Միտք Արտաքին 2 տարի առաջ - 16:50 29-04-2024

Անատամ հորդորներն Ալիևին չեն հուզում․ Բլինքենի կոչը «հալած յուղի տեղ» չընդունելու հիմքեր կան

Ապրիլի 29-ին Միացյալ նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է անցկացրել Նիկոլ Փաշինյանի, իսկ ապա՝ Իլհամ Ալիևի հետ։

ԱՄՆ պետդեպի հաղորդագրությամբ նշվում է, որ Հայաստանի վարչապետի հետ զրույցում Բլինքենը «վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը կայուն և արժանավայել խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջընթացին»։

Ադրբեջանի նախագահի հետ խոսակցության ընթացքում Բլինքենը շնորհակալություն է հայտնել Ալիևի՝ անցյալ շաբաթ արած հայտարարության համար, համաձայն որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են օգտագործել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանի սահմանազատման հիմք, «ընդգծել դրա կարևորությունը երկու կողմերի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար»։

Դրանից բացի, Բլինքեն-Ալիև զրույցում շոշափվել են Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալների, մասնավորապես Գուբադ Իբաղօղլուի նկատմամբ կիրառվող ազատազրկման բանտային պատժաձևը տնային կալանքով փոխարինելու հարցերը։ Ամերիկյան պաշտոնյան դա որակել է, որպես մարդասիրական ժեստ և կոչ արել պահպանել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները, որ ստանձնել է Ադրբեջանը և ըստ այդմ՝ ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց»։
Ինչ խոսք, շատ լավ կլիներ, որ թե՛ Ադրբեջանում, և թե այլուր՝ քաղաքական հայացքների համար ազատությունից չզրկվեին մարդիկ, և այդ առումով ԱՄՆ պետքարտուղարի կոչը, որն ուղղված է բռնապետ Ալիևին, միանգամայն ողջունելի է։ Բայց կան մի քանի հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս «հալած յուղի տեղ» ընդունել Բլինքենի կոչը։

Առաջինը, դա կարող է լինել հորդոր՝ հորդորի համար, ճիշտ այնպես, ինչպես անցած տարվա ընթացքում աշխարհի բոլոր ծագերից, այդ թվում նաև Միացյալ Նահանգներից, կոչեր և հորդորներ էին ուղղվում Ալիևին՝ բացելու ապօրինի փակված Լաչինի միջանցքը։ Այդ բոլոր ուղերձներն Ադրբեջանում ընդունում էին քմծիծաղով։ Ինքը՝ Ալիևն է տարբեր առիթներով հոխորտացել, որ ոչ մի կոչ իր քայլերի վրա ազդեցություն չի ունենա։ Արդյունքում, նա պաշարված Արցախի հարցը «լուծեց» հենց նմանօրինակ անատամ հորդորների տարափի ֆոնին՝ հարձակվելով Արցախի վրա և, ի վերջո, հայաթափելով հայկական այդ երկրամասը։

Երկրորդը, Ալիևն Ադրբեջանում հաստատել է այնպիսի բռնատիրություն, որ «ընդդիմություն» կոչվածն այստեղ ունի իր առանձնահատկությունները․ այլ կերպ ասած, որոշակի քաղաքական հաշվարկների բերումով Իլհամ Ալիևին պետք է, «կարգի համար», ունենալ նաև «ընդդիմություն», որին պատժելու կամ ներելու մենաշնորհն իրենն է։ Ըստ այդմ, կարելի է ասել, որ Իբադօղլուի դեպքը մտնում է այս տրամաբանություն, և ամբողջ աշխարհը շատ լավ գիտի դա։

Երրորդը, ԱՄՆ պետքարտուղարը լավագույնս տեղեկացված է, որ Ադրբեջանում, եթե գործածենք ամերիկյան հաղորդագրության բառամթերքը, «անարդարացիորեն կալանավորված» են մնում Արցախի նախկին ու ներկա մի շարք ղեկավարներ, որոնց վերագրվում են ծանրագույն հանցանքներ՝ ահաբեկչության կազմակերպում, ֆինանսավորում, անջատողականություն, բանդիտիզմ և այլն։ Իհարկե, միամտություն կլիներ ԱՄՆ-ից Ալիևին ուղղված խոսքում ակնկալել, որ առանձին կշեշտվի Արցախի գործիչների պատանդառումը։ Պարզապես պետք է հուսալ, որ «անարդարացիորեն» կալանավորվածներ ասվածը վերաբերում է նաև նրանց, սակայն քանի որ ենթադրելի է, որ Բլինքենի հորդորն ընդամենը հորդոր է՝ապա վստահաբար կարելի է ասել, որ դա, ցավոք, որևէ դրական ազդեցություն չի ունենա գերեվարված արցախցիների հետագա ճակատագրի վրա։

Մյուս կողմից, պետք է բոլոր հնարավոր հարթակներով, այդ թվում ամերիկյան պետական համակարգի խողովակներով, ապահովել տեղեկատվա-քարոզչական անհրաժեշտ միջավայր, որպեսզի Ադրբեջանում պահվող անձանց պայմանները գոնե համապատասխանեն մարդասիրության հանրաճանաչ սկզբունքներին․ այդ իմաստով Էնթոնի Բլինքենի կոչերը կարող են որոշակի էֆեկտ ունենալ։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է