Երևան +18°
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 4 ամիս առաջ - 20:00 14-02-2024

Անվտանգության երաշխիքներ են հարկավոր. Ադրբեջանը արցախցիների վերադարձով շահագրգռված չէ

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Արցախի Հանրապետության ամբողջական հայաթափումից և բռնազավթումից հետո այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահները շարունակում են իրենց առաքելությունը, որը պետք է լիներ հայ բնակչության իրավունքների պաշտպանությունը։ Այս իրողությունը հայ հասարակության մոտ դժգոհություն և զարմանք է առաջացնում, քանի որ հարց է առաջանում, թե հայաթափված Արցախում ռուս խաղաղապահներն ում անվտանգությունն են ապահովելու։

Նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջըզադեն հայտարարեց, որ Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման ժամկետը կավարտվի 2025 թվականին՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Վերջինս այս հայտարարությամբ արձագանքել էր Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովի այն պնդմանը, որ խաղաղապահների տեղակայման ժամկետի շուրջ Մոսկվայի և Բաքվի բանակցությունների հերթական փուլի օրը որոշվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների մակարդակով:

Oragir.News-ը Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանից հետաքրքրվեց, թե ներկայումս որն է հայաթափված Արցախում ռուս խաղաղապահների ներկայության իմաստը, և ինչ կփոխվի նրանց հեռանալուց հետո։ Ի պատասխան՝ պատգամավորը նշեց, որ այս հարցի հասցեատերը Մոսկվան է, քանի որ ինքը ո՛չ իրավասու է, ո՛չ էլ իմաստ ունի, որ մեկնաբանի այն։

Հարցին, թե Արցախում ռուսական խաղաղապահների ներկայությունից կարո՞ղ ենք ենթադրել, որ ռուսական կողմը կփորձի որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի Արցախի բնակչության գոնե մի մասը վերադառնա, Գեղամ Նազարյանը հիշեցրեց օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզի հայտարարությունը, ով նշել էր, որ ՌԴ-ն պատրաստ է քայլեր ձեռնարկել, որպեսզի արցախցիներն անվտանգ վերադառնան իրենց բնակավայրեր։ Մեր դիտարկմանը, թե ՌԴ-ն դա անո՞ւմ է սեփական ներկայությունը պահպանելու նպատակով, ընդդիմադիր պատգամավորը հետևյալ կերպ պատասխանեց. «Ես այս հարցերում համոզմունք չունեմ, ես ընդամենը ցանկություններ ունեմ ու հուսով եմ, որ դա արվում է հայ բնակչությանն Արցախ վերադարձնելու համար»։

Ընդդիմադիր պատգամավորից նաև հետքրքրվեցինք, թե որքանով է իրատեսական հայ բնակչության վերադարձն ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախ, ինչին ի պատասխան՝ Գեղամ Նազարյանը նշեց, որ այդ հարցով նախևառաջ անհրաժեշտ է արցախցիների հետ խոսել։

Ինչ վերաբերում է Արցախի բնակչության վերադարձն ապահովելու հարցում Հայաստանի Հանրապետության անելիքներին, ապա մեր զրուցակիցն ասաց. «Եթե հաշվի առնենք, որ արցախցիներն էլ են մեզ նման հայ, ապա կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն, իհարկե՛, անելիքներ ունի։ Տրամաբանական է, որ արցախցիների վերադարձի համար միջազգային երաշխիքներ են անհրաժեշտ, իսկ Հայաստանի կառավարությունը պետք է ամեն ինչ անի դրանք ստանալու համար»։

Գեղամ Նազարյանը շեշտեց, որ եթե արցախցիները վերադառնալու են Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ և այլն, ապա պետք է ապահովվի նրանց անվտանգությունը։ Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանը պարտավոր է դա անել, որպեսզի վերադարձի պարագայում արցախցիների համար սպառնալիքներ չլինեն։

Պատգամավորը կարծում է նաև, որ այս մասին խոսելը դեռևս շատ վաղ է. «Այս մասին խոսելը դեռ շատ վաղ է, որովհետև շատ անորոշ ու մշուշոտ են, թե արցախցիները կարո՞ղ են վերադառնալ, և Ադրբեջանն արդյոք նման պայմաններ կստեղծի՞, որ արցախցիները վերադառնան։ Ադրբեջանն ամեն ինչ արեց, որ Արցախը հայաթափվի, և չեմ կարծում, թե կտրուկ փոփոխություններ են եղել, որոնք վերջինիս կսպիպեն վերջինիս թույլ տալ, կամ համաձայնել, որ արցախցիները վերադառնան»։

Գեղամ Նազարյանը հավելեց՝ Ադրբեջանը շահագրգռված չէ, որ արցախցիներն ամբողջովին վերադառնան։ Նա չբացառեց, որ Բաքուն գուցե շահագրգռված է, որ մի քանի տասնյակ ընտանիքներ վերադառնան, սակայն ոչ ավելին։

Հիշեցնենք, որ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Արցախում ռուս խաղաղապահները տեղակայվել էին 5 տարի ժամկետով, և նրանց գործունեության ժամկետն ավտոմատ երկարաձգտվելու էր, եթե ժամկետի ավարտից 6 ամիս առաջ կողմերից որևէ մեկը նրանց դուրսբերումը չպահանջեր։ Այն բանից հետո, երբ Հայաստանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ խաղաղապահների հետագա գործունեության հարցերը քննարկելու է բացառապես Ադրբեջանի հետ։

Դավիթ Գույումջյան
adv_banner

Ամենից շատ դիտված

15:08 Արմավիրի մարզում բախվել են խնամիների «Նիվան» ու «06»-ը․ 7 վիրավորներից 3-ն անչափահասներ են․ shamshyan.com
17:48 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վիրավորների մի մասը մասնակցում էր հարսանեկան արարողության․ shamshyan.com
14:43 Գորիսում Առուշ Առուշանյանը դիմավորեց Բագրատ Սրբազանին
12:15 Երևանում անչափահաս վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
13:45 Աննա Հակոբյանը հյուրընկալել է Փաշինյանի հետ հեծանվավազքին մասնակցած հեծանվորդներին
11:57 Սկանդալ՝ Երևանում․ ազգությամբ հնդիկ տղամարդուն ծեծի են ենթարկել , այրել uեռական օրգանը և տեսանյութն ուղարկել հարազատներին. shamshyan.com
17:56 Հայաստանում հանգստանալը դարձել է թանկ հաճույք, գյումրեցիները նախընտրում են Քոբուլեթին. զբոսավար
21:34 Բա հիմա ավտոյի մեջ ո՞նց ենք բուղաչա ուտելու․ մգացված ապակիներով մեքենաների նկատմամբ «ռեյդեր»-ը շարունակվում են․ shamshyan.com
12:09 Մի էտապ եղավ իմ կյանքում, որ չէի կարող ստեղծագործել. գյումրեցի գեղանկարչուհի
10:28 Վայոց ձորի մարզում «ՎԱԶ 2115»-ը մխրճվել է «Կամազ»-ի հետնամասի մեջ․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ shamshyan.com