ՀՀ կրթական ոլորտում ամերիկյան ենթակառուցվածքներն արմատավորվում են։ Դրանցից մեկը ՍԹԵՄ դպրոցներն են։ STEM - Science, technology, engineering, mathematics, հայերեն՝ գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա։ ԱՄՆ կրթական շատ հաստատություններ ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամի ուղեցույցներով բացում են ՍԹԵՄ դպրոցներ, որոնք ֆինանսավորվում են պետության և տեխնոլոգիական հսկաների կողմից։ ԵՊՀ-ում արդեն մեկ տարի գործում է նմանատիպ ՍԹԵՄ բնագիտական դպրոց, որի տնօրեն Արամ Խաչատրյանը մաթեմատիկոս կամ ճարտարագետ չէ, այլ բանասեր է։
Հայտնի չէ, թե ինչու է բանասերը ղեկավարում ՍԹԵՄ-ն, ու ինչ ֆինանսավորմամբ է այն գործում։ Բայց ողջունելի է, որ կազմակերպվում են բաց դասեր «Հայկական դպրոցները՝ հին դարերից մինչև մեր օրեր» թեմայով: Դեկտեմբերի 6-ին անցկացված այս թեմայով բաց դասը վերաբերում էր հայկական հին հայտնի դպրոցներից մեկին, որը գործել է Ամարասի վանքում։ Մասնավորապես՝ ԵՊՀ կայքում հրապարակված լուսանկարում երևում է, թե ինչպես են դասը վարողները ստուգաբանում «Ամարաս» անվան ծագումը. «Արցախի արևապաշտ նախնիները համոզված էին, թե արևը տարին մեկ անգամ մոտենում է Ամարասին և այնքան ջերմություն թողնում, որ բավականացնի ամբողջ տարին ու սառնամանիք չլինի»։ Այսպիսով, ըստ ԵՊՀ ՍԹԵՄ-ի՝ Ամարաս նշանակում է՝ «այստեղ արևը երկրին մոտենում է տարին մեկ անգամ»։
Սա աղավաղված, ոչ լիարժեք ստուգաբանություն է։ ԵՊՀ ՍԹԵՄ-ումմիտումնավո՞ր են ոչ լիարժեք, աղավաղված ստուգաբանություն մատուցվում։ Եվ ինչո՞ւ է բանասեր տնօրենն այսպիսի սխալ թույլ տալիս։
ԱՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, պատմաբան Սլավա Սարգսյանի «Արցախի բնակավայրերը․ ստուգաբանություններ» գրքի մեջ ընդարձակ անդրադարձ կա նաև Ամարասին։ Հանրության ու ՍԹԵՄ-ականներին թյուրիմացությունից զերծ պահելու համար համառոտ ներկայացնենք Սլավա Սարգսյանի կողմից արված «Ամարաս» անվան ստուգաբանությունը։
Oragir.News-ի հետ զրույցում անվանի գիտնականը պարզաբանել է, որ «Ամարաս» անվանումը նախևառաջ վերաբերում է հոգևոր կենտրոնին, հետևաբար, ճշմարիտ կլիներ, «Ամարաս»-ը բացատրել պատմականորեն ձևավորված «Սուրբ իմաստով» և այն առնչել սրբացված տեղավայրի հետ։ Սլավա Սարգսյանը ներկայացնում է ստուգաբանության երկու տարբերակ․ Ամարաս-ամ՝ կից, լծակից իմաստներով (հմմտ․ ամուսին՝ լուծը ուսին առնչելով մասնավորապես ժայռապատկերներում առկա և լծկանը խորհրդանշող պատկերի հետ), ար՝ արեգակ իմաստով, աս՝ աստվածային սուրբ նշանակությամբ։Հետևաբար, Ամարաս կնշանակի՝ արեգակին կից լծակից, աստվածային, Ամարասի վանք՝ արեգակնային սուրբ վանք, տիեզերական։
Անդրադառնալով ստուգաբանության երկրորդ տարբերակին, պատմաբանն այն առավել իրատեսական և ընդունելի է համարում, քանի որ տեղանվանագիտական առումով, «Ամարաս» անվան ծագումը իսկզբանե բխում է հայոց հեթանոսական դիցարանի գերագույն աստծո և բոլոր աստվածների հայր Արամազդից, որը պաշտվում էր որպես երկնքի և երկրի ստեղծող, մարդկանց բարօրրություն և արիություն շնորհող, լիություն ու պարարտություն պարգևող։
«Ամարաս անվան կապը Արամազդի հետ հավանական է թվում ոչ միայն այն հանգամանքով ու ճշմարտությամբ, որ գրեթե բոլոր միջնադարյան վանքերն ու եկեղեցիները հասկանալի պատճառներով կառուցվել են հեթանոսական սրբավայրերի կամ հնավայրերի վրա, այլև՝ զուտ տեղանունների ծագման և ձևավորման սկզբունքով, որի հետևանքով Արամազդը ձևափոխվել է Ամարազի կամ Ամարասի»,- ասել է Սլավա Սարգսյանը։
Տակավին անհայտ է, թե ՍԹԵՄ դպրոցում բաց դասը վարողներն ի՞նչ գիտական աղբյուրից օգտվելով են ոչ լիարժեք, աղավաղված ստուգաբանություն մատուցել։ Բայց ակնհայտ է, որ դասը կազմակերպողներն ու ՍԹԵՄ տնօրենը բանասիրության մեջ կաղում են։ Կասկած կա, թե ՔՊ-ական իշխանությունների դրդմամբ են անտեսել արցախցի հայտնի գիտնականի հիմնավոր ուսումնասիրությունը։ Իսկ Ամարասի օրինակով ցույց է տրվում, որ ինչպես պատմության դասագիրք են գրում աղաղակող սխալներով, այնպես էլ կարող են Արցախի տեղանունների ստուգաբանություններն աղավաղել կամայականորեն։
Այսպես՝ մեկ գործը դարձնում են երկու։ Հիմա իրենց կոչմանը հավատարիմ հայ գիտնականները պիտի ոչ միայն հերքեն ու մերկացնեն ադրբեջանական կեղծիքներն Արցախի հայկական հին վանքերի և տեղանունների վերաբերյալ, այլև պիտի հետևեն ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի դասերին, մասնավորապես՝ ուղղեն աղավաղված, ոչ լիարժեք ստուգաբանությունները։
Թաթուլ Մկրտչյան