Երևան +15°
copy image url
Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 09:00 08-05-2024

Շարժումը դրական արդյունք կունենա ցանկացած պարագայում

Ընդդիմախոսների, հանրության, ինչպես նաև Բագրատ Սրբազանի շարժումը ողջունող ՔՊ-ականների կարծիքները Սրբազանի առաջնորդած շարժման վերաբերյալ կարելի է բաժանել 3 խմբի։ Այսինքն՝ կա 3 վարկած, թե ինչ դրական արդյունք կունենան պետությունն ու ժողովուրդը։

Առաջին վարկածով՝ ենթադրվում է, որ իշխանությունները կարող են կանգնեցնել հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մինչև կհաստատվի քարտեզն, ու սահմանազատման ենթակա ամբողջ սահմանի վերաբերյալ ձեռք կբերվի երաշխավորված պայմանավորվածություն։ Ընդդիմախոսների մի մասը պնդում է, որ առանց երաշխավորված պայմանավորվածության կատարվող սահմանազատումը խաղաղության գրավական չէ, քանի որ թշնամին կարող է կամայական խախտել ոչ միայն գործող շփման գիծն, այլև սահմանազատված սահմանը։ Իսկ ցուցարարների ճնշման տակ ՀՀ իշխանությունները կարող են պարտավորվել կատարել նրանց պահանջների մի մասն ու առանց երաշխավորի ներգրավմամբ ստորագրված պայմանագրի և հաստատված միասնական քարտեզի սահմանազատում չշարունակել, ինչը ցուցարարների հիմնական պահանջներից մեկն է, և դրա կատարումը տվյալ պահին դրական ձեռքբերում կլինի։

Երկրորդ վարկածը վերաբերում է սոցիալ վարքաբանությանը, որի մասին խոսում է և՛ Բագրատ Սրբազանը, և՛ Նիկոլ Փաշինյանը։ Այս հարթության մեջ հնարավոր է համարվում, որ Նիկոլ Փաշինյանը որոշ զիջումների կգնա, կհրաժարվի հանրության կողմից մերժելի հակաժողովրդական ձևակերպումներից։ Իսկ Բագրատ Սրբազանը կարող է տևական քայլերթների և քարոզների միջոցով առողջացնել հանրային հոգեբանությունը, ազատել նրան խորհրդային բռնազավթման տարիների իներցիոն կարծրատիպերից ու ժամանակավրեպ, հակաքաղաքակրթական կաղապարներից։ Պատկերավոր ասած՝ Բագրատ Սրբազանը կարող է նույն առաքելությունն իրականացնել, ինչն արեց Մովսեսը հրեա ժողովրդի հետ, վերջինին տևական ժամանակ քայլեցնելով ու հիմնովին առողջացնելով նրա պատկերացումները արժեքների, պետության, ժողովրդի, աշխարհի, Աստծո վերաբերյալ։

Եվ երրորդ վարկածը վերաբերում է աշխարհաքաղաքական վերափոխումներին, որոնց հետ անխուսափելիորեն բախվելու է նաև Հայաստանը առաջիկայում։ Եթե մայիսի 8-ին կամ տեսանելի ապագայում Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվեն ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս բերման, ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու, ՀՀ-ի՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցության, ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման և հայանպաստ այլ հարցերի և ծրագրերի վերաբերյալ, ապա ՀՀ անկախության և ժողովրդավարության էական ամրացման և առաջընթացի դռներ կբացվեն։ ՀՀ քաղաքական կուրսը էապես կփոխվի։ Այսպիսի աշխարհաքաղաքական փոփոխությունը սահուն և հաջող կիրականանա, եթե քաղաքական համայնքը դրան համարժեք վարք դրսևորի, արժեբանական ճիշտ դիրք ընդունի։ Այս պարագայում Բագրատ Սրբազանը, լինելով ճշմարտության և անկախության ջատագով, կարող է իր հեղինակությամբ լռեցնել ռուսամետ խաղեր տվողներին, որոնց մեծ մասը ճանաչել է նրա առաջնորդությունը, հայտարարել նրան սատարելու, աջակցելու մասին։

Նկատենք, որ աշխարհաքաղաքական այսօրինակ վերափոխումների դեպքում առաջ է գալու նաև ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու առարկայական անհրաժեշտություն, ասպարեզ բերելով քաղաքական այն ուժերին, որոնք կառաջարկեն աշխարհաքաղաքական փոփոխություններին համահունչ ծրագրեր։ Դրանից զատ՝ նոր քաղաքական համակարգի ձևավորման փուլում Բագրատ Սրբազանի հեղինակությունը էական ազդեցություն կունենա, որ քաղաքական ասպարեզից հեռանան ստախոսները, արկածախնդիրները, հայհոյախոսները, մարտնչող տգետները, անաստված պոպուլիստները և այլ այլանդակություններն ու խայտառակությունները, որոնք Նիկոլ Փաշինյանի օրոք, նրա օրինակով, նրա դրդմամբ բազմացել ու դիրքավորվել են քաղաքական դաշտում։

Պարզ ասած՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը դրական արդյունք է արձանագրելու ցանկացած պարագայում։ Եվ միայն ժողովրդի և պետության հետ խորթություն զգացողի մտքով կարող է անցնել այս շարժման ու նրա առաջնորդի դեմ գործել։

Թաթուլ Մկրտչյան