Մշակույթ 2 տարի առաջ - 21:13 27-02-2024

Իր կտավներում նա կենդանացնում էր հայոց պատմական անցյալը․ Վարդգես Սուրենյանցի ծննդյան օրն է

«Ամբողջ Եվրոպան ման եկա, բայց երբեք Արարատյան դաշտի գեղջուկների գունամտածողությամբ մարդկանց չտեսա»,- մի առիթով խոստովանել է Վարդգես Սուրենյանցը։

Այսօր նկարիչ, արվեստի տեսաբան, թարգմանիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան օրն է։

Սուրենյանցի բացառիկ տաղանդի առաջին նկատողներից մեկը Այվազովսկին էր։ Մի անգամ նրա հոր հետ զբոսնելիս Այվազովսկին նկատում է փոքրիկ Վարդգեսի նկարած շատրվանն ու պալատը և գովում նրան։

«Սա տղան ազգիս պարծանքը դառնալու է»,- ոգևորված բացականչել էր Այվազովսկին և ներկեր նվիրել փոքրիկ նկարչին։

Այս իրադարձությունը դառնում է Սուրենյանց նկարչի ուղու սկիզբը։



Հայ կերպարվեստի պատմության մեջ Սուրենյանցը պատմական ժանրի հիմնադիրն է, քանի որ հայոց պատմության բազմաթիվ էջեր կենդանություն են ստացել հենց նրա վրձնի տակ՝ «Խրիմյան Հայրիկ», «Ոտնահարված սրբություն», «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ», «Զաբել թագուհու վերադարձը գահին» և այլն։ Սուրենյանցի կտավներում միշտ հոգին հայկական էր։



Իր ընդգծված քաղաքական գաղափարախոսությամբ առանձնանում է հատկապես Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի դիմանկարը։ Նկարիչը այս ստեղծագործությունով իր բողոքն է արտահայտում հայ ժողովրդի նկատմամբ ռուսական միապետության կիրառած հակաազգային քաղաքականության դեմ։

Վարդգես Սուրենյանցը պատկերել է Հայոց կաթողիկոսին՝ բազմած իր թիկնաթոռին․ դա այն պահն է, երբ կաթողիկոսը ստացել է տխրահռչակ 1903 թվականի հունիսի 12-ի օրենքը հայ եկեղեցու գույքը բռնագրավելու մասին, ինչը նշանակում էր հայ թեմական դպրոցների փակում։

Նամակը փակ ծրարում ընկած է Վեհափառի առջև, գորգածածկ հատակին, որի բովանդակությունը սակայն հայտնի է նրան. այդ մասին հայտնել էր նամակաբերը՝ նույն այդ օրենքի նախաձեռնողներից մեկը՝ Երևանի նահանգապետ Նակաշիձեն։



Վարդգես Սուրենյանցը պատկերել է Խրիմյան Հայրիկին դիմանկարի պլանով, բայց կտավը ըստ իր բովանդակության վերածվել է սյուժետային պատկերի։ Կաթողիկոսի դեմքի անբավականությունը, բռունցք արած ձեռքերը, ինքնագոհ բազկաթոռին հենվելը ցույց են տալիս նրա արհամարհական վերաբերմունքը հրովարտակին։

Խրիմյան Հայրիկը մանուշակագույն տնային վերնազգեստով է։ Դահլիճում միայն ինքն է։ Սուրենյանցը կաթողիկոսին միայնակ է պատկերել ազատ սենյակում՝ առավել արտահայտիչ դարձնելու համար նրա կերպարը։

Սուրենյանցը Էջմիածնում ընդօրինակել է Մայր տաճարի որմնանկարներ ու մանրանկարներ: Առհասարակ, որմնանկարների վերականգնման հարցի շուրջ շատ խիստ մոտեցում ուներ։



«Իմ խորին համոզմունքով՝ Սուրբ Էջմիածնի տաճարի թե՛ ներքին, թե՛ արտաքին ձևերին դիպչելը աններելի մեծ սխալ է։ Տաճարը պետք է այնպես վերանորոգվի, որ մարդ չիմանա, որ նրան ձեռք է դիպել, և այնպես տպավորություն գործի, իբրև թե նրան ընդհանրապես վնաս չի հասել անողոք ժամանակի շնչից»,- կարդում ենք Սուրենյանցի հոդվածում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան