copy image url
Արտաքին Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 22:30 25-04-2024

Անկլավներ, միջանցք, ադրբեջանցիների վերադարձ ՀՀ․ էլ ինչ է պահանջելու Ալիևը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Արցախի Հանրապետության ամբողջական բռնազավթումից հետո, երբ Հայաստանի իշխանությունները և նրանց քարոզիչները հանրությանը փորձում էին վստահեցնել, որ Ադրբեջանն այլևս նոր պահանջներ առաջ չի քաշելու և վերջապես հնարավոր է տարածաշրջանային խաղաղության հասնել, բազմաթիվ քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ պնդում էին, որ Ալիևը չի սահմանափակվելու միայն Արցախով և որոշ ժամանակ անց հավակնություններ է դրսևորելու արդեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ընդ որում, նախքան Արցախի բռնազավթումն Ադրբեջանում Հայաստանի տարածքը պաշտոնապես սկսել էին անվանել «Արևմտյան Ադրբեջան» ու պետական մակարդակով «ադրբեջանցիների վերադարձի» հայեցակարգեր էին մշակում։

Արցախի հանձնումից շատ չանցած պաշտոնական Բաքուն սկսեց պնդել «Հայաստանը շարունակում է օկուպացիայի տակ պահել ադրբեջանական 8 գյուղեր», որոնք անհրաժեշտ է օր առաջ «ազատագրել»։ Ավելի ուշ Ադրբեջանը պահանջեց օր առաջ իրեն հանձնել 8 գյուղերից 4-ը, որոնք ակլավային չէին, իսկ Հայաստանի իշխանություններն էլ համաձայնեցին և այդ հատվածում արդեն իսկ մեկնարկել է պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, չնայած այն բանին, որ հանրության մեծ մասը դեմ է այս որոշմանը ու այս օրերին Տավուշի մարզում բողոքի ակցիաներ է իրականացնում։

Մինչ հանրությունը ոտքի է կանգնել ու փորձում է վիժեցնել Տավուշների գյուղերը թշնամուն հանձնելու ծրագրերը, ՔՊ-ականներն ու վերջիններիս խոսափողները ոչ միայն ամեն հարթակից հայտարարում են, թե, իբր, դրանք Տավուշի մարզի գյուղեր չեն, այլև գյուղերի հանձնումը որակում են որպես գլոբալ ձեռքբերում, որի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածը հնարավոր է դարձել հստակեցնել։ Իշխանականների այս լավատեսությունն ինչ-որ առումով հասկանալի կլիներ, եթե օրինակ Ադրբեջանն էլ համաձայներ վերադարձներ 2021-2022 թվականներին Հայաստանից օկուպացված տարածքները, սակայն այդ երկիրը նման մտադրություն չունի, դեռ ավելին՝ ՀՀ-ին նորանոր հավակնություններ է ներկայացնում։

Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չսպասեց անգամ, որ Տավուշի 4 գյուղերի հանձնումն ավարտին հասնի, նոր խոսի հետագա պահանջների մասին։ Նույն օրը, երբ իշխանական ողջ վերնախավը հանրությանն «աչքալուսանք էր տալիս», որ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում առաջին սահմանային սյունն է տեղադրվել, Ալիևը կրկին խոսեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին՝ պնդելով, որ Երևանը չի կարող ձերբազատվել այդ պարտականությունից։

Հիշեցնենք, որ Արցախի լիակատար հանձնումից հետո էլ նույն ՔՊ-ականները հանությանը վստահեցնում էին, որ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը դուրս է եկել օրակարգից, ինչն իրենց փայլուն դիվանագիտության արդյունքն էր։ Ավելի ուշ Ադրբեջանի իշխանությունները կրկին սկսեցին խոսել այդ պահանջի մասին՝ փաստելով, որ հարցն իրականում օրակարգից դուրս չի եկել, պարզապես պահի անհրաժեշտություններից ելնելով որոշ ժամանակ դրան չեն անդրադառնում։

Ողջունելի էր միայն, որ Ալիևն այս ընթացքում մի քանի անգամ հրապարակային կերպով ընդունեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը տեղ չի գտել։ Եթե հետագայում Հայաստանում ազգային իշխանություն ձևավորվի ու նախքան դա Նիկոլ Փաշինյանն Ալիևի այս պահանջն էլ կատարած չլինի՝ ժողովրդին հերթական անգամ պատերազմով սպառնալով, ապա այս իրողությունը նոր իշխանություններին թույլ կտա ձերբազատվել Փաշինյանի ստանձնած պարտավորությունից, որի կատարումն աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի համար։

