Անպետք իրերից վախը․ չուլանացման գործընթաց է սկսվում 
copy image url

Անպետք իրերից վախը․ չուլանացման գործընթաց է սկսվում 

Միտք Ներքին 1 օր առաջ - 09:05 30-05-2025
Անպետք իրերից վախը հաղթահարելու համար բազմաթիվ երկրներում ավանդական միջոցառումներ են կազմակերպում, որոնց ժամանակ ժողովուրդը միասնաբար ազատվում է անպետք իրերից։

Շրջակա միջավայրի մաքրության ջատագովությունը ևս դրդում է, որ մարդիկ ազատվեն անպետք իրերից։ Քրիստոնեական՝ «մարմինդ մաքուր պահիր» հորդորը նույնպես փոխաբերական իմաստով նշանակում է, որ մարդը պետք է իր շրջապատը մաքուր պահի, այդ թվում՝ հեռացնի այն անպտեք իրերը։

Անպետք իրերի մեծ մասը հին են, օգտագործված, մաշված։ Հին, մաշված, օգտագործված իրերը խորհրդանշում են աղքատություն, հետամնացություն ու նման վատ բաներ։ Դրա համար մարդը ձգտում է անպետք իրերից ազատվել, որ իրեն չզգա աղքատ, հետամնաց, մերժված։

Անպետք իրերը ժամանակի ընթացքում վերածվում են աղբի։ Այդ հեռանկարը նույնպես նպաստում է, որ մարդն ազատվի անպետք իրերից։ Մարդն իրեն ասոցիացնում է անպետք իրերի հետ և վախենում, որ մի օր կարող է վերածվել աղբի։ Այդ ասոցիացիան ցրելու համար նա ազատվում է անպետք իրերից։

Ենթադրելի է, որ անպետք իրերից վախ ունի նաև պաշտոնյաները, քանի որ նրանք էլ մեզ պես սովորական մարդիկ են։

«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացվա՛ծ: Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում, տեսնում ես՝ ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, «աբալովկի» հին կտորներ, արմատուրայի հին, ժանգոտ կտորներ: Մտնում ես... Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է հոգևոր հաղորդակցություն ունենալու։ Մեկ էլ մտնում, տեսնում ես՝ այնտեղ աղբ է լցված, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, հին կռավաթը...»,- Կառավարության մայիսի 29-ի նիստում ասել է Փաշինյանը, առանձնակի վրդովմունք դրսևորելով անպետք իրերի վերաբերյալ։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա հոգատար վերաբերմունք է շրջակա միջավայրի, եկեղեցու, հուշարձանի նկատմամբ։ Սակայն հաշվի առնելով աշխարհիկ և հոգևոր իշխանությունների անհաշտ փոխհարաբերությունները, միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններն ու պիտակումները, ենթադրելի է, որ այսպիսով Փաշինյանը փորձել է հակադարձել ու եկեղեցուն վատաբանել։

Զուգահեռաբար կասկած առաջացավ։ Վարչապետը վախ ունի՞ անպետք իրերից։

Ինչո՞ւ Կառավարության ղեկավարը եկեղեցու, հոգևոր անվտանգության, աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների ներդաշնակության խնդիրները մի կողմ թողած, ուշադրություն է սևեռում անպետք իրերի վրա։ Եթե իսկապես եկեղեցիների, վանքերի ու նրանց շրջակայքի մաքրության, մարդկանց հոգևոր հաղորդության խնդիրները նրան հետաքրքրեին, ապա արմատապես կվերանայեր եկեղեցու, հոգևորականների նկատմամբ ատելությամբ լի վերաբերմունքը, հարգանքով կխոսեր նրանց մասին, հարկատուների միջոցներից կուղղեր եկեղեցու մաքրությանը, կահավորմանը, շրջակա միջավայրի բարեկարգմանը։ Եթե այս ամենը չկա, բայց նրան վրդովվեցնում է եկեղեցու շրջակա միջավայրի անբարեկարգ վիճակը, ապա ենթադրելի է, որ նա վախ ունի անպետք իրերից, չուլանից։

Եթե Նիկոլ Փաշինյանն ունի անպետք իրերից վախ, ապա ենթադրելի է, որ առաջիկայում նա իր շրջապատը կմաքրի։ ՔՊ շարքերում բազմաթիվ հին, օգտագործված, մաշված, հեղինակազրկված անդամներ կան։ Նրանցից ազատվելը և նոր, թարմ, գեղեցիկ, մաքուր մարդկանցով շրջապատվելը, ենթադրաբար՝ կփոխի նաև հանրության վերաբերմունքը։ Այդ մասին օրեր առաջ ակնարկել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նշելով, որ ՔՊ ապագա վարչությունում էական փոփոխություններ են լինելու, ավելի շատ կանանց են ներգրավելու։ Համադրելով այս ամենը, ենթադրելի է, որ Փաշինյանի՝ չուլանացման մասին ակնարկը տագնապ է առաջացրել ՔՊ վերին էշէլոնում։

Կարճ ասած՝ ենթադրելի է, որ եկեղեցին ու ՔՊ-ն անպետք իրերի հանդեպ առաջիկայում վերաբերմունք կփոխեն։ ՏԻՄ-երը, ՔՊ-ամերձ օլիգարխները, վարչապետի քննադատությունն իրենց վրա վերցնելով, կշտապեն իրենց աջակցությունը հայտնելու եկեղեցուն, ներդրումներ կատարելով վանքերն ու շրջակայքը մաքրելու, բարեկարգելու հարցերում։ Իսկ ՔՊ-ում կսկսի չուլանացման գործընթաց, որի ժամանակ անպետք դարձածները հարմար կտեղափոխվեն իշխանությանը հարակից չուլանում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված