copy image url
Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 17:20 25-04-2024

Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 

Ավտորիտար երկրներում, միապետություններում, որտեղ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, բարձրագույն պաշտոնյաների հարազատները, ընտանիքի անդամները ներգրավվում են քաղաքականությանը, ցույց տալով, որ իրենք ևս իշխանության կրող են կամ պոտենցիալ հավակնորդ՝ արքայազն, արքայադուստր, որոնք վաղը կարող են զբաղեցնել գահը կամ բարձրագույն պաշտոններ։

Ժողովրդավարական հասարակություններում քաղաքական-պետական գործիչների ընտանիքի անդամները նույնպես ներգրավվում են քաղաքականությանը։ Օրինակ՝ ընտրարշավների ժամանակ կուսակցության առաջնորդի ընտանիքի անդամները՝ կինը, երեխաները, կանգնում են թեկնածուի կողքին մասնակցում արշավին, ընտրողներին վստահություն ներշնչելով, որ տեսեք՝ թեկնածուն ունի ամուր, համերաշխ, երջանիկ ընտանիք։ Եթե թեկնածուի հարազատները, ընտանիքի անդամները չեն մասնակցում քաղաքականությանը, մասնավորապես՝ ընտրարշավին ու հրապարակային միջոցառումներին, ապա ծագում է ողջամիտ կասկած, որ թեկնածուն այնքան վատ մարդ է, որ նույնիսկ ընտանիքի անդամները, հարազատները նրան չեն սիրում։

Մյուս կողմից կա երեխաներին քաղաքականությանը ներգրավելու արգելք։ Օրինակ՝ կուսակցություններին անդամակցելը, ընտրությունների մասնակցելը թույլատրվում է 18 տարին լրացած անձանց։ Դպրոցներում, մանկապարտեզներում արգելվում է քաղաքական քարոզչությունը։ Արգելքի իմաստն այն է, որ երեխայի գիտակցությունը ձևավորման ընթացքում է, նա շատ բան չի հասկանում։ Եվ այդ իրավիճակում նրան քաղաքական պատասխանատվություն ներշնչելը հավասարվում է բռնության, որը մերժվում է ժողովրդավարական հասարակություններում։ Դրանից զատ՝ քաղաքական գործունեությունից անմասն չեն բախումները, բանավեճերը, փոխադարձ քննադատությունը, որոնք երբեմն դուրս են գալիս կոռեկտության սահմաններից և վերածվում հայհոյանքի ու ծեծկռտուքի։ Հետևաբար՝ երեխաներին քաղաքական հրապարակային գործընթացների մեջ ներգրավելը ռիսկային է, անթույլատրելի։

Սակայն այս տրամաբանությունը չի գործում Նիկոլ Փաշինյանի պարագայում։ Նա չի խնայում իր երեխաներին, երբեմն չարաշահում են նրանց ներգրավվածությունը իր քաղաքական հրապարակային գործունեությանը։ Սա առավել ռիսկային է, քանի որ ժողովրդի մի հատվածը անթաքույց բացասական վերաբերմունք ունի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Եվ այդ վերաբերմունքը տարածվում է նաև անմեղ երեխաների վրա, որոնք ակամա ընկնում են բացասական ալիքի տակ ու տուժում։

Ստորև թվարկենք մի քանի օրինակ՝ թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ներգրավել իր երեխաներին քաղաքական հրապարակային գործունեությանը, հանրության ուշադրությունը սևեռելով նրանց վրա։ Ի դեպ՝ այդ մասին ավելի շատ պաշտոնապես տեղեկացնում են կառավարությունից, տարածում իշխանական ԶԼՄ-ները։ Սա նշանակում է, որ Փաշինյանը գիտակցաբար է ներքաշում երեխաներին քաղաքականություն, քննադատությունների ու բացասական ալիքների տակ թողնում։

2020-ի մայիսի 2-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել կրտսեր դստեր՝ Արփիի հետ։ Նշենք, որ սա կորոնավիրուսի համաճարակի առաջին շրջանն էր, երբ իշխանությունները խիստ քննադատության էին ենթարկվում մահերի աճող թվերի, առողջապահական համակարգի սխալների, բացթողումների պատճառով։ Նման մի լուսանկար էլ հրապարակել էր մայիսի 17-ին։




2020-ի դեկտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Շուշանի, հետ այցելել է Տավուշ։ Կառավարության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծնկի իջել եւ ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո ժողովրդական ամենամեծ բողոքի ալիքն էր բարձրացել Փաշինյանի դեմ։



2022-ի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ աշխատանքային այցով ժամանել է ՌԴ, դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Նշենք, որ դրանից ամիսներ առաջ Ադրբեջանը ռուսների ակնհայտ աջակցությամբ զավթեցին ՀՀ տարածքի որոշ հատվածներ։

2023-ի սեպտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանը փոքր դստեր՝ Արփիի, հետ եկել էր ՔՊ-ի նախընտրական շտաբ։ Նշենք, որ սա Երևանի ընտրությունների օրն էր, որի ժամանակ ՔՊ-ն հավաքեց ցածր տոկոսներ և կարողացավ իշխանություն ձևավորել կոալիցա կազմելով «Հանրապետություն» կուսակցության հետ։



2023-ի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ, Գրանադայում՝ Կառլոս 5-րդ պալատում, մասնակցել է պաշտոնական ընթրիքին: Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը եւ Լետիսիա թագուհին: Հյուրերին ողջունել է Իսպանիայի վարչապետ Պերդրո Սանչեսը: Նշենք, որ այդ օրը Գրանադայում կայացել է քառակողմ հանդիպում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Ալիևը հրաժարվել էր մասնակցել այդ հանդիպմանը։



Իսկ այս տարի ապրիլի 24-ին Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ԱԺԲ համակիրները սանձարձակ վարք են դրսևորել։ Հարուցվել է քրեական վարույթ, ձերբակալվել են ԱԺԲ որոշ ղեկավարներ։ Նշենք, որ հանրության բողոքի ալիքն այս օրերին բարձր է կապված Տավուշում սկսված սահմազանատման գործընթացի հետ։



Ամփոփելով օրինակները, նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանը չի փոխում իր մոտեցումը, երեխաներին, մասնավորապես՝ անչափահաս դստերը, ներգրավում է հրապարակային քաղաքական միջոցառումներին։ Դրանից տուժում է առաջին հերթին երեխան։ Տուժում է նաև հասարակությունը, քանի որ երեխայի ներկայությամբ քաղաքական բախումները դառնում են սովորական։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանի և նրան քննադատողների համատեղ ջանքերով ստեղծվում վտանգավոր իրավիճակ, երբ ընտանեկան արժեքները, երեխաների իրավունքներն ու անվտանգություն ոտնահարվում են, ստորադասվում քաղաքական խնդիրներին։

Ամենից շատ դիտված