Այսպիսով՝ դատելով Բաքվից հնչող հայտարարություններից, հերթական անգամ պարզ է դառնում, որ այս երկիրը մտադիր չէ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Ավելին՝ Իլհամ Ալիևը առաջիկայում պատրաստվում է փուլ առ փուլ հասնել նաև իր մյուս պահանջների կատարմանը, քանի որ տեսնում է, որ Հայաստանի իշխանությունները անվերապահորեն կատարում են դրանք։

Իսկ որոնք են լինելու Բաքվի հաջորդ պահանջները․ Տավուշի 4 ոչ անկլավային գյուղերը ստանալուց հետո Ալիևի վարչախումբը պահանջելու է հանձնել Տիգրանաշենն ու Տավուշի մյուս 3 անկլավային գյուղերը։ Քանի որ այս գյուղերն Ադրբեջանի հետ ցամաքային կապ չունեն, Բաքվի ռեժիմը Երևանից պահանջելու է իրեն միջանցք տրամադրել, որով կկարողան կապվել հիշյալ 4 բնակավայրերի հետ։

Ավելի ուշ, երբ Ալիևի այս պահանջն էլ կիրագործվի՝ կրկին պատերազմ թույլ չտալու տրամաբանությամբ, Ադրբեջանի առաջնորդը կպահանջի անհապաղ բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը։ Ընդ որում, Ալիևը Երևանից պահանջում է բացառապես այնպիսի հաղորդակցություն, որտեղ հայկական կողմը ոչ մի ներկայություն չի ունենա․ Ադրբեջանի ղեկավարի համար այս համատեքստում առավել նախընտրելի է արտատարածքային միջանցքը, իսկ անհնարինության դեպքում ռուս սահմանապահների վերահսկողության տակ գտնվող ճանապարհը։

Անգամ միջանցքի տրամադրումից հետո Հայաստանին Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու բախտ չի վիճակվի։ Հաջորդիվ Ալիևն արդեն պահաջելու է, որ Հայաստանն ապահովի այստեղից հեռացած ադրբեջանցիների անվտանգ վերադարձի իրավունքը, որոնց թիվը, ըստ Բաքվի քարոզչության, գերազանցում է 300 հազարը։ Եթե Երևանը կատարի նաև այս պահանջը, ապա այն դեմոգրաֆիական աղետի կհանգեցնի, որն արդեն կասկածի տակ կդնի հայկական պետության գոյության իրավունքը։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման 6 տարվա ընթացքում Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ կորցրել է ոչ միայն ամբողջ Արցախը, այլև իր ինքնիշխան տարածքի մի քանի հարյուր քառակուսի կմ-ն, ինչպես նաև բախվել է պետականությունը կորցնելու վտանգի հետ, որի մասին անգամ Փաշինյանն է խոսում։ Այս իրավիճակում սարսափելի է անգամ պատկերացնել, թե Հայաստանի քարտեզն ինչ տեսք կունենա, եթե Փաշինյանն օրինակ ևս 6 տարի էլ մնա իշխանության ղեկին։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա ոչ մի դեպքում չի վերադարձնելու Հայաստանից օկուպացված տարածքները, այդ թվում Արծվաշենը, որի վերաբերյալ էլ Փաշինյանը վերջերս ասում էր, որ պատրաստվում են դե յուրե հիմնավորել Արծվաշենի պատկանելիությունը ՀՀ-ին։ Ալիևը շատ լավ հասկանում է, որ առանց ինչ-որ բան զիջելու էլ, հասնում է իր բոլոր պահանջների կատրմանը, իսկ նման դեպքում տրամաբանական չէ ակնկալել, որ նա ՀՀ-ին ինչ-որ բան կվերադարձնի։

Ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ փաստում է, որ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի իշխանությունից օր առաջ հեռացումն այլընտրանք չունի, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի կանգնեցնել այս կործանարար ընթացքը, խուսափել նոր կորուստներից, ինչպես նաև քայելեր ձեռնարկել ՀՀ-ի օկուպացված տարածքները վերադարձնելու համար։

Դավիթ Գույումջյան