Մշակույթ 2 տարի առաջ - 21:38 01-05-2024

Երկու հանճարների բարեկամությունը․ Արամ Խաչատրյան և Մարտիրոս Սարյան

Պատահում էր, որ Վարպետ Սարյանի ներկայությամբ Արամ Խաչատրյանի անունը տալիս էին հանճար որակումով, կամ նույնը կարդում էր որևէ լրագրում: Եվ նա գրեթե բոլոր դեպքերում ու շատ կտրուկ միջամտում էր.

-Կրկնակի՛ հանճարեղ: Սովորել և ստեղծագործել սոցռեալիզմի բուն կենտրոնում, ճեղքել արյունարբու պետական հարկադրանքով պարտադրվող այդ ահռելի պատնեշը և հասնել այդպիսի՜ արդյունքի` անպայման կրկնակի հանճարեղ պետք է լինել: Գրիգից և Սիբելիուսից հետո ես չգիտեմ մի այլ կոմպոզիտոր, որի ստեղծագործությունը այդքա՜ն ազգային և, դրա հետ մեկտեղ, այդքա՛ն համամարդկային լինի, որքան Արամ Խաչատրյանի ստեղծագործությունն է, - մի բան, որը, իմ կարծիքով, մեծ արվեստի հատկանիշը և նրա հավերժության գրավականն է:

Վիթխարի երևակայությամբ օժտված, բնատուր և կրկնակի հանճար է Խաչատրյանը, որ այդքան «հեշտությամբ» ու նորարարի այդքա՛ն մեծ խիզախությամբ ներդաշնակեց Արևելքի և Եվրոպայի գեղարվեստական ավանդներն ու մտածելակերպերը: Ինչի՞ նման կլիներ մեր ազգային մշակույթի XX դարն առանց Արամ Խաչատրյանի արվեստի․․․

Ներքին կրակով այրվող, գունագեղ ու վառվռուն, քնարական ու էպիկական, էմոցիոնալ ու ինտելոկտուալ է նրա երաժշտությունը: Խորապես արդիական, բառի լայն իմաստով գեղեցիկ, հումանիստական վեհ իդեալներով ներծծված այդ երաժշտությունը հայ ժողովրդի ոգու լուսավոր արտահայտություններից է ու պատկանում է հանուր մարդկությանը, ապրելու է գալիք բոլո՛ր ժամանակներում:

Այսօր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիշատակի օրն է։



Մեծ նկարիչն ու երիտասարդ կոմպոզիտորն առաջին անգամ հանդիպում են 1921 թ․ կայարանում, երբ Սարյանը ընտանիքով Հայաստան էր վերադառնում, իսկ 19-ամյա Արամ Խաչատրյանը մեկնում էր Մոսկվա սովորելու։ Իր ողջ կյանքի ընթացքում, առաջին հանդիպումից սկսած Արամ Խաչատրյանը պահպանեց որդիական հիացում, խոնարհումն դեպի Սարյան անձն ու արվեստագետը:

«Իմ այցելությունները Հայաստան՝ տուրիստական ուղևորություններ չեն, դրանք ունեն լուրջ ստեղծագործական նպատակներ»,-գրել է իր հոդվածներից մեկում Խաչատրյանը:

Այդ նպատակների մեջ էր նաև, անպայման, այցելություն Մարտիրոս Սարյանի տուն:

«Հասկանում եք, ես կարծես տաճար եմ մտնում» -, ամեն անգամ ոտքը տան շեմին դնելիս կրկնում էր կոմպոզիտորը:
Նկարչի ընտանիքն էլ սիրով սպասում էր մեծանուն կոմպոզիտորին, գիտեր նրա հավանած ուտեստները, սպասում էր գցված սեղանի առջև: Եվ այդ սեղանի շուրջ ծավալվում էր ամենատարբեր զրույցներ երկրի, ժողովրդի, արվեստի, մշակույթի, օրվա խնդիրների շուրջ:

Ջերմ վերաբերմունքի ու մտերմության արտահայտությունն են նաև Արամ Խաչատրյանի՝ Վարպետի նկարած երեք դիմանկարները։

Առաջին երկու նկարները ստեղծվել են 1944 թվականին։ Մեկը գծանկար է, որը պահվում է Տրետյակովյան պատկերասրահում։



Երկրորդ՝ գծանկարի հետ շատ ընդհանրություններ ունի գորգի ֆոնով հանրահայտ կտավը, որ հիացնում է իր գունային ներդաշնակությամբ ու խտությամբ, պատկերվողի կերպարի հոգեբանական ճշգրտությամբ:



Երրորդ նկարն արվել է արդեն 1963 թվականին։ Այստեղ տեսնում ենք հասուն կոմպոզիտորին, տարիների ու հռչակի կնիքը դեմքին, հանդարտ հայացքով ու կարծես ինչ-որ բանի համար ափսոսանքով։



1972 թ․ վախճանվեց 92-ամյա նկարիչը... Ցավակցական առաջին հեռագրերից մեկը Արամ Խաչատրյանի ընտանիքինն էր: Թվում է՝ արդեն ուշադրությունը ցուցաբերված է: Բայց հաջորդ օրվա երկրորդ կեսին Խաըժչատրյանն իր ընտանիքի լրիվ կազմով Երևանում էր՝ անձամբ մասնակցելու նկարչի հրաժեշտին:

Ահա այդ օրը հայ արվեստի մշակույթի գործիչների պանթեոնում 1972 Արամ խաչատրյանը կամացուկ դիմել է կոմպոզիտորների միության նախագահ Էդվարդ Միրզոյանին.

-Էդվարդ, կարելի է, որ կողքը տեղ թողնեք ինձ համար...

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից