Փորձագիտական համայնքը Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական սադրանքը բնութագրում է որպես շանտաժ։ Շահառուներն են՝ ՌԴ-ն, Ադրբեջանը, Թուրքիան և Չինաստանը։ Այսպիսով՝ փորձ արվեց վախեցնել ՀՀ իշխանությանը, ստիպել հրաժարվել Բրյուսելյան հարթակից, չմեծացնել ԵՄ ներգրավվածությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։ Շանտաժն ուղղված էր նաև ԵՄ-ին և Հյուսիս-հարավ միջազգային առևտրային ճանապարհի շահառուներին։ Այդպես ակնարկեցին, որ եթե ԵՄ-ն և Հյուսիս-հարավի մյուս շառառուները փորձեն խոչընդոտել ռուս-թուրքական նկրտումներին, որի առաջնային նպատակը Սյունիքով անցնող, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքն» է, ապա Ադրբեջանն ագրեսիա կսանձազերծի, իսկ ՌԴ-ն կապիտուլյացիոն նոր հայտարարություն կպարտադրի ՀՀ-ին, կկտրեն Հյուսիս-հարավն ու ՀՀ-ն կգցեն խորը շրջափակման մեջ։ Այս վարկածը խարսխվում է մի քանի փաստերի վրա։
Ադրբեջանական սադրանքի նախերգանքը նախօրեին տարածած հաղորդագրությունն էր, թե հայկական կողմից, իբր՝ խախտվել է հրադադարը, ունեն մեկ վիրավոր։ Ուշագրավն այն է, որ նշվում էր, թե իրենց դիրքի ուղղությամբ արձակված դիպուկահարի կրակոցը տեղի էր ունեցել ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման վայրից։ Այս լուրը, որը, հավանաբար՝ ֆեյք է, պարունակում է ակնարկ, թե սադրանքը կազմակերպելու հարցում անուղղակի ներգրավված է նաև ԵՄ առաքելությունը։ Դրանից առաջ էլ ԵՄ դեսպանն էր կանչվել Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան դժգոհություն էին հայտնել ԵՄ առաքելության վերաբերյալ։ Այդ առումով Ներքին Հանդի ուղղությամբ սադրանքը ԵՄ-ին հանձնված նոտայի առարկայական ապացույցն էր։
Ուշագրավ է նաև ՔՊ-ի կողմից վերահսկվող տելեգրամյան ալիքների տարածած լուրը, թե ՀՀ-ում տեղակայված ռուս զինվորները թույլ չեն տվել ԵՄ առաքելության դիտորդներին այցելել Ներքին Հանդի տարածք և տեղում մոնիթորինգ իրականացնել։ Այս փաստը ևս վկայում է, որ ռուսական կողմը եթե սադրանքի ենթադրյալ կազմակերպիչների շարքում չէ, ապա սադրանքով իրականացված շանտաժի պտուղները քաղելու շահառու է։ Այս անվտանգային խնդիրը կարծես՝ աչքաթող է արվում քաղաքական պատասխանատուների կողմից։ Կա հիմնավոր մտավախություն, որ եթե Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծի, ապա ՀՀ-ում ծառայող ռուս զինվորները դրան ոչ թե կխոչընդոտեն, այլ հնարավորինս կաջակցեն։ Իսկ եթե հաշվի առնենք, որ 2025-ին Արցախից դուրս են գալու ռուս խաղաղապահները, ապա նրանք պիտի գործով ապացուցեն, որ ադրբեջանական շահերի պաշտպանն են, իրական ծառայություններ մատուցեն Բաքվին, որպեսզի կարողանան եկարաձգել իրենց ներկայությունն Արցախում։
Այս սադրանքն աշխարհաքաղաքական լույսի ներքո դիտարկելիս, պարզ է դառնում, որ Ադրբեջանը պրոքսի գործիք է ՌԴ-ի, Թուրքիայի և Չինաստանի ձեռքում, որոնք Հյուսիս-հարավը կտրելու շահառուներն են և աշխարհին առաջարկում են Ասիան Եվրոպային կապելու այլընտրանքային ճանապարհ, որտեղ իրենք ևս ներգրաված կլինեն։ Սյունիքով անցնող և ՌԴ-ի կողմից վերահսկվող ճանապարհը ՌԴ-ի համար կենսական նշանակություն ունի, պատկերավոր ասած՝ կյանքի ճանապարհ է։ Եվ նա առաջիկա ամիսներին շարունակելու է ստիպել ՔՊ-ական իշխանությունը առաջ տանել «խաղաղության խաչմերուկի» գաղափարը։ Եթե նկատի ունենաք, որ 2024-ի մայիսին նախատեսված է փորձնական գործարկել Հյուսիս-հարավը, ապա ենթադրելի է, որ նույն ժամանակահատվածում կգործարկվի նաև Ադրբեջան-Նախիջևան ճանապարհը։ Սակայն չբարեկամները ձգտում են մինչև մայիս բացել իրենց ճանապարհը։ Նրանք անհանգստացած են, թե իրենց խաղից դուրս կթողնեն։ Եվ սադրանքով ցույց են տալիս, որ կարող են Սյունիքը դարձնել պատերազմական գոտի, եթե խաղաղության խաչմերուկի միայն մեկ ուղղությունը բացվի, իսկ ռուսական կյանքի ճանապարհը մնա փակ։
Այս իրավիճակում ՔՊ-ական իշխանությունն ունի երկու ելք։ Առաջինը՝ Սյունիքից դուրս հրավիրել ռուսական զորքերը և նվազեցնել անվտանգային ռիսկերը։ Երկրորդը՝ հանձնվել շանտաժին և օր առաջ բացել Սյունիքով անցնող ճանապարհը։ Հոռետեսները կարծում են, թե Նիկոլ Փաշինյանը հակված է երկրորդ տարբերակին։ Այդ է վկայում նրա զիջողական քաղաքականությունը, որը դրսևորվում էր ՔՊ-ի վերջին նախաձեռնություններում։ Ու եթե այդ մոտեցումները շարունակվեն, ապա կարելի է ենթադրել, որ Ադրբեջան-Նախիջևանը կբացվի ավելի շուտ, քան Հյուսիս-հարավը։
Թաթուլ Մկրտչյան