Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
copy image url

Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում

Ներքին 11 ամիս առաջ - 23:50 16-05-2024
Փաշինյանական իշխանությունը բնակարանային ապահովման նպատակով հաստատած ծրագիրն այնպես է շարադրել, որ «Արցախի սիրելի քույրերը և եղբայրները» քիչ թե շատ նորմալ պայմաններ ունեցող տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում։

Այս քայլով նա մեկ անգամ ևս ցուցադրել է, որ «քույր-եղբայրներին» տնով ապահովելը կրում է զուտ պարտավորվածության բնույթ,այսինքն եթե մարտի 20-ի ցույցի նման մի հավաք իրականացվի և բողոք արտահայտվի, թե՝ «պարոն Փաշինյան, բայց մենք պահանջել էինք վերանայել այդ գումարների չափը», պարոնի աշխատողներից ոմն բաժնի կամ վարչության պետ ֆեյսբուքով ստատուս կգրի, որտեղ ամոթանք կտա երախտամոռ լինելու համար։

Ինչ խոսք, սահմանամերձ գյուղերի տների գներ մի լա՛վ բարձրանալու են, դրա բերումով էլ տեղի «հպարտ» հայությունը հնարավորություն կստանա վաճառելու տները և տեղափոխվելու իրենց սիրելի վարչապետին ավելի մոտ՝ քաղաք Երևան, որպես հավասարակշռող ուժ հնարավոր հանրահավաքների ժամանակ։

Դրանից բացի, կառավարության ընդունած այս ծրագրում անգամ ակնարկ չկա մինչև ծրագրի շահառու դառնալն ընտանիքի բնակվարձը և կոմունալ ծախսը փոխհատուցելու նպատակով տրվող «40+10 հազարական» դրամների հատկացման շարունակման մասին։ Ի՞նչ է դա նշանակում՝ բախտի քմահաճույքին թողնե՞լ տասնյակ հազարավոր ընտանիքների։ Ծրագիրը, ինչպես հայտարարվել է կառավարության նիստին, կունենա նաև կիրառման կարգ, այնպես որ հուսանք՝ այնտեղ կսահմանվի այս կարևորագույն պայմանը։

Կառավարության ծրագրով չի հիշատակվում նաև աշխատունակ տարիքային դիապազոնում գտնվող շահառուների կողմից ստացված գումարների վերադարձի պայմանը։ Հնարավոր է, որ այդ հանգամանքը կառավարության կողմից կներկայացվի, որպես տեղահանվածների պահանջին ընդառաջման հնարք։ Կամ՝ գուցե վերը հիշատակված կարգում ընդգրկվի այդ պահանջը։ Ամեն դեպքում հիշենք, որ նախքան ծրագրի ընդունումը կառավարության մի քանի նիստերում տեղի ունեցած քննարկումներում խոսք էր գնացել «շահագրգիռ անհատների և կառույցների» ներկայացրած առաջարկությունների հաշվառմամբ ծրագրի մշակման մասին։

Փաստենք, որ ամիսներ շարունակ «մշակման փուլում» գտնվող ծրագրի հիմնական ցուցիչները մնացել են անփոփոխ․ խոսքը վերաբերում է, Փաշինյանի ասած, շահառուներին տրվող գումարի «բազային» չափի՝ 3 մլն դրամի մասին։ Այն աճեցվել է միայն սահմանամերձ բնակավայրերին նախապատվություն տալու դեպքում, բայց ըստ ամենայնի այն նպատակով, որ յուրաքանչյուր շահառուի տրվող հնարավորությունը մերժելու դեպքում փաշինյանական իշխանությունը «լվանա ձեռքերը»՝ հրաժարվելով տվյալ արցախցու հետագա խնդիրների լուծմանն իր մասնակցությունից։ Հաշվի չեն առնվել թե՛ արցախցիների հայտարարված հիմնավոր պահանջները, թե՛, հատկապես, սահմանամերձ բնակավայրերում առկա անվտանգային վիճակը, ինչպես նաև Հանրապետության անշարժ գույքի իրական վիճակը։ Ընդ որում, չկա այնպիսի մեխանիզմ, որը կարող է իրականում զսպել առուվաճառքի ընթացքում միանգամայն հնարավոր կտրուկ կամ աստիճանական գնաճը։

Կարելի է ասել, որ նման պայմաններով «բնակարանային ապահովման» ծրագիրն ընդունվել է՝ տապալվելու ակնկալիքներով։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված