Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:50 09-03-2024

Մեր երկրում որակյալ երաժշտությունն է խեղճացել. ջազ երգչուհի Արփենիկ

Oragir.News-ը կանանց միամսյակի շրջանակում զրուցել է ջազ երգչուհի, թավջութակահարուհի Արփենիկ Հակոբյանի հետ՝ անդրադառնալով ջազին, դասական ու որակյալ երաժշտությանը, թատրոնի ու երաժշտության միջև ընտրություն կատարելուն, պատերազմական ընթացքին ու Արցախի կորստին:

Երգչուհին պատմել է նաև հղիության շրջանում ակտիվ ու առողջ ապրելակերպ վարելու մասին:

- Արփենիկ, բազմիցս նշել ես, որ մայրդ երաժշտական դպրոցի ընդունելության քննության արդյունքների ցուցակները դիտելիս է պարզել, որ ջութակի դասարան ընդունվելու փոխարեն թավջութակի դասարանում ես։ Կպատմե՞ս՝ ընտանիքում ինչպես էին վերաբերվում «պատահաբար» ընտրված գործիքին հաճախելու որոշմանը։

- Ընտանիքս այդ ժամանակ մեծ չէր՝ ես ու մայրս էինք։ Սկզբում, բնականաբար, մայրս շատ էր զարմացել, որովհետև չէր գտել անունս ջութակի դասարան ընդունվածների ցուցակում։ Շատ հուզվել էր, երբ անունս գտել էր թավջութակի դասարան ընդունվածների շարքում, որովհետև իրեն բացատրել էին, որ իսկապես լավ ընտրություն եմ կատարել, և որ թավջութակի դասարան գնալը հիասքանչ միտք է։ Իհարկե, մայրս հասկանում էր, որ գործիք տանել-բերելը, միգուցե, հեշտ չի լինի (մինչև հինգերորդ-վեցերորդ դասարան մայրիկս էր գործիքս տրանսպորտով տանում-բերում, հետո միայն՝ ես)։ Ինձ նվիրեցին նաև գործիք, աղեղներ, և մենք ստիպված չեղանք դրանք գնել, իսկ բոլոր ընթացիկ, բոլոր հաշվետու համերգներին ես պարտադիր նվագում էի։ Մայրիկս երջանիկ էր՝ չնայած առկա դժվարություններին։



- Քո կենսագրականում հետաքրքիր է այն փաստը, որ սովորել ես Թատրոնի և կինոյի ինստիտուտում։ Ինչպե՞ս երաժշտությունը կարողացավ հաղթել թատրոնին:

- Թատրոնը ընտրություններից մեկն էր, որը ես փորձեցի և շատ ուրախ եմ կյանքիս այդ ժամանակահատվածում ստացածս այն կրթության համար, որի օգտակարությունը հիմա է երևում արտիստների հետ, տարբեր թատերական և պոետիկ նախագծերում իմ համագործակցություններով։ Կարող եմ ասել, որ թատրոնը, ամեն դեպքում, չի կորել, բայց երաժշտությունն էլ չի հաղթել․ պարզապես դարձել է իմ մասնագիտական ոլորտի մասնիկներից մեկը, ինչի շնորհիվ էլ ստացվում է բազմերանգ ու բազմաժանր ստեղծագործական դաշտ ունենալ։

- Ո՞ր պահին զգացիր, որ սիրահարված ես ջազին ու պիտի թողնես դասականը:

-Դասական երաժշտությունը չեմ թողել․ հիմա էլ նվագում եմ տարբեր նախագծերի շրջանակում։ Ինչ վերաբերվում է ջազին, սիրահարված եմ եղել շատ վաղ տարիքից, երբ ջազ լսում էի դեռ սկավառակներով։ Տասներեք-տասնչորս տարեկանից բոլոր երևանյան ակումբներում կենդանի կատարմամբ հետևել եմ underground ջազ երաժշտությանը։ Ջազային մենանվագներին սկսեցի տիրապետել ավելի ուշ՝ քսանմեկ-քսաներկու տարեկանում՝ կոնսերվատորիայում սովորելու տարիներին, երբ ավելի լուրջ սկսեցի ուսումնասիրել ջազային հարմոնիան, կոմպոզիցիան, իսկ ժամանակի հետ կատարելագործեցի ջազի հետ եկող վարպետությունները, հմտությունները։ Դասական երաժշտությունը միշտ եղել է ճանապարհի կողմնացույցը, որովհետև առանց դասական երաժշտության դաստիարակության շատ դժվար է տեխնիկա ձեռք բերել։ Երբեմն մարդկանց համար դժվար է դասականից անցնել ջազի, և այն միշտ իր հետքը թողնում է, բայց այս պահին ես չեմ պատկերացնում հակառակ ձևը․ այսպես կարողանում եմ դասավանդել, բացատրել, կարդում եմ նոտաներ՝ ունենալով գրագիտության բարձր որակ։



