Երևան +24°
copy image url
Միտք Ներքին 4 շաբաթ առաջ - 23:30 27-03-2024

Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ

Ֆեյսբուքի այս էջից տեղեկանում ենք՝ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հիմնադրվել է 2021թ. ապրիլին՝ ԱԱԾ նախկին ղեկավար կազմի անդամներ Հրանտ Եպիսկոպոսյանի, Վրեժ Արզումանյանի և Միքայել Համբարձումյանի կողմից։

Դատելով էջի բովանդակությունից՝ ՀԿ-ն հիմնականում հրապարակում է տեքստեր հատուկ ծառայությունների պատմության, այդ համակարգի երախտավորների մասին։

Մարտի 27-ին, սակայն, ՀԿ-ն հանդես է եկել «Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը» վերնագրով նախազգուշական-ուսուցողական խրատանիով։ Այն, ըստ ամենայնի, նվիրված է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայաստանյան իշխանությունների նախաձեռնությամբ ռուսական սահմանապահ զորքերի հանման խնդրին։

Ռուս սահմանապահներից փաշինյանական իշխանության հրաժարումը շատ սրտամոտ ընդունելով՝ ՀԿ-ն այն որակել է որպես հակառուսականության ալիքի զարգացում՝ կանխատեսելով, որ Ռուսաստանի հետ պառակտող քայլերը դեռ կշարունակվեն և միանշանակ կվնասեն Հայաստանի սահմանների առանց այն էլ թույլ պահպանությունը։

Սա խոստովանում է մի կառույց, որին անդամակցողները հատուկ մարմինների նախկին աշխատակիցներ են և պետք է, որ իրենց երբեմնի գործունեության բերումով լավ տեղյակ լինեին թե՛ սահմանի պահպանությանն ուղղված համակարգերի գործունեությանը, թե՛ ընդհանրապես ազգային անվտանգության ոլորտում տիրող իրավիճակին, այդ թվում՝ պրոբլեմներին։

Եվ պետք է լուծեին պրոբլեմները, այնպիսի վիճակ չստեղծվեր ու շարունակվեր, որ, օրինակ, հայկական սահմանն այդքան կախման մեջ դրվեր երրորդ երկրի սահմանապահ ուժերից։
ՀԿ-ի բերած պատճառաբանությունները՝ կապված Հայաստանի կողմից սեփական ուժերով հայ-թուրքական սահմանի պահպանությունն անհնար լինելու հետ, իրենց իրական լինելով՝ վրդովեցուցիչ են, սակայն այդ ցանկում ամենախայտառակը «հայ-թուրքական սահմանում գործում է դեռևս Խորհրդային Միության տարիներից սկսած ինժեներական կառույցներ և միջոցներ, որոնց պահպանումը, սպասարկումը ոչ միայն ֆինանսական մեծ ծախսեր են պահանջում, այլև այդ կառույցների, միջոցների համար նեղ մասնագիտացված կադրեր»-ն է։

Խորհրդային Միությունը, ինչպես գիտենք, դադարել է գոյություն ունենալուց դեռ 1991 թվականին։ Ուրեմն, պարոնա՛յք նախկին սպաներ, նախքան «ժողվարչապետի» 2018 թվականի իշխանազավթումը, ամբողջ 27 տարվա ընթացքում, ինչպե՞ս չկարողացաք «պահպանել», «սպասարկել» և լուծել սահմանի «ինժեներական» բաղադրիչի խնդիրը․ դեռ չխոսենք այդ ինժեներականի ֆինանսավորման բացակայությունից։ Ի՞նչ է ստացվում՝ դուք, գոնե, ձեր աշխատանքի բերումով լինելով լավատեղյակ՝ ինչո՞ւ այդ լրջագույն հարցերը թողեցիք առանց լուծման։ Եթե դուք այդքան կարևորում եք Հայաստանի անվտանգության հարցը՝ ինչո՞ւ է ձեր սրտացավությունն արտահայտվում 2024 թվականին։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանն առավել ևս չի զբաղվի Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմամբ, նա հաստատաբար՝ դրա՛ համար չէ իշխանության եկել, գոնե վերջին 4 տարիների ողբերգական իրողություններն ասվածի անհերքելի ապացույցն են։ Բայց ձեր պատասխանատվության շրջանի «արդյունքները» ևս, փաստորեն, ոչնչով չեն բարձրացրել երկրի պաշտպանունակությունը։ Եվ հիմա «մարգարեանալը» նույնպես չի նպաստի Հայաստանի ուժեղացմանը։

Ցավով արձանագրելով այսքանը՝ պետք է նշենք, որ «նախկին» թե «ներկա» բոլորն իրենց մեծ մեղքն ունեն Հայաստանի թուլացման և մասնատվելով ոչնչացման կանխատեսվող ճակատագրում, ուղղակի մի մասը տառապում է «արևմտյան», մյուսը՝ «ռուսական» սինդրոմներով։

Տիգրան Աթանեսյան