Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին Խոսք 2 տարի առաջ - 19:00 20-03-2024

Մոսկվան շահագրգռված է. Տավուշի գյուղերի հանձումը կմեծացնի ՌԴ-ի ազդեցությունը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Մինչ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերն Ադրբեջանին հանձնելու հնարավարությունը, պաշտոնական Մոսկվան պնդում է, որ ոչ մի ներգրավվածություն չունի այս գործընթացում։ Նախօրեին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Տավուշի գյուղերը հանձնելու հայտարարությունը կապված չէ ՌԴ-ի հետ՝ ստեղծված իրավիճակի համար մեղադրելով ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին ու Վաշինգտոնին։

Այսօր արդեն Զախարովան համոզմունք էր հայտնել, որ սեփական բնակչությանն ահաբեկելը Հայաստանին ձեռնտու արդյունքի հասնելու լավագույն միջոցը չէ։

«Պետք է այդ հարցերը լուծել հանգիստ, կառուցողական ձևով, և դրա մեխանիզմը կա․ դա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովը։ Մենք պատրաստ ենք օգնել այդ աշխատանքին՝ հաշվի առնելով մեր հարուստ փորձը։ Աշխատանքը պետք է իրականացվի այդ կառույցի շրջանակում՝ վերը նշված սկզբունքների հիման վրա»,- ասել է Զախարովան՝ վերահաստատելով, որ ՌԴ-ն կապված չէ այս հարցում հայկական կողմի որոշումների հետ։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն ընդգծեց՝ Ռուսաստանը գուցե ուղղակիորեն ներգրավված չէ այս գործընթացում, սակայն անուղղակիորեն այս երկիրը ներգրավվածություն ունի։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն անընդհատ աջակցում է այն գաղափարին, որ Ադրբեջանը պետք է ագրեսիայի դիմի։

Քաղաքագետի համոզմամբ՝ Ռուսաստանը բավականին ուրախ կլինի, եթե Հայաստանի իշխանությունները 4 ոչ անկլավային գյուղերը հանձնեն Ադրբեջանին։ Նա շեշտեց, որ ռուսները Ոսկեպարի մոտ ունեն սահմանային հենակետ, և եթե հայկական կողմը տարածքները հանձնի, ապա ճանապարհը և Ոսկեպարի անվտանգությունը խնդրահարույց կդառնան, իսկ ռուս սահմանապահների ու ռուսական ուղեկալի դերը էապես կմեծանան։

«Այսինքն՝ Ռուսաստանը համենայն դեպս այդ հատվածում կկարողանա վերահսկողություն սահմանել։ Ուստի կարծում եմ, որ այստեղ Ռուսաստանի շահերը համընկնում են Ադրբեջանի շահերի հետ»,- ասաց նա՝ համաձայնելով մեր այն դիտարկմանը, որ Զախարովայի հայտարարությունն ավելի շատ քարոզչական բնույթ ունի։

Հարցին, թե Հայաստանը հնարավորություն ունի՞ Տավուշի 4 գյուղերը չհանձնել, բայց նաև չներքաշվել պատերազմի մեջ, ինչի մասին վերջին օրերին սպառնում է Նիկոլ Փաշինյանը, Արմեն Բաղդասարյանը պատասխանեց՝ եթե Հայաստանի իշխանությունները մտադրվել են այդ գյուղերը հանձնել, ապա այդպես էլ կանեն։ Ըստ նրա՝ Հայաստանը ունի Տավուշի գյուղերը չհանձնելու և պատերազմից խոսափելու հնարավորություն, սակայն պայմանով, որ այս իշխանությունները պետք է հեռանան։

Արմեն Բաղդասարյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ 4 գյուղերի հանձնումը ոչ մի կապ չունի սահմանազատման գործընթացի հետ, դա այդ գործընթացի շրջանակներում տեղի չի ունենում։ «Սահմանազատումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դրա իրավական հիմքերի շուրջ կա համաձայնություն, այսինքն՝ ինչի հիման վրա է դա արվում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդպիսի համաձայնություն չկա, հետևաբար սահմանազատումը չի սկսվել, իսկ եթե նախքան գործընթացի մեկնարկը ՀՀ-ն համաձայնել է ինչ-որ տարածքներ հանձնել, նշանակում է դա առանձին գործընթաց է»,- նկատեց նա։

Քաղաքագետը շեշտում է՝ սա ոչ թե սահմանազատման գործընթաց է, այլ Հայաստանի իշխանությունները տեղի են տալիս Ադրբեջանի ճնշումներին և միակողմանի զիջումներ կատարում։

Մեր հարցին, թե այս զիջումների դեպքում Ադրբեջանը կհամաձայնի՞ վերադարձնել Արծվաշենը կամ ՀՀ 31 գյուղերից օկուպացված տարածքները, Արմեն Բաղդասարյանը բացասական պատասխանեց՝ ընդգծելով, որ Ադրբեջանը ոչինչ չի վերադարձնի։ Նա հիշեցրեց՝ Ադրբեջանը նախապես հայտարարել է, որ դրանք չի վերադարձնելու, իսկ Հայաստանի իշխանություններն էլ հաստատել են դա.

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է, որ ադրբեջանցիներն անգամ չեն ուզում լսել այդ 31 բնակավայրերի տարածքների վերադարձի մասին։ Հետևաբար՝ հավանականությունը, որ Ադրբեջանն ինչ-որ բան կվերադարձնի, զրոյական է»։

Արմեն Բաղդասարյանը հավելեց՝ շատ ավելի հավանական է, որ հաջորդ փուլում Ադրբեջանը նոր պահանջներ կներկայացնի։ Ըստ նրա՝ Ադրբեջանը հաջորդիվ կպահանջի անկլավները և անխոչընդոտ ճանապարհների տրամադրում դեպի այդ անկլավներ։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան