Երևան +12°
copy image url
Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 22:30 08-05-2024

Յուրայիններին կարելի՞ է․ որ դեպքերում են ՔՊ-ականները դատապարտում լրագրողների դեմ բռնությունները

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Մինչ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումն օրեցօր ավելի մեծ թափ է ստանում և մոտենում մայրաքաղաքին, իշխանականների մտահոգությունները մեծանում են։

Այս օրերին Բագրատ Սրբազանին թիրախավորելու, նրա վերաբերյալ տարբեր հարթակներով սուտ ու մանիպուլյատիվ տեղեկություններ տարածելու քաղաքականությունը նույնպես ցանկալի արդյունք չի տալիս, քանի որ անգամ գործող իշխանություններին անվերապահորեն հավատացող ու աջակցող քաղաքացիները դրանց չեն հավատում։

Այս իրավիճակի ֆոնին նախորդող օրերին տեղեկություններ ստացվեցին, որ բռնության են ենթարկվել իշխանամետ երկու լրագրողներ․ նրանցից մեկն իր յութուբյան ալիքում թիրախավորել էր Բագրատ Սրբազանին, նրան մեղադրել Ռուսաստանի գործակալ լինելու մեջ, իսկ մյուսը մշտապես ծաղրել ու վիրավորել է Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարող գործիչներին, խստորեն քննադատել նրանց իրականացրած բողոքի ակցիաները և այլն։ Ավելին՝ նույն լրագրողն իր անձանական յութուբյան ալիքում վարում է մի հաղորդում, որի թողարկումներում շատ հաճախ հատում է լրագրողական էթիկայի բոլոր գրված ու չգրված օրենքները, առատորեն վիրավորանքներ հնչեցնում և այլն։

Իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների նկատմամբ բռնության կիրառումը չունի որևէ արդարացում՝ անկախ այն հանգամանքից, թե նույն լրագրողն իր հաղորդումներում, կամ հոդվածներում ինչ մտքեր է արտահայտել, որքանով են այդ մտքերը իրականությանը համապատասխանում, կամ ոչ, վիրավորում այլ անձանց արժանապատվությունը։ Վերջին հաշվով Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, որտեղ դեռևս դատարաններ կան, ու եթե անգամ որոշ լրագրողներ իրենց գործունեությամբ վիրավորել են այլ անձանց արժանապատվությունը, թիրախավորել ընդդիմադիր գործիչներին և այլն, ապա ապա նրանց գործողությունները պետք է բացառապես իրավական դաշտում գնահատական ստանան։

Հիշարժան է, որ իշխանամետ հայացքներ ունեցող 2 լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն արժանացան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք պատգամավորների կոշտ քննադատությանը, ովքեր այս անգամ որոշեցին հանդես գալ լրագրողների պաշտպանների դիրքերի։ ՔՊ-ականները մոռացել են, որ կուսակից, իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էր, ով ժամանակին լրագրողներին անվանում էր վերբալ մարմնավաճառներ, սակայն այժմ նա նույնպես հանդես է գալիս՝ ի պաշտպանություն լրագրողների շահերի։

«Ես ուզում եմ խստորեն դատապարտել քիչ առաջ ԱԺ շենքում ՀՀ երկրորդ նախագահ, ժողովրդի լայն շրջանակներին որպես «ալբանացի» հայտնի Ռոբերտ Քոչարյանի որդու թիկնապահ-օգնականի կողմից լրագրողի նկատմամբ կատարված բռնությունը բացահայտ: Սա կարելի է ասել հերթական դրսեւորումն է աննախադեպների շարքից, որ տեղի է ունենում փաստացի, ուզում եմ բոլորը լավ հասկանան, որ նմանատիպ երեւույթները ՀՀ-ում տեղ չունեն եւ «Հայր մերը» չսովորած ինչ-որ տարատեսակ արարածների որդիներ ու որդիների ախրաննիկներ ու տարատեսակ երեւույթներ թող իրանց մտքի ծերով էլ չանցկացնեն, որ լրագրողների վրա կարելի ա ձեռք բարձրացնել»,- լրագրողի իրավունքները հպարտորեն պաշտպանելով հայտարարում էր Ալեքսանյանը։

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն էլ իշխանամետ լրագրողներին բռնության ենթարկելու դեպքերը խստորեն դատապարտեց՝ հիշեցնելով, որ ԱԺ-ն «Պապլավոկը» չի, այդ շենքում չի կարելի լրագրողներին նեղացնել: «Քոչարյանների ընտանիքը հանկարծ թող չխառնի Ազգային ժողովը «Պապլավոկի» հետ, թե չէ մեր վերաբերմունքը շատ խիստ է լինելու՝ և իրավական, և քաղաքական մակարդակով, եթե փորձեն շարունակել այս պահվածքը»,- հայտարարեց իշխող խմբակցության քարտուղարը՝ համոզմունք հայտնելով, որ լրագրողին բռնության ենթարկելու միջադեպը իրավական գնահատական է ստանալու։

