Երևան +30°
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 4 շաբաթ առաջ - 19:30 27-03-2024

ՌԴ-ում ապրող հայերի մասին հիշեցումները պայմանավորված են ՀՀ-ի հակառուսական քաղաքականությամբ

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա բարդ շրջանը կանցնի։ Նա հերթական անգամ նաև նշել է, որ ՌԴ-ում ավելի շատ թվով հայեր են բնակվում, քան Հայաստանում։

«Այժմ բավական բարդ շրջան է մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։ Դա ավելին է, քան եղբայրությունը, քանի որ Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում»,- ասել է նա։

Oragir.News-ը հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանից հետաքրքրվեց, թե ինչու է Կրեմլի խոսնակը հաճախակի հիշեցնում ՌԴ-ում բնակվող հայերի մասին։ Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց, որ Դմիտրի Պեսկովը նաև նշել է, թե Ռուսաստանում բնակվող հայերն ինչ դեր և կարևորություն ունեն երկկողմ հարաբերություններում, հատկապես ՀՀ մասնավոր տրանսֆերտներ ուղարկելու հարցում։

«Այսինքն՝ նշվել է, որ նրանք բավականին լավ տնտեսական վիճակում են գտնվում և կարողանում են Ռուսաստանում վաստակած միջոցներն ուղարկել նաև Հայաստան՝ այստեղ ապրող իրենց հարազատներին, և դա ՀՀ-ի տնտեսության համար էական նշանական ունի։ Դա իհարկե այդպես է»,- ասաց նա։

Ղազարյանը նշեց, որ վիճակագրական տվյալներին ծանոթ չէ, թե կոնկրետ որքան հայ է ապրում Հայաստանում և Ռուսաստանում, սակայն կարծում է, որ թվերը պետք է մոտ լինեն։ Նա հիշեցրեց, որ Ռուսաստանում մեծ թվով հայեր են ապրում և աշխարհում ամենամեծ հայկական սփյուռքը հենց ՌԴ-ում է, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում. «Այս իմաստով Պեսկովի ասածի մեջ ճշմարտություն կա, և իսկապես հայերը մեծ նշանակություն ունեն՝ թե՛ ՌԴ-ի հանրային կյանքում, թե՛ հայ-ռուսական հարաբերություններում»։

Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ ասվածը միայն ՌԴ-ում ապրող հայերին չի վերաբերում. ցանկացած երկրում հայկական սփյուռքը վճռորոշ նշանակություն ունի այդ երկրների և Հայաստանի հարաբերությունների զարգացման տեսանկյունից։

Հարցին, թե Պեսկովի հայտարարությունները վկայո՞ւմ են այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության խորացման դեպքում ՌԴ-ում բնակվող հայերի մի մասին կարող են արտաքսել՝ Էդգար Ղազարյանը նշեց՝ չի կարծում, որ արտաքսում կլինի, քանի որ դա նախևառաջ իրավական ռեժիմ է։ Ըստ նրա՝ եթե կոնկրետ քաղաքացին խնդիրներ չունի, ապա հավանական չէ, որ նա տվյալ երկրների կողմից հանիրավի նման վերաբերմունքի արժանանա։

«Սակայն ակնհայտ է, որ միևնույն չէ, թե Հայաստանը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունի՞, թե՞ վատ, և դա ինչ անդրադարձ կունենա այնտեղ ապրող հայերի վրա։ Պատկերացրեք՝ եթե հայ-ֆրանսիական հարաբերություններում լարվածություն լինի, ո՞նց կարող է դա չանդրադառնա Ֆրանսիայում ապրող հայերի վրա, կամ Իրանի հետ հարաբերությունների վատթարացումը ո՞նց կարող է չանդրադառնալ իրանահայերի վրա։ Խոսքը վերաբերում է ոչ միայն իշխանություններին, այլև հասարակությանը, որի վերաբերմունքը փոխվում է, և ճիշտ հակառակը՝ լինում է նաև դրական իմաստով»,- ասաց Ղազարյանը՝ շեշտելով, որ ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունը մշակելիս ու իրականացնելիս միշտ հաշվի է առել տվյալ երկրում բնակվող մեր հայրենակիցների հանգամանքը, որպեսզի իր գործողություններն առնվազն բացասաբար չանդրադառնան այդ մարդկանց բնականոն կյանքի ու գործունեության վրա։

Ճշտող հարցին, թե ինչու ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան Հայաստանին նման հիշեցումներ չէին անում, երբ ՀՀ-ն ռուսամետ կուրս էր վարում, Էդգար Ղազարյանը հակադարձեց, որ ՀՀ-ն երբեք հակամերիկյան, կամ հակաեվրոպական քաղաքականություն չի վարել։ Նրա համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները ներկայումս վարում են ընդգծված հակառուսական քաղաքականություն, և Մոսկայվի հիշեցումներ դրանով են պայմանավորված.

«Այսինքն՝ Հայաստանը միշտ էլ տարբեր երկրների հետ վարել է նորմալ, բարեկամական հարաբերություններ՝ հաշվի չառնելով անգամ նրանց մեջ գոյություն ունեցող հարաբերությունների դրական, կամ բացասական դինամիկան։ Իսկ հիմա ՀՀ իշխանությունները ընդգծված հակառուսական քաղաքականություն են վարում, ինձ թվում է դա է հիշեցումների պատճառը»։

Էդգար Ղազարյանը հավելեց, որ ՀՀ-ն ԱՄՆ-ի, կամ եվրոպական որևէ պետության դեմ քաղաքականություն երբեք չի վարել։ Նրա խոսքով՝ ներկայիս հակառուսական քաղաքականությունը նոր մոտեցում է, և այն հակադիր է ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններին։

«ՀՀ արտաքին քաղաքականության որպես գլխավոր ուղղություն սահմանված է բարեկամական հարաբերությունների զարգացումը բոլոր երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ, իսկ ՀՀ ներկայիս իշխանությունները հակադրվել են մեր արտաքին քաղաքականության գերակայություններին և կոնկրետ Ռուսաստանի դեմ վարում են ընդգծված հակառուսական և ոչ բարեկամական քաղաքականություն»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան