Ներքին Միտք 2 տարի առաջ - 21:35 26-04-2024

Իշխանությունը լավ է յուրացրել հողերի հանձնումն ուղեկցող գործընթացների կառավարումը

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատաման գործընթացը տեխնիկապես ավարտվել է, «Ազատությանը» հայտնել է ՔՊ–ական Արմեն Խաչատրյանը` ակնարկելով, որ իշխանությունը թքած ունի ժողովրդական հուզումների վրա և տալիքը կտա ամեն դեպքում։

Իշխանության նման վերաբերմունքը պայմանավորված է նաև ժողովրդի պայքարի տարերայնությամբ, և կազմակերպական բաղադրիչ բացակայությունը դեռևս հնարավոր է դարձնում ոստիկանական բիրտ մեքենայի գործարկումը հուզումների բոլոր օջախներում։

Այժմ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խումբը, որպես ձեռքբերում, մատնացույց է անում թվով 20 տեղակայված սահմանային սյուները՝ թեև լավ գիտի, որ այդ դեկորները չեն կարող երաշխավորել թշնամու ագրեսիայի սանձազերծումը։

Հավանաբար, ՔՊ-ական վարչախումբը մի առիթով կհայտարարի՝ ի վերջո, աշխարհի «սահմանագծված» ու «սահմանազատված» այնքա՜ն երկրներ են ենթարկվել, ենթարկվում և ենթարկվելու հարձակումների, մենք ոչ առաջինն ենք, ոչ վերջինը։ Եվ եթե հայտարարի նման բան՝ ճշմարտության առջև չի մեղանչի, բայց եթե աշխարհում, ինչպես հանրահայտ ասույթն է սահմանում, «ուժն է ծնում իրավունքը»՝ ուրեմն ինչու՞ նախապես հանձնել սեփական երկիրդ։ Մի՞թե ինչ-որ մեկին ինչ-որ բան համոզելու համար պարտադիր պայման է սեփականն անվերադարձ տալը։ Իսկ որտեղ է քո հակառակորդի բարի կամեցողությունը․ չէ՞ որ խոսք էր գնում 31 հայկական գյուղերի վերադարձի մասին, այդ դեպքում հույս կա՞, որ Տավուշից կտորներ հանձնելուն կհաջորդի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքների վերադարձը։

Ոչ, իհարկե․ միայն հայկական տարածքներն են ենթակա հանձնման։ Կարծես այնքան շատ տարածք ունենք, որ պատրաստ ենք տալ, տալ, տալ․․․

Շուտով գալու է մյուս ադրբեջանական տարածքային պահանջները բավարարելու ժամանակը։ Իշխանությունն այս դրվագով բավական հմտություններ է ձեռք բերել, և լավ գիտի հնարավոր դիմադրությունները չեզոքացնելու եղանակը։ Այսօր, օրինակ, Հրազդան-Երևան մայրուղու վրա հավաքված մի քանի տասնյակ քաղաքացիների թվում նաև խորհրդարանի ընդդիմադիր անդամներ կային, և երբ ուժայինների ու քաղաքացիների շփումը վերածվեց ձեռնամարտի, դրա արդյունքում, օրինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ենթարկվեց ծեծի։

Ինչպես ասում են՝ նպատակն արդարացնում է միջոցները, և կառավարչի հրահանգը պիտի ամեն գնով, անգամ պատգամավորական անձեռնմխելիությամբ օժտված անձին ծեծուջարդով ոստիկանական վանդակապատ տրանսպորտ խցկելով կատարվի։ Դա, իհարկե, նոր բան չէ և «նախկինների» բազմիցս կիրառած մեթոդներից է, սակայն քանի որ այդպես է հիմա աթոռ պահվում՝ ուրեմն իրոք՝ նպատակն արդարացնում է միջոցները։

Կեցցե՛ ազատ և արդար նիկոլական Հայաստանը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»