Մտահոգիչ է, որ ՔՊ-ականները լրագրողների դեմ բռնության դեպքերը դատապարտում են բացառապես այն դեպքերում, երբ բռնության են ենթարկվում իշխանամերձ հայացքներ ունեցող լրագրողները։

Հիշեցնենք՝ իշխանական պատգամավորները որևէ կերպ չդատապարտեցին, կամ առնվազն չքննադատեցին, երբ իրենց խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում գոռգոռում և անպատվում էր ԱԺ-ում հավատարմագրված, իր մասնագիտական գործունեությունն իրականացնող «Առավոտ» օրաթերթի լրագրողի Հռիփսիմե Ջեբեջյանին։

Սուքիասյանը հունից դուրս էր եկել այն ժամանակ, երբ լրագրողն ասաց՝ բազմաթիվ քաղաքացիներ համոզում ունեն, որ Խաչատուր Սուքիասյանը թալանել է, հարկեր չի վճարել։ «Ամենամեծ թալանչին դուք եք, ձեր ղեկավարն ա, ձեր ամբողջ էդ կազմն ա, որովհետև ուրիշ տեղերից ձեզ գումարը տվել են, դուք ոչինչ չեք վաստակել, բոլորի վրա ինչ ասես գրել եք ու ապրել եք ու մտածել եք ըտենց հեշտ կարաք ապրեք: Հեշտ չի ապրցվում»,- լրագրողի վրա բղավելով հայտարարում էր Սուքիասյանը։

2021 թվականի մարտին այն ժամանակվա ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից բռնության էր ենթարկվել նաև Irakanum.am կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանը։ Այս միջադեպը նույնպես չդատապարտվեց իշխող խմբակցության ներկայացուցիչների կողմից, նրանցից շատերն իրենց հարցազրույցներում ուղղակի, կամ անուղղակիորեն սկսեցին հայտարարել, թե, իբր լրագրողը սադրել է նախարարին, ով այդ պահին սրճարանում իր ընտանիքի հետ ժամանակ անցկացնելիս է եղել։

Չնայած միջադեպից հետո Արշակյանը հանրային ճնշման ներքո ստիպված եղավ հրաժարական տալ, այնուամենայնիվ ամիսներ անց Նիկոլ Փաշինյանը նրան «խրախուսեց», և վերջինս դարձավ 8-րդ գումարման Ազգային ժողովի իշխանական փոխխոսնակներից մեկը։

Լրագրողներին վերբալ մարմնավաճառներ անվանած Վահագն Ալեքսանյանին չդապատրտեց նաև երբեմնի լրագրող Նիկոլ Փաշինյանը, ավելին՝ փորձեց չքմեղացնել սեփական թիմակցին։ Իր ինքնաասուլիսներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե, իբր իշխանական պատգամավորը քաղաքական գնահատական է տվել, որը չի վերաբերում բոլոր լրագրողներին։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ գործող իշխանությունները լրագրողների նկատմամբ գործադրվող բռնությունները դատապարտում են միայն այն դեպքերում, երբ բռնության են ենթարկվում բացառապես իշխանամետ հայացքներով աչքի ընկնող լրագրողները։ Երբ նույն իշխանությունների ամենատարբեր ներկայացուցիչների կողմից բռնության են ենթարկվում ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրողները, իշխանականները նախընտրում են կա՛մ քար լռություն պահպանել, կա՛մ էլ պնդել, որ լրագրողն ինքն է սադրել պաշտոնյային և դրդել, որ վերջինս բռնության ենթարկի իրեն։

Հավելենք, որ ՔՊ-ի պաշտոնավարման 6 տարիներին ընդդիմադիր հայացքներ ունեցող բազմաթիվ լրագրողներ են բռնության ենթարկվել, սակայն բոլոր դեպքերը մեկ հրապարակմամբ ներկայացնելն անհնար է։

Oragir․News-ը վերահաստատում է՝ ցանկացած պարագայում լրագրողների նկատմամբ բռնության կիրառումն անթույլատրելի է, իսկ նման դեպքերը որևէ արդարացում չունեն։ Եթե լրագրողը խախտել է մասնագիտական էթիկայի կանոնները, իր գործունեության ընթացքում վիրավորել որևէ մեկի արժանապատվությունը, ապա դրա դեմ պայքարելու միակ ճանապարհը դատականն է։

Ձեզ գուցե հետաքրքրի