copy image url
Ներքին Արտաքին Խոսք 2 շաբաթ առաջ - 20:00 01-05-2024

Որոշման հետևում Ալիևն է կանգնած. ինչու է Հունգարիան արգելափակել ՀՀ-ին աջակցելու նախագիծը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հունգարիան արգելափակել է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Հունգարական կողմը պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչը նույնպես դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։

Հունգարիայի իշխանությունների այս որոշումն ուշագրավ է, քանի որ Հայաստանի իշխանությունները 2022 թվականին մեծ ոգևորությամբ վերականգնեցին այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները, որոնք ՀՀ-ն խզել էր 10 տարի առաջ, երբ այդ երկիրն Ադրբեջանին էր հանձնել քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն կացնահարած Ռամիլ Սաֆարովին։

Oragir.News-ի հետ զրույցում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Անվտանգություն և Ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո Հայաստանի նախկին իշխանությունները խզել էին Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Զոհրաբյանի խոսքով՝ դա Հայաստանի կողմից արժանապատիվ քայլ էր, միևնույն ժամանակ դա արժանապատիվ պետության քայլ էր.

«Այս իշխանությունը եկավ և մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնած Հունգարիայի հետ վերականգնեց հարաբերությունները»։

Մեր զրուցակիցը շեշտեց, որ Եվրոպական միության ընթացակարգերն այնպիսինն են, որ եթե ԵՄ որևէ երկրի կողմից ցանկացած պետության տրամադրվող աջակցության վրա վետո է դրվում, ապա այդ աջակցությունը չի տրամադրվում։ Քաղաքական գործչի համոզմամբ՝ հասկանալի էր, որ սա Հունգարիայի կողմից քաղաքական քայլ էր, որովհետև խոսքն ընդամենը Եվրամիության Խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին չնչին օգնության՝ 1 միլիոն եվրոյի հատկացման մասին էր։

«Սա կես միլիարդ չէր, հարյուրավոր միլիոններ չէր, որ ԵՄ այս, կամ այն երկիրը լրացուցիչ փաստարկներ պահանջեր, թե ինչու պետք է այն Հայաստանին տրամադրվի։ Ակնհայտ է, որ սա Հունգարիայի կողմից քաղաքական քայլ էր, որի հետևում կանգնած է Ադրբեջանը՝ որպես Հունգարիայի ամենամերձավոր դաշնակիցներից մեկը»,- ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը Հունգարիայի այս քայլը նիշային քայլ և ցուցիչ որակեց.

«Մենք տեսնում ենք, որ այս ռեժիմը փորձում է Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը փոխել՝ հանրությանը ներկայացնելով, որ արևմուտքը մեզ անվտանգության երաշխիքներ է տալու և պետք է քացով հարվածել Ռուսաստանի մռթին, ինչը և անում է։ Մենք այս քայլերով, ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններով պարզ արձանագրում ենք անում, որ ԵՄ-ն չի ստանձնելու Հայաստանի անվտանգության երաշխավորի դերը։ Սա հստակ է, ինչի մասին քանիցս ասել է թե՛ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, թե՛ Ժոզեպ Բորելը, թե՛ Շառլ Միշելը»։

Մեր զրուցակիցը համոզված է, որ գործող ռեժիմի վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը զրկվում է արտաքին քաղաքական իր բոլոր դաշնակիցներից՝ տարածաշրջանում փաստացի շրջապատված լինելով թշնամական պետություններով, բացառությամբ Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության։ Նա համոզմունք հայտնեց նաև, որ տարածաշրջանում Հայաստանի գործող իշխանությունների միակ բնական դաշնակիցները Թուրքիան և Ադրբեջանն են։

Նաիրա Զոհրաբյանը նաև պատահական չի համարում, որ այսօր Բաքվում կայացած միջմշակութային երկխոսության համաժողովում Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցությունները ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա։ Նա հավելեց, որ ըստ էության դա հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթն է, որն այս ռեժիմը ստորագրելու է, ում բնական դաշնակիցները տարածաշրջանում մնացել են միայն Թուրքիան և Ադրբեջանը։

Դավիթ Գույումջյան