Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 18:30 26-04-2024

Ծանր օր ենք ունեցել․ ԵՊՀ-ում Նիկոլ Փաշինյանի ստորացմանը հակադարձելու համարձակություն չունեն

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն ուսանողական ծանր անցյալ է ունեցել․ նա ոչ միայն առաջին փորձից չի կարողացել ընդունվել Երևանի պետական համալսարան, այլև ուսումնառության ընթացքում հեռացվել է համալասարանից, իսկ ԵՊՀ-ից ունեցած բարդույթները նրան առ այսօր հանգիստ չեն տալիս։ Սա է պատճառը, որ անգամ իշխանության գալուց հետո նա իրեն պարզապես չի կարողանում զրկել ԵՊՀ-ին ծաղրելու գայթակղությունից։

Օրերս էլ ՔՊ-ի քաղաքական դպրոցում նա հերթական ելույթն էր ունեցել, որտեղ մայր բուհի հասցեին անվայելուչ արտահայտություններ էր հնչեցրել, իսկ ավելի ճիշտ ստորացրել էր ԵՊՀ-ին։ Փաշինյանը ԵՊՀ-ն անվանել էր փախստականի ճամբար՝ հեգնելով, որ թեև շատերը համալսարանը սրբություն են համարում, բայց իրենց դիպլոմները ստանում են դրա պատերից դուրս՝ Անիի ավերակներում։

Փաշինյանն այս հայտարարությամբ փաստացի ոչ միայն ԵՊՀ-ի ՔՊ-ական ղեկավարությանն ու ռեկտորին է ստորացրել, այլև անարգել է համալսարանի բոլոր ժամանակների ուսանողներին, պրոֆեսորադասխոսական կազմին ու առհասարակ բոլոր այն նվիրյալներին, ովքեր իրենց կյանքն ու գործունեությունը նվիրել են մայր բուհին։

Ցավալի է, որ թեև Փաշինյանի այս հայտարարությունից ավելի քան 10 օր է անցել, սակայն համալսարանից առ այսօր նրան չեն արձագանքել։

Oragir.News-ը ենթադրում էր, որ մայր բուհը հրաժարվելու մեկնաբանել կառավարության ղեկավարի կողմից հնչեցված մեղադրանքները։ Սակայն, ելնելով լրագրողական էթիկայից, Oragir.News-ն այսօր առավոտյան կապ հաստատեց ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես է բուհի ղեկավարությունը վերաբերվում կառավարության ղեկավարի հայտարարություններին և ինչու առ այսօր չեն պատասխանել Փաշինյանին, ով համալսարանը փախստականների ճամբար էր անվանել։

ԵՊՀ մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում խոստացավ, որ ճշտումներ կկատարի և ավելի ուշ հետադարձ կապ կհաստատի՝ համալսարանի դիրքորոշումը հայտնելու համար։ Ժամեր անց, երբ Միսակյանն այդպես էլ չզանգահարեց, Oragir.News-ը կրկին կապվեց նրա հետ, սակայն վերջինս ասաց, որ ծանր օր են ունեցել՝ խնդրելով հարցը գրավոր ուղարկել։

Oragir.News-ն այլևս նպատակահարմար չհամարեց հարցը գրավոր տարբերակով ուղարկել, քանի որ եթե Փաշինյանի հայտարարությունից 10 օր անց ԵՊՀ ռեկտորն ու մամուլի ծառայությունը ոչ մի կերպ չեն արձագանքել դրան, իսկ այժմ էլ հրաժարվում են մեկնաբանություն տալուց, ապա հավանաբար համակարծիք են վերջինիս հետ։

Oragir.News-ը ենթադրում էր, որ ԵՊՀ-ն՝ ի դեմս ՔՊ-ական ռեկտոր Հովհաննես Հովհասննիսյանի, կա՛մ Նիկոլ Փաշինյանին պատասխանելու համարձակություն պարզապես չի ունենա, քանի որ հենց փաշինյանական իշխանության հովանավորությամբ է կարողացել ընտրվել ռեկտորի պաշտոնում, կա՛մ էլ համաձայն է վերջինիս դատողությունների հետ, ինչը քիչ հավանական էինք համարում։ Առաջին ենթադրության համար մեզ հիմք էր տալիս այն հանգամանքը, որ Փաշինյանի այս հայտարարությունից ավելի քան ավելի քան 10 օր է անցել, սակայն մայր բուհից որևէ կերպ Փաշինյանին չեն հակադարձել։

Փաստացի, ըստ Փաշինյանի, Հովհաննես Հովհաննիսյանն իրեն համարում է ոչ թե Երևանի պետական համալսարանի, այլ փախստականների ճամբարի ռեկտոր՝ այլապես, ինչ-որ տարբերակով կարձագանքեր Փաշինյանին։

Oragir.News-ը Քնար Միսակյանից ցանկանում էր հետաքրքրվել նաև, թե ինքն իրեն համարո՞ւմ է ԵՊՀ-ի, թե՞ փախստականների ճամբարի մամուլի խոսնակը, սակայն առաջին հարցին պատասխան չստանալուց հետո այս հարցն այլևս չուղղեցինք նրան, քանի որ պատասխանն ավելի քան ակնհայտ էր։

Ստորև ներկայացնում ենք նաև հրապարակման մեջ հիշատակված տեսանյութը, որում Փաշինյանը ԵՊՀ-ն անվանում է փախստականների ճամբար։