Ուսուցիչները բողոքում են տնօրենից, իսկ տնօրենը՝ հերքում սպառնալիքներն ու փոխքաղաքապետի հետ մտերմիկ կապը
copy image url

Ուսուցիչները բողոքում են տնօրենից, իսկ տնօրենը՝ հերքում սպառնալիքներն ու փոխքաղաքապետի հետ մտերմիկ կապը

Ներքին 1 տարի առաջ - 14:30 16-02-2024
Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում տնօրեն Նվարդ Հովսեփյանի դեմ դժգոհության ալիք է հասունանում։

Դպրոցի ուսուցիչներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ տնօրենն իրեն շատ վատ է պահում, թե ուսուցչական անձնակազմի, թե աշակերտների հետ շփումներում։

«Մուննաթով է խոսում, հիստերիայի մեջ ընկնում, տետրեր պատռում և այլն։ Մի խոսքով՝ մանկավարժին ոչ հարիր պահվածք է դրսևորում»,- ասաց մեր զրուցակիցը, որը այս դպրոցում երկար տարիներ է դասավանդում։

Նրա խոսքով՝ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, նույն խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Նվարդ Հովսեփյանի աշակերտն է եղել, հիմա էլ մտերմիկ հարաբերություններ ունեն, և պատճառներից մեկն էլ հենց դա է, որ իրեն նման ձև է պահում։

«Երևիի մտածում է՝ իր երբեմնի սիրելի աշակերտը, որ հիմա բարձր պաշտոն է զբաղեցնում քաղաքապետարանում և ժամանակ առ ժամանակ գալիս է դպրոց՝ իրեն հյուր, իր մեջքին կանգնած է, դրա համար էլ նման վարքագիծ է դրսևորում»,- նշեց դպրոցի ուսուցիչը։

Նրա խոսքով՝ տնօրենի այս վարքագծի վերաբերյալ ցանկացել են տեղյակ պահել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն, բայց հաշվի առնելով Արմեն Գալջյանի և տնօրեն Նվարդ Հովսեփյանի մտերմիկ կապը, դիմել են Կրթության տեսչական մարմին, բայց այնտեղից արտահոսք է եղել քաղաքապետարան։

«Ըստ երևույթին Արմեն Գալջյանն է տնօրենին ասել, որ իր դեմ բողոք ենք ներկայացրել, հիմա Նվարդ Հովսեփյանը բոլոր ուսուցիչներիս հերթով կանչում հարցաքննում է, ասում է՝ խոստովանեք, ո՞ր մեկդ է բողոքել, այլապես այլ ձևերով կպարզեմ և աշխատանքից կազատեմ։ Ասում է՝ հեռախոսահամարով կպարզեմ, որ մեկդ է բողոքել իմ դեմ։ Մի խոսքով՝ սպառնում է իր դեմ բողոքած ուսուցչին հանել գործից»,- պատմեց մեզ դիմած ուսուցիչը։

Նրա խոսքով՝ ուսուցիչները չեն պատրաստվում տնօրենի նման ստորացումները հանդուրժել, և եթե նա չդադարեցնի իր նման պահվածքը, ապա նամակով կդիմեն ԿԳՄՍՆ, ինչպես նաև վարչապետի աշխատակազմ։

«Մենք մեր ձեռքի տակ փաստեր ունենք, տեսանյութեր, ձայնագրություններ, թե ինչպես է վարվել կոլեկտիվի հետ, ինչպես է արտահայտվել աշակերտների մասին, և այլն, պարզապես այս փուլում այդ մասին դեռ չենք ուզում բարձրաձայնել»,- ասաց մեզ դիմած ուսուցիչը։

Oragir.News-ը կապ հաստատեց Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում տնօրեն Նվարդ Հովսեփյանի հետ, վերջինս ասաց, որ նույնաբովանդակ անանուն բողրքի հիման վրա վարույթ է հարուցվել․

«Այս պահին Տեսչական մարմինը վարույթ է հարուցել նմանատիպ անանուն բողոքի հիմքերով, այս պահին Տեսչական մարմնի կողմից վարույթն իրականացվում է։ Այդ անանուն բողոքը նաև Երևանի քաղաքապետարան է հասել, որի մասով ուսուցիչների մեծամասնությունն ինքնակամ նամակ են գրել է նախարարին, այստեղ եկել են քաղաքապետարանի և տեսչականի աշխատակիցները։ Դպրոցում առողջ մթնոլորտ է, ջերմ հարաբերություններ են, անգամ ծնողական համայնքի հետ է տեսչական մարմինն ունեցել հանդիպում, իհարկե չեմ կարող ասել, թե ինչ է արձանագրել, բայց վստահաբար կարող եմ ասել, որ որևէ բողոք չի եղել»։

Ինչ վերաբերվում է ուսուցիչների այն պնդմանը, որ ՔՊ-ական Արմեն Գալջյանը եղել է իր նախկին աշակերտը և հաշվի առնելով մտերմիկ կապը, Արմեն Գալջյանի՝ դպրոց այցելությունները, դիմել են տեսչական մարմին, ոչ թե քաղաքապետարան, դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն ասաց, որ Արմեն Գալջյանն ընդամենը 1 անգամ է իր ղեկավարած դպրոց գնացել, այն էլ սեպտեմբերի 1-ին նվիրված միջոցառմանը մասնակցելու․

«2022 թվականի սեպտեմբերի 1-ին նվիրված տոնակատարության են մասնակցել, այն ժամանակ Երևանի քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն էր, բացի իրենցից եղել են ավագանու տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ։ Այնպես որ Արմեն Գալջյանն ընդամենը 1 անգամ է այցելել դպրոց, ինչ վերաբերվում է մտերմիկ կապին, որևէ մտերմիկ կապ չկա, կապն այնքանով է, ինչքանով, որ իմ աշակերտն է եղել, ինչով ես շատ հպարտ եմ։ Իմ աշակերտներից շատ կան և քաղաքապետարանում աշխատող և ավելի բարձր պաշտոններ զբաղեցնող, տարբեր ժամանակներում, տարբեր ղեկավարների օրոք»։

Դիտարկմանը, որ ուսուցիչներն ահազանգում են, որ դուք սկսել եք հարցաքննել նրանց՝ պարզելու, թե ով է ձեր դեմ բողոք ներկայացրել, որպեսզի աշխատանքից ազատեք, տնօրենն ասաց, որ դա զրպարտություն է։

«Դա զրպարտություն է, սուտ է։ Ես այս դպրոցում որպես տնօրեն պաշտոնավարում եմ 1․5 տարի, և սա տեսչական մարմնի կողմից առաջին ստուգումը չէ։ Այս նույն հարցով արդեն 4-րդ անգամ է տեսչական մարմինն այստեղ ստուգում իրականացնում, նախորդ անգամները արձանագրել և մեզ տեղեկանք են տվել, որ որևէ խախտում հայտնաբերված չէ։ Այս անգամ ստուգում չէ, վարույթ է հարուցված նախարարի հրամանով։ Ինչ վերաբերում է աշխատանքից ազատելու սպառնալիքներին, նման բան չկա։ Ավելին՝ աշխատանքից ազատելն այդքան հեշտ բան չէ, գործատուն չի կարող սպառնալիքներ հնչեցնելով աշխատանքից ազատել»,- եզրափակեց Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում տնօրեն Նվարդ Հովսեփյանը։

Ձեզ գուցե հետաքրքրի