Դոնալդ Տուսկը նախկի՞ն է. ինչու Փաշինյանը 2 օր անց շնորհավորեց նրան
copy image url

Դոնալդ Տուսկը նախկի՞ն է. ինչու Փաշինյանը 2 օր անց շնորհավորեց նրան

Արտաքին Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:00 13-12-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ինչպես այսօր ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը,Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել էր Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ ՀՀ վարչապետը X-ի իր միկրոբլոգի գրառման մեջ նշել էր, որ ակնկալում է հայ-լեհական հարաբերությունների հետագա ամրապնդում երկկողմ և բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև սերտ համագործակցություն ԵՄ-ի շրջանակներում՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների և ժողովրդավարական իդեալների վրա։

Հատկանշական է, որ Հայաստանի վարչապետն իր լեհ գործընկերոջը շնորհավորել է Լեհաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելուց միայն երկու օր անց, մինչդեռ Դոնալդ Տուսկը Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկն է, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ կողմնակից է ԵՄ-ի հետ հարաբերությունների ամրապնդմանը և փոխգործակցության հետագա խորացմանը։ Տուսկը 2007-2014 թվականներին կրկին զբաղեցրել է Լեհաստանի վարչապետի պաշտոնը, 2014-2019 թվականներին նախագահել է Եվրոպական խորհուրդը, իսկ դրանից հետո գլխավորել է Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը։

Հարց է առաջանում, թե ո՞րն էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկին շնորհավորեց ընտրությունից միայն երկու օր անց.

Նշենք, որ Տուսկի նախագահած Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը եվրոպական մայրցամաքի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկն է, որի անդամ է նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Հենց Դոնալդ Տուսկի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում՝ 2017 թվականի նոյեմբերին ԵՄ-ի և Հայաստանի միջև ստորագրվեց համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որով Հայաստանը կազմակերպության անդամ երկրների հետ համագործակցության շատ լայն հնարավորություններ էր ստանում՝ միևնույն ժամանակ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր։

Բացի այդ՝ Դոնալ Տուսկը նախորդ տարիներին մի քանի անգամ հրապարակային կերպով քննադատել է Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված մի շարք նախաձեռնություններ։ Դեռևս 2020 թվականի հունիսի 18-ին Տուսկը Հայաստանի իշխանություններին կոչ էր արել զերծ մնալ ընդդիմության վրա ճնշումներից. սա Արցախյան 44-օրյա պատերազմին նախորդած այն ժամանակաշրջանն էր, երբ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ կառավարության ամբողջ կազմը պետք է հրաժարական ներկայացնի, ինչից հետո վերջինս զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից և իր նկատմամբ հետապնդումներ էին սկսվել։ Եվրոպացի պաշտոնյան այս տարվա հունիսի 20-ին մտահոգություն էր հայտնել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալության կապակցությամբ։ Նա հայտնել էր, որ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։

Դոնալդ Տուսկը նաև լավ հարաբերություններ է պահպանել Սերժ Սարգսյանի հետ՝ նրա հրաժարականից հետո։ Սերժ Սարգսյանը, որպես ՀՀԿ առաջնորդ, նախորդող տարիներին Դոնալդ Տուսկի հետ մի քանի հանդիպումներ և հեռախոսազրուցներ է ունեցել, որոնցից մեկն էլ նախորդել էր 2020 թվականի հունիսի 18-ին ՀՀ իշխանություններին ուղղված նրա հրապարակային կոչին, ինչից ելնելով մի շարք լրատվամիջոցներ պնդեցին, որ հենց Սարգսյանի հորդորով է ԵԺԿ առաջնորդը քննադատել ՀՀ իշխանություններին։ Բացի այդ՝ Սերժ Սարգսյանը Դոնալդ Տուսկին շնորհավորեց նույն օրը, երբ նա ընտրվել էր Լեհաստանի վարչապետի պաշտոնում, իսկ պետության նախկին ղեկավարի շնորհավորանքը վկայում է երկու գործիչների ջերմ հարաբերությունների մասին։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ապացուցեց, որ իր համար սեփական քաղաքական ամբիցիաները շատ ավելի կարևոր են, քան պետական շահերը և երբ անհրաժեշտ է ընտրություն կատարել այս երկուսի միջև նա ընտրում է առաջինը։ Հավանաբար Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկին նույնպես համարում է «նախկին», ինչից ելնելով ընտրությունից միայն 2 օր անց ժամանակ գտավ` վերջինիս շնորհավորելու համար։

Այս իրավիճակը էլ ավելի զավեշտալի է, եթե հիշենք Էրդողանին ուղղված շնորհավորանքը, երբ Հայաստանի վարչապետը չէր սպասել, որ ամփոփվեին բոլոր ընտրատեղամասերի տվյալները և շտատել էր շնորհավորել իր թուրք գործընկերոջը։ Ավելին՝ այդ պահին Էրդողանին շնորհավորել էին միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոյևը, որոնց հետ Թուրքիան ուներ դաշնակցային հարաբերություններ։

Փաշինյանը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու իր մեծ ցանկությունից ելնելով՝ Անկարայում մասնակցեց Էրդողանի երդմնակալության արարողությանը, սակայն առ այսօր այդ հարաբերություններում որևէ դրական տեղաշարժ չի արձանագրվել։ Հավելենք, որ սա առաջին դեպքն էր, երբ ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով մասնակցեց Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը. 2014 թվականին նույնպես հայկական կողմը մասնակցելու հրավեր ստացավ, սակայն մասնակցեց ոչ թե պետության ղեկավարի, այլ արտգործնախարարի մակարդակով, ինչը տվյալ ժամանակահատվածի համար չափազանց կշռադատված որոշում էր։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված