Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:08 02-02-2024

ԲՏԱ նախարարը մասնակցել է «Արհեստական բանականության» համաժողովին

Այսօր Երևանում անցկացվել է «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովը, որի նպատակն է եղել միավորել գործարար համայնքի ներկայացուցիչներին, նորարար մտածողներին և արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի փորձագետներին՝ արհեստական բանականության գերժամանակակից ռազմավարություններն ուսումնասիրելու նպատակով:

Համաժողովում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ողջույնի խոսքում անդրադարձել է վերջին տարիներին թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում ԱԲ շուրջ շարունակվող բանավեճին և այն վախերին, թե ԱԲ գործիքները ժամանակի ընթացքում կարող են մրցակից դառնալ մարդուն և փոխարինել նրան՝ առաջարկելով ավարտել այդ բանավեճը և մտածել ԱԲ գործիքները տնտեսության տարբեր ճյուղերում ներդնելու և արդյունավետ կիրառելու մասին:

«Այսօրինակ համաժողովները կարևոր են հասկանալու, թե որոնք են արհեստական բանականության գործիքների ներդրման ամենաարդյունավետ ճանապարհները: Այդ վախերը եղել են տեխնոլոգիական հեղափոխությունների տարբեր փուլերում, դրանք նոր երևույթ չեն և բնորոշ են մարդուն: Ես առաջարկում եմ պարզապես նայել առաջ: Այն ազգերը, որոնք երկար կմտածեն դրա շուրջ, հետ են մնալու ամբողջ աշխարհի զարգացումից:

Հետևաբար, թռիչքաձև աճի համար մեզ անհրաժեշտ են մի քանի անգամ ավելի արագ որոշումներ և գործողություններ: Ես ինքս այլ կերպ չեմ պատկերացնում այդ թռիչքաձև աճի ապահովումը, քան հենց արհեստական բանականության և տեխնոլոգիական նոր լուծումների միջոցով:

Վստահ եմ, որ այդ վախերը կոտրելով՝ Հայաստանն աշխարհում լինելու է մրցունակ: Միայն այդ ճանապարհով է, որ Հայաստանը կարող է դառնալ հավակնոտ երկիր և աշխարհում ունենալ իր կարևորագույն և նշանակալից դերը, աշխարհին նոր լուծումներ առաջարկել, ինչն էլ իր հերթին վերափոխելու է Հայաստանի և, առհասարակ, հայ մտածողի, արարողի նկատմամբ աշխարհի վերաբերմունքը»,- նշել է նախարարը:

Ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Համաժողովի բանախոսներն են եղել Մոքսի ռոբոտը ստեղծած «Embodied» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Պաոլո Պիրջանյանը, «McKinsey & Company» խորհրդատվական ընկերության գործընկեր Լեոնիդ Կիրակոսյանը և «ABBY» ընկերության հիմնադիր Դավիթ Յանը:

Ելույթներից հետո տեղի է ունեցել պանելային քննարկում՝ «Արհեստական բանականության օգտագործումը ավանդական բիզնեսում» թեմայով:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»