copy image url
Ներքին Արտաքին Միտք 1 շաբաթ առաջ - 16:30 22-04-2024

Երևա՞նը, թե՞ Բաքուն․ ըստ Թեհրանի՝ ով է օտարերկրյա զորքերին բերում տարածաշրջան

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է՝ Թեհրանը միշտ ընդգծել է, որ օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս չի նպաստում անվտանգության ու կայունության հաստատմանը և տարածաշրջանի ժողովուրդների շահերի ապահովմանը։

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ Հարավային Կովկասի անվտանգությունը Իրանի կարևորագույն առաջնահերթություններից է։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Հարավային Կովկասի անվտանգությունն ազդում է ողջ տարածաշրջանի անվտանգության վրա։

Քանաանին նաև հայտնել է, որ Իրանի ռազմավարությունն առկա մեխանիզմների օգտագործմամբ բանակցություններ և բազմակողմ երկխոսություն վարելն է՝ Հարավային Կովկասում տարաձայնությունները լուծելու և խաղաղություն, կայունություն և անվտանգություն հաստատելու նպատակով։

«Հարավային Կովկասում ռազմականացման մեծացմանն ուղղված ցանկացած մոտեցում կբարդացնի տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և կվնասի տարածաշրջանում խաղաղ գործընթացին, իսկ Իրանը դա չի ընդունի։ Տարածաշրջանի երկրները չեն ցանկանում ձևավորել մեխանիզմներ, որոնք կբարդացնեն իրավիճակը տարածաշրջանում»,- հայտարարել է նա։

Գաղտնիք չէ, որ պաշտոնական Թեհրանը միշտ էլ դեմ է արտահայտվել, որ արտատարածաշրջանային ուժերը ներգրավվեն տարածաշրջանային գործընթացներում և միջամտեն դրանց։ Իրանի իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ նման միջամտությունները տարածաշրջանում անկայունություն ու քաոս կառաջացնեն, ուստի անհրաժեշտ է, որ խնդիրները լուծվեն բացառապես տարածաշրջանային երկրների մասնակցությամբ։

Արտատարածաշրջանային դերակատարների հնարավոր միջամտությունները կանխելու նպատակով էլ պաշտոնական Թեհրանը կողմ արտահայտվեց տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափի գործարկմանը, որի նախաձեռնողները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն էին։ Ավելին՝ 2023-ի հոկտեմբերին, երբ Արցախի ամբողջական բռնազավթումից հետո տարածաշրջանում իրավիճակի սրման իրական վտանգ կար, այս ձևաչափը գրեթե 2 տարվա դադարից հետո հենց Թեհրանի նախաձեռնությամբ վերագործարկվեց։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի այս հայտարարությունից հետո հարց է առաջանում, թե իրանական կողմի քննադատության սլաքներն ուր են ուղղված։ Հաշվի առնելով ներկայումս տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները՝ կարծում ենք, որ Թեհրանի քննադատության հնարավոր հասցեատերերը երկուսն են՝ Երևանը, Բաքուն, կամ երկուսը միասին։

Առավել հավանական է, որ այս և նմանաբովականդատ մյուս հայտարարություններով Իրանը մեղադրում է Ադրբեջանին։ Հատկապես Իրանի և Իսրայելի միջև վերջին լարվածության ֆոնին բազմաթիվ քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ պնդում են, որ Ադրբեջանի իշխանությունները համաձայնել են բռնազավթված Արցախի տարածքը տրամադրել Իսրայելին՝ այն Իրանի դեմ հետագա գործողություններում որպես պլացդարմ օգտագործելու համար։

Եթե նախկինում իսրայելական ներկայություն էր հաստատվել միայն օկուպացված Կովսականում (առավել հայտնի Զանգելանում-խմբ․), որը սահմանակից էր Իրանին, ապա ներկայումս Իսրայելը մեծացրել է իր ներկայությունը ամբողջ Արցախի տարածքում։ Իրանին անշուշտ անհանգստացնում է այն հանգամանքը, և վերջինս փորձում է ամեն գնով կանխել այս արկածախնդրությունը, քանի որ դրա հետևանքներն աղետալի կլինեն ողջ տարածաշրջանի համար։

Չի բացառվում նաև, որ Թեհրանը սկսել է ձայնակցել Մոսկվայի մեղադրանքներին ու պնդել, որ հենց Հայաստանն է օտարերկրյա ուժերին բերում տարածաշրջան։ Թեև այս մեղադրանքն իրականության հետ աղերս անգամ չունի, այնուամենայնիվ հնարավոր է, որ Իրանը սկսել է տուրք տալ ՌԴ-ի քարոզչությանը և Հայաստանին մեղադրել տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնող փորձերի մեջ։

Կարծում ենք, որ իրականում Թեհրանի մեղադրանքների իրական հասցեատերը հենց Բաքուն է, քանի որ միայն վերջինիս գործողություններն են տարածաշրջանում ապակայունացման իրական վտանգներ ստեղծում, սակայն նման անհասցե կոչերով իրանական կողմը զգուշացնում է նաև Երևանին, որպեսզի վերջինս զերծ մնա իր տարածքում օտարերկրյա ուժեր տեղակայելուց, որի մտադրությունն առնվազն ունի։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
16:00 Խանութ էր գնում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային վաղը կհուղարկավորեն
23:28 Պետք է մեծ պարիսպներ սարքենք, որ Փաշինյանին չտեսնենք. հարցում` վարչապետի պատասխանի հետքերով