Ներքին 2 տարի առաջ - 13:17 31-12-2023

Պետության ուժը կիրթ և բարձր իրավագիտակցությամբ հասարակությունն է․ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյան շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

«2023 թվականը մոտենում է ավարտին: Անցնող տարուն հրաժեշտ ենք տալիս հավատով, որ բոլոր այն փորձություններն ու դժվարությունները, որոնց հայ ժողովուրդը և հայոց պետականությունը բախվեցին այս տարի, մեզ ավելի ամուր ու միասնական կդարձնեն։ 2023 թվականի իրադարձություններն անխուսափելի դարձրին այն արժեքների վերագնահատումը, որոնք կրում ենք որպես ազգ և պետություն։ Մենք պարտավոր ենք դասեր քաղել պատմությունից՝ հասկանալով, որ պետության ուժը կիրթ և բարձր իրավագիտակցությամբ հասարակությունն է, հայրենիքի պաշտպանության գրավականը՝ մեր ժողովրդի միասնականությունը։

Արցախի բռնի հայաթափումն իր անդառնալի հետքն է թողել յուրաքանչյուրիս սրտում` ստիպելով վերարժևորել մեր երիտասարդ պետության անցած տասնամյակների ճանապարհը, ախտորոշել այն սխալները, որոնք կամա թե ակամա բերեցին մի հանգրվանի, երբ մեր քույրերն ու եղբայրները լքեցին հայրենի հողը։

Մեզանից յուրաքանչյուրը հիմա, առավել քան երբևէ, չհանձնվելու, պայքարելու ու արարելու անկոտրում կամք, ցանկություն և հանձնառություն պետք է ունենա։ Լիահույս եմ, որ համահայկական միասնականության շնորհիվ գալիք տարին կդառնա վերելքի և ձեռքբերումների տարի։

Սիրելի՛ քաղաքացիներ,
Անցնող տարին հեշտ չէր նաև Սահմանադրական դատարանի համար: Այն նշանավորվեց խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացով։ Բարձր դատարանը մի շարք ծրագրեր իրականացրեց, որոնց նպատակն է է'լ ավելի որակյալ և արդյունավետ դարձնել սահմանադրական արդարադատության իրականացման գործընթացը։ Անցնող տարվա ընթացքում արդեն իսկ նախանշվել և իրականացվել են աշխատանքներ, որոնք միտված են նպաստելու Սահմանադրական դատարանի գործունեության թափանցիկության ապահովմանը, ակտիվացնելու շփումները ինչպես մասնագիտական համայնքի, այնպես էլ քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվական միջոցների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների, միջազգային գործընկերների հետ։

Սիրելի՛ հայրենակիցներ,
Տարեմուտի իմ մաղթանքների ու երախտիքի խոսքերի առաջին հասցեատերերը մշտապես առաջնագիծն ամուր պահող զինվորն ու սպան են, որոնց, շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Թող 2024 թվականը բոլորիս համար կայուն խաղաղության, արգասաբեր աշխատանքի և հաջողության տարի լինի՝ ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի:

Աստծո օրհնությունն ուղեկից մեր ժողովրդին»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում