copy image url
Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 19:00 24-04-2024

Սամվել Վարդանյանի խոշտանգումը հակահայ գրոհների շղթայի օղակ է

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանած Սամվել Վարդանյանի հակամարդկային խոշտանգումը դիմակավոր անձանց կողմից խախտել է ներքին խաղաղությունը։ Ի՞նչ ռիսկեր են առաջացել, և ինչպե՞ս կարելի է չեզոքացնել դրանք։

Արժեբանական տեսանկյունից՝ ժամանակակից աշխարհում կան երկու տիպի պետություններ՝ ժողովրդավարական և հակաքաղաքակրթական։ Վերջինները կա՛մ կործանվում, ջնջվում են երկրի երեսից, կա՛մ վերակազմավորվում որպես ժողովրդավար։ Օրինակ՝ Սառը պատերազմի արդյունքում կործանվեց Չարի կայսրությունը։

Ժողովրդավարական երկրներում ամեն ինչից վեր գտնվող օրենքն է կարգավորում հասարակական, քաղաքացի-պետություն հարաբերությունները, առանց ոտնահարելու մարդու արժանապատվությունն ու իրավունքները։ Սա նկատի ունենալով որոշ բարոյախոսական տեսություններում ժողովրդավարական երկրները որակվում են որպես մարդասիրական կամ Աստվածահաճո, իսկ հակաքաղաքակրթական երկրները՝ չար։ Չար երկրներում օրենքը ծառայում է մահակ հպատակներին ստորացնելու, նվաստացնելու, հնազանդության ու վախի մեջ պահելու համար։ Այդպիսի իշխանությունները չարիք են ոչ միայն իրենց ժողովրդի գլխին, այլև մարդկության և աշխարհի։ Եվ այս պատճառով են ժողովրդավարական երկրները համախմբված պայքարում չար իշխանությունների դեմ։

Շատերը կհիշեն տարիներ առաջ ԱՄՆ-ում տեղի ունեցած դժբախտ միջադեպը, երբ ոստիկան Դերեք Շովինը փողոցում սպանեց մանր հանցանքի մեջ կասկածվող սևամորթ ամերիկացի Ջորջ Ֆլոյդին։ Շովինը ծնկով սեղմել էր գետնին պառկեցրած Ֆլոյդի պարանոցը, այդպես պահել 8 րոպե 46 վայրկյան, ինչի արդյունքում դժբախտ Ֆլոյդը մահացել էր։ Ամերիկայի ժողովուրդը ոտքի կանգնեց, զանգվածային ցույցեր և անկարգություններ եղան։ Ոստիկան Շովինը դատապարտվեց 22,5 տարվա ազատազրկման։ Ժողովուրդն այսպես արձագանքեց, որովհետև առաջնորդվում է ժողովրդավարական, մարդասիրական արժեքներով։ Դատարանն այսպես խիստ պատժեց ոստիկանին, որովհետև ԱՄՆ-ում օրենքն ամեն ինչից վեր է։ Եթե ժողովուրդն անտարբեր մնար, չարձագանքեր, իսկ դատարանը չպատժեր ոստիկանին, ապա արժեքային ճգնաժամ կսկսվեր, ԱՄՆ-ն կվերածվեր չար, նզովյալ երկրի ու կբռներ կործանման ուղին։ Պարզ ասած՝ ցույցերն ու դատարանի խիստ վճիռը փրկեցին ԱՄՆ-ն վերահաս կործանումից։

Ենթադրելի է, որ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի և Սամվել Վարդանյանի վիճաբանության միջադեպը կազմակերպված սադրանք էր։ Սամվել Վարդանյանը նախկինում մի քանի անգամ հրապարակավ վիրավորել էր իշխանության ներկայացուցիչներին, այդ թվում՝ նույն Հակոբ Ասլանյանին։ Կասկած կա, թե պատգամավորին դրդել են կրկին բախվել Սամվել Վարդանյանի հետ, որպեսզի իրագործեն վերջինիս նկատմամբ կանխամտածված խոշտանգումը։ Իսկ խոշտանգողները եղել են դիմակով, քանի որ մեր նման չեն, հանցագործ են կամ թշնամի։ Եվ եթե նկատի ունենանք ՀՀ-ի և հայ ժողովրդի դեմ թշնամաբար տրամադրված երկրներն ու նրանց գործակալներին, ապա ենթադրելի է, որ այս սադրանքը, կանխատեսվող պատերազմի, հակահայ գրոհների շղթայի օղակ է։

Հրապարակավ ոտնահարելով օրենքն ու ժողովրդավարական արժեքները, մասնավորապես՝ մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, սադրանքի և խոշտանգման կազմակերպիչն, ի տես աշխարհի՝ ցույց տվեց, որ ՀՀ-ն ժողովրդավար կամ Աստվածահաճո չէ, չար է և կործանման արժանի։ Ժողովրդի պասիվ արձագանքը ցույց տվեց, որ արժեքներով չի առաջնորդվում և հաշտվել է աղետի հետ։ Եթե խտացնենք գույները, ապա կարելի է ասել, որ խոշտանգվել է ոչ միայն Սամվել Վարդանյանը, այլև օրենքը, արժեքները, ժողովրդավարությունը, ինչպես նաև՝ այդ ամենի երաշխավոր իշխանությունը, ներառյալ պատգամավորները։ Վերջիններս, հավանաբար, տագնապի մեջ են, որ իրենց առաջիկայում կարող է նույկերպ խոշտանգել ենթադրյալ սադրանքի անհայտ կազմակերպիչը։

Խոշտանգման անցանկալի և վտանգավոր հետևանքները կանխելու, բացառելու համար իշխանությունը կարող է օբյեկտիվ քննություն իրականացնել, հայտնաբերել սադրանքի կազմակերպչին և խստորեն պատժել, դատապարտել խոշտանգումն ու խոշտանգողներին։ Հետո հրապարակավ ներողություն խնդրել քաղաքացիներից մարդու արժանապատվությունը ոտնահարելու համար։ Իսկ Հակոբ Ասլանյանը կարող է հրապարակավ զղջալ սադրանքին մասնակից լինելու համար և դնել մանդատը, զբաղվել այլ, հանրօգուտ աշխատանքով։

Այսպիսի քայլերի արդյուքնում ժողովուրդը կվերգտնի ներքին խաղաղությունը։ Մարդիկ կրկին ակտիվորեն կներգրավեն հանրային կյանքում, հայրենիքի պաշտպանության ու հզորացման գործին։ Հակառակ պարագայում՝ ՔՊ-ական ղեկավարների վրա կմնա սադրանքի պատասխանատվությունը, դրանից բխող աղետալի հետևանքներով։

Թաթուլ Մկրտչյան