Երևան +10°
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 14:20 09-03-2024

Բարի լույս, սուրճ, աշխատանքի. այսօր բոլոր զույգերը ռոբոտների նման են ապրում. Դիանա Մացոյան

Մարտի 8-ի տոնի շրջանակում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում 4 տարի անց խաղացվեց երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանի «Սիրային խաղեր» ներկայացումը, որի գլխավոր հերոսներն են ՀՀ վաստակավոր արտիստ Դիանա Մացոյանը Սառայի դերում և ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը Ռիչարդի դերում։ Հանդիսատեսի շարքերում էին համայնքապետարանի աշխատակիցներ, ենթակայությամբ գործող կառուցների աշխատակիցներ։ Ինչպես նշում է գլխավոր դերակատարներից Դիանա Մացոյանը, ներկայացումը բեմադրվել է 2016 թվականին, բայց մինչև այսօր հանդիսատեսի շրջանում ոգևորություն կա։

«Անընդհատ գալիս են, նույնիսկ զանագահարում են դրամարկղ և պահանջում, որ ներկայացումը անընդհատ խաղանք, որ դիտեն, ինչը շատ-շատ ուրախալի է։ Նշանակում է՝ ներկայացման որակից զատ՝ թեման հետաքրքրող է։ Անկախ նրանից, որ պիեսը գրվել է 50-60-ական թվականներին, ինձ թվում է՝ թեման շատ արդիական է, միշտ է արդիական ցանկացած ազգի թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց ներկայացուցիչների համար»։

Ներկայացման մեջ պատկերված է մի զույգի պատմություն, որն այն մասին է՝ ամուսնությունից որոշ ժամանակ անց ամեն մեկն այլևս դադարում է հետաքրքրություն ունենալ մյուսի հանդեպ, և կինը որոշում է թվացյալ և գոյություն չունեցող կերպարներով վերադարձնել ադ հետաքրքրությունը։

«Հարաբերություններում կարևորը գույներ չկորցնելն է․ իրենք հորինեցին մի խաղ, սկսեցին ապրել այդ երևակայական վիճակներում՝ իրականում չդավաճանելով միմյանց։ Փորձում էին բացահայտել մեկը մյուսին նոր գույներով, և մեկը մյուսի մեջ գտավ ինչ որ կորցված էր վաղուց, ինչը կորցնում են մարդիկ տարիների ընթացքում կենցաղին մեջ, ինչը ևս իրենց մեղքն է»։

Դիանա Մացոյանի գնահատմամբ՝ իրական կյանքում ընտանիքներում շատ մեծ դեր խաղում է կնոջ վարքագիծը, կնոջ ինտելեկտը, վերաբերմունքը կյանքին և նրա աշխարհայացքը՝ ամուր պահելու իր ընտանիքը։

Մանրամասները՝ տեսանյութում