Ներքին Միտք Արտաքին 2 տարի առաջ - 16:40 30-04-2024

Ադրբեջանում տեղեկատվություն չեն տալիս օկուպացված Արցախում բնակվող հայերի քանակի մասին

«Մեր պետության քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու, թե ինչքան հայ է բնակվում Ղարաբաղում, այդ մարդկանց կարգավիճակը, իրավունքներն ու պարտականությունները, պարենային ապահովման նորմերը և բոլոր այն աջակցությունները, որ տրամադրվում են մեր հարկերով համալրվող պետական բյուջեի միջոցներով», գրում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը։

Ադրբեջանական քարոզչամեքենայի այս գործիքը նշում է, որ «Ղարաբաղի լիակատար ազատագրման 7 ամիսներից հետո» ադրբեջանական հասարակությունը միայն տեղյակ է, որ այնտեղ դեռևս հայեր կան։ Ո՞ր երկրի քաղաքացիներ են նրանք, քանի՞ հոգի են և ի՞նչ տարիք ունեն՝ այդ հարցերի պատասխանները հասարակությանը չեն տրվում։
«Եթե նրանք Ադրբեջանի քաղաքացիներ չեն, ապա ինչու՞ են բնակվում Ադրբեջանում՝ պետական միջոցների հաշվին», հարցրել է «Թուրան»-ը և դիմել իր երկրի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (թե ինչու հենց ՄԻՊ, այլ ոչ թե վիճակագրական ծառայություն, այլ հարց է․ ըստ ամենայնի՝ «Թուրան»-ին հրահանգել են դիմել հենց օմբուդսմենին, քանի որ օկուպացված Արցախում դեռևս մնացող հայերին պահելու պայմանները Մարդու իրավունքների պաշտպանի միջոցով հանրայնացնելը նպատակ ունի ցուցադրել այն «առանձնահատուկ» մարդասիրական վերաբերմունքը, որ տալիս է Ադրբեջանը – հեղ․)։
Եվ այսպես, Ադրբեջանի ՄԻՊ-ից պատասխանել են, որ պաշտպան Սաբինա Ալիևան պարբերաբար հանդիպում է Ղարաբաղի հայերի հետ։ Մարտի 28-ին անցկացված հանդիպմանը Ալիևանիր թիրախ խմբին տեսակցել է «Ադրբեջանի աշխատանքի և սոցապահովության նախարարության խնամքի հաստատությունում», ինչպես նաև այդ հաստատությունից դուրս բնակվող հայերի հետ։ «ՄԻՊ-ից ստացված պատասխան գրությամբ մեզ տեղեկացրել են, որ հայերը ոչ միայն նյութական և պարենային օգնություն են ստանում, այլ նաև հոգեբանի խորհրդատվություն։ Խնամքի հաստատությունում և դրա շենքից դուրս ապրող հայերը Սաբինա Ալիևային երախտագիտություն են հայտնել Ադրբեջանում իրենց բնակության պայմանների հետ կապված», գրում է «Թուրան»-ը, որի տեղեկացմամբ՝ հայերին տրվող սննդի մասին հարցմանը, սակայն, ՄԻՊ-ում չեն պատասխանել՝ առաջարկելով դիմել աշխատանքի և սոցապ նախարարությանը։ Բայց այս գերատեսչությունը հայերին տրվող սննդի մասին «Թուրան»-ի հետաքրքրությունը չի բավարարել։

«2023-24թթ․ Ադրբեջանի պետական մարմինները չեն հայտնել 202 3թվականի սեպտեմբերին Ղարաբաղի հայերի զանգվածային հեռացումից հետո այնտեղ մնացած հայերի քանակի մասին, և ադրբեջանական ԶԼՄ-ները ստիպված են մեջբերել հայկական լրատվամիջոցների ու միջազգային կառույցների հրապարակած թվերը, որոնք վստահաբար՝ արժանահավատ չեն։ Ադրբեջանական մամուլի առանձին հրապարակումներից և ռեպորտաժներից պարզ է դառնում, որ Խանքենդիի հայերը քաղաքում ազատ տեղաշարժի խնդիր չունեն։

Հայտնի է նաև 2 տեսանյութ՝ քաղաքի մասնավոր տներում առանձին և միայնակ ապրող տղամարդու ու կնոջ մասին, որոնց խոսքերով, նրանք Ադրբեջանի աշխատանքի և սոցապ նախարարությունից և Կարմիր Խաչից ստանում են պարեն ու դեղորայք։ Ադրբեջանական RealTV-ի լրագրողը ամիսներ առաջ Ստեփանակերտի խնամքի կենտրոնում խոսակցել է Բաքվում ծնված Կամո Էդուարդի Հայրապետյանի հետ, ով մաքուր ադրբեջաներենով հայտնել է, որ լրիվ բավարարված է կենցաղի պայմաններով։ Դրանից բացի, մոտ կես տարի առաջ BakuTV-ն հաղորդել էր, որ Ղարաբաղի գյուղերում մնացած հայերից 5 տղամարդ և 2 կին դիմել են Ադրբեջանի միգրացիոն ծառայություն՝ քաղաքացիություն ստանալու հարցով։ Նրանց անունները, սակայն, չեն հրապարակվել։

Հասկանալի չէ այդ գաղտնիությունը, որ պարուրված է Ղարաբաղի հայերի շուրջ։ Անգամ Ղարաբաղից դուրս եկած հայերի քանակի մասին իմանում ենք երևանյան ԶԼՄ-ներից՝ այն դեպքում, երբ մեր երկրի սահմանապահ ծառայությունը մանրակրկիտ հաշվառում է մեկնողներին», տարակուսում են ադրբեջանական լրագրողները՝ խոստանալով, որ շարունակելու են թեմայի վերաբերյալ իրենց պրպտումները։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
13:24 Մհեր Բաղդասարյանը կտրուկ հակադարձել է Սովետը ռոմանտիզացնողներին
13:51 Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ

Ձեզ գուցե հետաքրքրի