Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:57 31-01-2024

Պետական «ռեկետով» չենք զբաղվում. ֆինանսների նախարար

Հայաստանի կառավարությունն Արժույթի միջազգային հիմնադրամի գործընկերների հետ մշակում է ռազմավարություն, որը կսահմանի, թե կառավարությունը մասնավոր ընկերություններում ինչ մասնակցություն պետք է ունենա, և դա ինչ նպատակ է հետապնդում:

Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին՝ կապված կառավարության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, «Լիդիան Արմենիա»-ում, «ՄՏՍ Արմենիա»-ում բաժնետոմսեր ստանալու և պետության ու երկրի ներդրումային միջավայրի առումով հնարավոր ռիսկերի հետ, երբ կառավարությունն այս կամ այն մասնավոր ընկերությունում ունենում է մասնաբաժին, բաժնետոմս:

Նախարարը նշեց, որ այդ հարցին պատասխանելու համար ներկայում մի աշխատանք են կատարում Արժույթի միջազգային հիմնադրամի գործընկերների հետ:

«Սահմանում ենք, թե Հայաստանը ինչպիսի մասնակցություն պետք է ունենա մասնավոր ընկերություններում, որն է այն ռազմավարությունը, որ մենք պետք է ունենանք պետական ձեռնարկություններ ունենալու մեջ: Սա ոչ միայն կվերաբերի վերոնշյալին, այլ ընդհանրապես, թե մենք որտեղ ենք ուզում մասնակցություն ունենալ և այդ մասնակցությունն ինչ նպատակ է հետապնդում: Այս հարցին պետք է պատասխանենք: Մինչև հիմա նման պատասխան ռազմավարական առումով ձևակերպված չէ»,-ասաց նախարարը:

Հովհաննիսյանը հավելեց՝ մատնանշված ընկերություններն ինչ-որ առումով Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող կազմակերպություններ են:

«Կարող է լինել տրամաբանություն, որ ռազմավարական կարևորություն ունեցող ընկերություններում պետությունն ունենա ներկայացվածություն: Այլ հարց է, որ նույնիսկ այդ մասնակցությունը չունենալով հանդերձ՝ պետությունը ռազմավարական կարևորություն ունեցող ընկերությունների նկատմամբ ունի հատուկ կարգավորումներ, հատուկ ազդեցություն իրականացնելու հնարավորություն՝ նույնիսկ առանց փայատեր լինելու»,-ասաց Հովհաննիսյանը:

Ըստ նախարարի՝ իր մատնանշած ռազմավարության ընդունումից հետո կլինի նաև ռազմավարություն՝ դուրս գալու այն ընկերություններից, որոնք չեն համարվի ռազմավարական կարևորություն ունեցող:

«Եթե հանգենք այն եզրակացության, որ մենք դեռ պետք է ավելի մեծ մասնակցություն ունենանք այս կամ այն ոլորտում, ապա կարող են նաև այդպիսի քայլեր ձեռնարկվել այդպիսի ընկերություններում ավելի մեծ մասնաբաժին ձեռք բերելու ուղղությամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ դեռ չկան ձևակերպված ռազմավարական նպատակներ և ընդհանուր ընկալում:

Նախարարը համաձայնեց այն մտքին, որ, եթե հանրությունը կամ ներդրողները տեղյակ չեն, թե ինչպես է տեղի ունենում ամեն ինչ, կարող են ներդրումային միջավայրի հետ կապված խնդիրներ առաջանալ: Ուստի, Հովհաննիսյանը զգուշավորության կարիք է տեսնում այս հարցում:

«Բայց վստահեցնում եմ ձեզ, որ պետական «ռեկետով» չենք զբաղվում, որևէ մեկից որևէ բան չենք խլում»,-շեշտեց նախարարը:

Նա ընդգծեց՝ նախատեսվող ռազմավարությանը համահունչ պետք է գործեն, հանրությունն էլ պետք է տեղյակ լինի, թե այս կամ այն գործողությունը կառավարությունն ինչու է իրականացնում:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