատությունը, Հավասարությունը, Եղբայրությունը, փոխարենը՝ գրեց «Հայրենիք, Ընտանիք, Աշխատանք»։ Պատերազմից հետո, Պետենին դատապարտեցին ցմահ ազատազրկման այս աններելի դավաճանության համար։

Կան բազմաթիվ ժողովուրդեր, ցեղեր, էթնիկ խմբեր, որոնք պետություն չունեն, քաղաքակրթության հետ խորթություն ունեն։ Ու իրենց ինքնությունը, դիմագիծը, կրոնական, ժողովրդական սովորույթներն ու ավանդույթները, երգերը, պարերը, լեգենդները, առասպելները, լեզուն, խոհանոցը, տարազը և այլն պահպանելն է նրանց գլխավոր, հավաքական խնդիրը։ Այդպես նրանք պաշտպանվում են ուծացումից, ջնջվելուց։ Փաշինյանի կազմած ազգային արժեքների ցանկը տպավորություն է ստեղծում, որ հայ ժողովուրդը պետություն չունի, Հայաստան պետություն չկա, այլ կա Հայաստանում ապրող ժողովուրդ, որն, ինչպես պետականազուրկ ցեղերը, ունի ինքնության պահպանման խնդիր։

Ու եթե պետություն չկա, ապա հայ ժողովրդի յուրահատկությունները, այդ թվում՝ երգը, պարն ու խոհանոցը պետք է ներկայացվեն որպես արժեքներ, հոգևոր սյուներ։ Ու դրանք այնքան շատ ու խայտաբղետ պիտի լինեն, որ եթե մի քանիսը մոռացվեն կամ մաշվեն, ապա մեծ մասը մնան ու նպաստեն ցեղային դիմագծի պահպանմանը։

Սա հակապետական, հետևաբար՝ հակահայկական մոտեցում է, որի արմատը քաղաքական, մշակութային տգիտությունն է, որն ավելի մեծ սպառնալիք է, քան պատերազմը, քան ռուսական վտանգը։

Թաթուլ Մկրտչյան