-Այն արվեստագետներից ես, որ, երկար տարիներ ապրելով հայրենիքի սահմաններից դուրս, քո արվեստով շարունակել ես «կպած մնալ» քո հողին: Ինչպիսի՞ զգացողություններ ունեցար Արցախի կորստից հետո: Ջազն օգնե՞ց, որ հեշտ հաղթահարես այդ շրջանը:

-Կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ չենք հաղթահարի պատերազմի փաստը ու նրանից հետո կատարված փոփոխությունները։ Ես, փաստորեն, այն սերունդներից եմ, որ տեսել եմ պատերազմը, 30 տարի լսել ու մեծացել եմ պատերազմի ներքո և նաև ականատես եմ եղել այս պատերազմին։ Երաժշտությունը միշտ օգնում է ամենաանելանելի վիճակից դուրս գալ, և կապ չունի՝ ինչպես։ Ես կարծում եմ, որ այսօր ես ավելի աշխարհի երաժշտության ոճի մեջ եմ, որտեղ ինձ կոմֆորտ է, որտեղ կարողանում եմ մտքերս արտահայտել և չզգալ, որ ինձ դնում են փակագծերի մեջ։

Երաժշտությունը շատ օգնեց թե՛ քովիդին, թե՛ պատերազմի ընթացքում․ շատ ստեղծագործություններ կարողացա գրել, գործիքավորել, երգել, ձայնագրել, տեսահոլովակներ նկարել։ Ստացվեց, քանի որ ցավի մեջ ցավից դուրս արտահայտվել ստացվում է երաժշտությամբ, իսկ եթե չլիներ երաժշտությունը, ես, երևի, կգրեի։



- Երաժշտությունը ամենախոցելի մասնագիտություններից է, որովհետև հատկապես վերջին տարիների ցավալի ժամանակահատվածներում հանրությունը մեծ քննադատության է ենթարկում ոլորտի ներկայացուցիչներին՝ օրինակ՝ համերգներ տալու համար: Կարծո՞ւմ ես, որ երաժշտությունը հասարակության համար դարձավ «ուրախ ժամանակների միջոց»:

- Մոցարտն է ասել՝ ամենաաղետալի իրավիճակում անգամ պետք է երաժշտությունը շոյի մարդու ականջը և սիրտը։ Իրականում երաժշտությունը միայն ուրախության առիթ չպիտի լինի․ մեր երկրում երաժշտությունը քննադատությունների է ենթարկվել, քանի որ վերածվել է բացառապես ժամանցի, քեֆ-ուրախության, այլ ոչ թե արվեստի ու ապրելակերպի միջոցի։ Մեր երկրում այս մտածելակերպով նորմալ չէ, երբ առավոտյան արթնանում ես, լվանում ես ատամներդ, երեսդ, ինչ-որ բան ես ուտում՝ օրինակ՝ Շոպեն լսելով։ Շոպենը առավոտյան արթնացնում է ուղեղդ, բացում՝ սիրտդ, ու դու կարողանում ես ավելի բարի գտնվել այդ օրվա ամեն կատարվածի հանդեպ․ բացվում ես, ընդունում ես։ Շատ նուրբ բան է։ Պատերազմի շրջանում մի քանի ներկայացում ստիպված եմ եղել հանել․ դատարկություն կար մեջս։ Այդ օրերին չէի կարողանում որևէ մեկի ներկայությամբ նվագել, բայց տանը կարող էի նստել, նվագել, երգել, հուզվել․ շատ բարդ ու ցավոտ շրջան էր։ Կարծում եմ՝ թե՛ մեր հեռուստաընկերությունները, թե՛ մեր ռադիոները պիտի մի քիչ ավելի դասականը առաջ քաշեն, որպեսզի հասարակությունը ունենա մշակույթ՝ լսելու երաժշտություն ոչ միայն ժամանցի համար։

- Ի՞նչ վիճակում է հայկական ջազը: Որտե՞ղ է այն «խեղճանում»:

