Ներքին 2 տարի առաջ - 18:22 07-02-2024

ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Փետրվարի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպում է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռայմոնդ դե Ռոնի և հանձնաժողովի՝ խորհրդարանի կուսակցությունների մեծամասնությունը ներկայացնող անդամների հետ:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով, որոնց արդյունքում առկա ձեռքբերումներն իրենց արտացոլումն են գտել նաև միջազգային համապատասխան ցուցանիշներում։

Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանը խորհրդարանականներին է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականն ու այդ ուղղությամբ գործադրած ջանքերը։ Նախարարը նշել է, որ ՀՀ կառուցողական մոտեցումները միշտ չէ, որ ստանում են համարժեք արձագանք՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից համապատասխան քաղաքական կամքի ու հստակ հանձնառության ցուցաբերման անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային սկզբունքները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության անվերապահ հարգման կարևորությունը:

Տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ կողմից կարևորվող չորս՝ ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության սկզբունքներն իրենց լավագույն արտացոլումն են ստացել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, որը ներկայացվել և արժանացել է միջազգային գործընկերների ուշադրությանը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև պատասխանել է Նիդերլանդների խորհրդարանականների հարցերին՝ տարածաշրջանային զարգացումների, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված հայերի իրավունքների ու կարիքների հասցեագրման, ՀՀ-ԵՄ գործընկերության ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։

Հանդիպմանն ընդգծվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև, այդ թվում՝ խորհրդարանականների մակարդակում, ինչպես նաև ՀՀ-ԵՄ ձևաչափում փոխգործակցության հետագա խորացման պատրաստակամությունը՝ տարածաշրջանում կայունությանն աջակցելու նպատակով և ի շահ ՀՀ քաղաքացիների բարեկեցության ապահովման։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան