ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հերքել են լուրը, որ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք․ Գալստանյանի հետ։ «Հանդիպում չի եղել, դա իշխանության հերթական ֆեյքն է», հայտարարել է գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե իբր Բագրատ Սրբազանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։
Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ներկայում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն, ընդհակառակը, հայտարարել էր, որ խմբակցությունը հանդիպել է Քոչարյանի հետ։ Ինչպես հայտնում է «Ժողովուրդ» թերթը, Սեյրան Օհանյանը Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության հանդիպման կապակցությամբ նշել է, որ երկրորդ նախագահի հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում, իսկ վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի վերջին. «Ապրիլի 26-ին մեր ֆրակցիան նիստ է արել, որին մասնակցել է նաեւ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, քննարկվել են կարեւոր հարցեր՝ երկրում ստեղծված իրավիճակը եւ մեր անելիքները»,- թերթի հետ զրույցում ասել էր Օհանյանը:
Ադրբեջանական ռեսուրսները, հղում կատարելով «հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների» տեղեկատվությանը, գրում են, որ Բագրատ Սրբազանն այնուամենայնիվ հանդիպել է թե՛ Քոչարյանի, և թե՛ կաթողիկոսի հետ։ Երկու դեպքում էլ, ինչպես հաղորդում են, նա բողոքել է, որ Տավուշի հողերի համար պայքարը «հանգչում» է, և որ, իբր, «մարդիկ անգամ այդ 4 գյուղերում ոտքի չեն ելել և ընդդեմ իշխանության չեն գնում»։
Ադրբեջանցիները հաղորդում են, որ, իբր, Ռոբերտ Քոչարյանը Բագրատ Սրբազանին խորհուրդ է տվել «շարժումը տեղափոխել Երևան», բայց նաև կոչ է արել ականջալուր լինել իր հորդորներին և միասին պայքարել իշխանության դեմ։ «Քոչարյանը Բագրատ Սրբազանին խորհուրդ է տվել մինչև Երևան գալ ոտքով՝ ինչպես ժամանակին արել է Փաշինյանը, և փորձել քայլարշավի ընթացքում գեներացնել հակակառավարական տրամադրություններ։ Ընդ որում, փաստվել է, որ նման հավանականությունը հավասար է զրոյի, թեև Քոչարյանը խոստացել է Սրբազանի տրամադրության տակ դնել իր լրատվամիջոցները», գրում է Ադրբեջանի մամուլը։
Հասկանալի է, որ ներհայաստանյան և ներհայկական ցանկացած իրադարձություն գտնվում է թշնամի երկրի տեղեկատվա-քարոզչական մեքենայի ուշադրության կենտրոնում։ Զուտ ուսումնասիրելուց և վերլուծելուց բացի, ալիևյան քարոզչամեքենան նաև խնդիր ունի ամենահնարավոր եղանակներով ներազդել հայ հասարակության կարծիքի վրա՝ ստեղծելով, օրինակ, անվստահության մթնոլորտ Փաշինյանին ընդդիմացողների նկատմամբ։ Օրինակ, խոսելով Բագրատ Սրբազանի մասին, ադրբեջանական լրատվադաշտը գրում է․ «Նա, ինչպես Քոչարյանը, նույնպես ասոցիացվում է Կրեմլի հետ և Նիկոլ Փաշինյանի հայտարարած «հինգերորդ շարասյան» մաս է։ Բագրատ Գալստանյանը ժամանակին Կանադայի թեմի առաջնորդ էր, ու դրա արդյունքում թեմը հասցրել է սնանկության»։
Այսպիսով, հստակ տեսանելի է, որ հանրային ընդվզում առաջնորդող անձանց վարկաբեկման գործում ևս ՔՊ-ական իշխանությունը գործում է ալիևյան քարոզչության հետ համատեղ՝ այդ նպատակին հասնելու համար իրար խառնելով սուտ և «լկտի սուտ» ասեկոսությունները և զրպարտությունները և դրանք նետելով հրապարակ։
Տիգրան Աթանեսյան