- Ընդհանրապես՝ մեր երկրում որակյալ երաժշտությունն է խեղճացել։ Իսկ ամբողջ աշխարհում, իհարե, ջազ երաժշտությունը առաջվանը չէ, որովհետև ջազի մարդկանց համար այնքան էլ հեշտ չէ նորմալ կյանք ապահովել։ Հայկական ջազի մասին խոսելիս՝ պիտի նկատել, որ համերգասրահները չեն նվագում այնքան հաճախ, որքան ես կուզենայի հայկական ջազը հնչեր տարբեր հարթակներում։ Եթե համեմատենք տասնհինգ տարի առաջվա հայկական ջազը այսօրվա հայկական ջազի հետ, կարող եմ ասել, որ ավելի լավ վիճակ է, քանի որ մենք ունենք մեր ջազ ակումբը, ջազ երաժշտություն լսելու հնարավորություն գրեթե ամեն օր կա։ Իսկ թե ինչ կարող ենք անել, որ ավելի լավ լինի, այս պահին կդժվարանամ ասել։



- Այս ամիսներին դու ապրում ես կնոջ ամենաբերկրալի զգացողությունը՝ կրծքի տակ զավակ կրելը: Ի՞նչ զգացողություն է դա: Այս կարգավիճակով դու նաև ակտիվ առողջ ապրելակերպ ես վարում, քո խորհուրդը հղի կանանց:

- Հարցը շատ լավն է։ Նախ՝ ասեմ, որ եթե բժիշկները հղի կնոջը խորհուրդ են տալիս զգույշ լինել, անկողնային ռեժիմում լինել, ես այն հղիներից եմ, որ բացառապես դեմ եմ ոչ ակտիվ կյանքին։ Ես առաջնածին հղի եմ․ 36 տարեկան եմ և իմ ամբողջ հղիության ընթացքում շաբաթը գրեթե 5-6 օր զբաղվել եմ ամենատարբեր սպորտաձևերով, ու շատ լավ տրամադրություն եմ ունեցել, սիմպտոմներս էլ եղել են շատ մինիմալ։ Գտնվում եմ 3 շաբաթ հեռավորության վրա զավակիս ունենալուց, բայց չեմ դադարում մարզվել, շփվել մարդկանց հետ, դուրս գալ, քայլել, համերգներ տալ․ երեկ էլ եմ համերգ նվագել և ամսվա մեջ ունեմ պլանավորած համերգներ, որոնք հաստատ լինելու են։ Շատ լավ բժիշկ ունեմ, որ շատ հետաքրքիր ձևով է մեկնաբանում այս փաստը․ ասում է՝ եթե դու լավ ես զգում, հաճույք, էնդորֆիններ ես ստանում, հա՛մ երգիր, հա՛մ նվագիր, հա՛մ քայլիր, հա՛մ մարզվիր։ Նման իրավիճակում, եթե բժիշկդ ասում է, որ դու ֆիզիկական ոչ մի սահմանափակում չունես, պետք է հնարավորինս ակտիվ լինել։ Բոլոր կանանց ցանկանում եմ, որ այս վիճակը հնարավորինս փորձեն վայելել․ հղիությունը հիվանդություն չէ, այլ հրաշք պրոցես, երբ դու հասկանում ես, թե քո մարմինը ինչեր է կարողանում անել, և հետո՝ աննկարագրելի մի բան է, թե ինչպես են քո բոլոր օրգանները «տեղ բացել» քո զավակին քո կրծքի տակ կրելու համար․ մի հրաշք բան։



- Քո մաղթանքը հայ կանանց ու աղջիկներին գարնանային միամսյակի կապակցությամբ:

- Ես ընդհանրապես «գարնանային միամսյակ» արտահայտությանը մի փոքր դեմ եմ․ ինձ համար կարևոր է կնոջը հնարավորինս լավ վերաբերվել տարվա բոլոր ամիսներին։ Իհարկե, գարունը ունի իր խորհուրդը․ գարնանը բնությունը նորից ծնվում է։ Ամենաշատը կուզենամ, որ կինը ինքն իրեն հաճախ հիշեցնի սեփական հնարավորությունների մասին, չկասկածի իր խելքի, կանացիության, գեղեցկության վրա, որովհետև այս ամեն ինչը կարևոր է երջանիկ մարդ լինելու, երջանիկ պահեր այս կյանքում ունենալու համար։ Կանանց խորհուրդ կտամ ուտել՝ ինչ սիրում են, զբաղվել այն գործով, ինչն իրենց հաճույք է պատճառում, շփվել այն մարդկանց հետ, որոնք իրենց բացարձակ երջանկացնում են։ Ընդհանրապես՝ մարդուն եմ խորհուրդ տալիս։ Բնությունը այսօր կնոջը հիշեցնում է, թե ինչ հզոր էակ է, որովհետև ամեն ինչը սկսվում է կանացի հնարավորությունից․ դու կյանք տալու հնարավորություն ունես, և շատ մեծ գաղտնիք կա այն ամենի մեջ, որ հենց քեզնից է սկիզբը։