copy image url
Մշակույթ 2 ամիս առաջ - 23:18 05-12-2023

Սուսաննա Պախալովան դարձավ Տերյանի ճակատագիրը, փոխեց նրա կյանքը կտրուկ և անդառնալիորեն

Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է Վահան Տերյանին նվիրված իր շարքը՝ գրելով․ «Սուսաննա Պախալովա․․․

Այս կինը դարձավ Տերյանի ճակատագիրը, փոխեց նրա կյանքը կտրուկ և անդառնալիորեն: Եվ ոչ միայն Տերյանի: Անգամ պոետի մահից հետո Սուսաննա Պախալովայի ներկայությունը թոքախտի տեսքով մնաց Վահանի ընտանիքի պատմության մեջ: Սուսաննան հրաշալի էր տիրապետում կանացի հնարանքներին և Անթառամի հակապատկերն էր: Այնպիսի հմտությամբ սողոսկեց Վահանի և Անթառամի հարաբերությունների մեջ, որ մարդկային սերը սեռային սիրուց գերադասող տղամարդն անգամ դա չնկատեց: Նա այնպիսի խորամանկությամբ և արագությամբ Տերյանին նետեց իր հյուսած ցանցի մեջ, որ ուրիշին սիրահարված պոետը չզգաց ոչինչ: Չնկատեց, չզգաց, թե՞ չկամեցավ զգալ ու չնկատելու տվեց:

Սուսաննան Ստավրոպոլի հայերից էր և ամեն ինչ արեց Վահանի հետ ամուսնանալու համար: Անգամ ստեց, թե երեխա է սպասում: Եվ Տերյանը չկարողացավ նրան մերժել: 1911թ.. հունվարի 15-ին Ցարիցին ուղարկած նամակում Տերյանը գրում է Անթառամին.«Ես որոշել էի մոտ ժամանակները գալ Ձեզ մոտ, բայց հանգամանքները այնպես դասավորվեցին, որ ստիպված էի հետաձգել: Հիմա դեռ վերջնական չեմ կարող ասել, թե արդյոք կգամ և երբ, բայց շատ կուզենայի գալ: Կարծում եմ մի քանի օրից հաստատ կգրեմ գալստյան ժամկետը, եթե իհարկե ամեն ինչ այնպես կարգավորվի, ինչպես ուզում եմ: Տա Աստված, հաջողվի: Այսօր- վաղը ամեն բան կպարզվի: Մի բարկացեք ինձ վրա»:

Անթառամը չէր բարկանում: Նա տեղյակ էլ չէր, թե ինչ էր կատարվում Մոսկվայում: Չէր ենթադրում, որ «այսօր- վաղը ամեն բան կպարզվի» նախադասության մեջ թաքնված էր իր և Վահանի համակեցությանը սպառնացող վտանգը՝ Սուսաննայի հղիության կասկածները: Տերյանը հույս ուներ, թե դրանք փարատվելու են: Բայց նա մոռացել էր, թե ում հետ գործ ունի, նա թերագնահատել էր Սուսաննա Պախալովային: Այնպես, որ ստիպված եղավ ամուսնանալ: Դա 1911 թվականի փետրվարն էր: Իմիջիայլոց ասեմ, որ նրանց առաջին զավակը ծնվեց 5 տարի անց:

Հարսանիքից հետո Տերյանը մեկ-երկու նամակ ուղարկեց Ստավրոպոլ` հարսնացուի բարեկամներին `շնորհակալություն հայտնելով լավագույն մաղթանքների, իրեն ուղարկած մատանու, ծանրոցի և հատկապես շամպայնի համար: Սա՝ իմիջիայլոց:

Իսկ ամուսնությունից մի քանի օր անց՝ 1911-ի մարտի 3-ին, նորապսակ Վահանը Անթառամին գրեց.

«Մի բարկացեք, սիրելի Անտենկա, որ երկար ժամանակ Ձեզ չէի գրում: Բանն այն է, որ ես ամուսնացել եմ: Բայց Ձեզ տեսնելու ցանկությունս հիմա պակաս չէ: Հավատացնում եմ, որ շատ կուզենայի ձեզ տեսնել: Արդյոք Մոսկվա գալու մտադրություն չունեք: Երբ գաք, խնդրում եմ ինձ չմոռանաք: Թեպետ ես կասկածում եմ, որ խիստ բարկանում եք և չեք ուզում ինձ ճանաչել: Ես չասացի, թե ով է իմ կինը, նրա անունը ձեզ ծանոթ կթվա` Սուսաննա: Գրեք ինձ, Անտենկա, սիրելի, իմ լավ Անտենկա: Պինդ սեղմում եմ Ձեր ձեռքը: Ձեր՝ Վահան Տերյան»:

Թե ինչ կատարվեց քսանամյա սիրահարված աղջկա սրտում այս նամակը կարդալուց հետո ` պարզ է: Նրա հիշողության մեջ մեկ առ մեկ արթնացան Տերյանի նախորդ նամակների տողերը` «ես բարձր եմ գնահատում մարդկային սերը,... ես ավելի ստոր չեմ, քան ուրիշները, ...ես անտանելի շատ եմ ուզում տեսնել ձեզ, երբ ենք հանդիպելու….» ու հանկարծ` կներեք, բայց ես ամուսնացել եմ: Տխրություն, զայրույթ, հուսախաբություն, ոչ` վիրավորանք, որը հաղթահարելու համար Անթառամ Միսկարյանը գործեց Տերյանի զենքով:

«Ես նույնպես ամուսնանում եմ: Արդեն քանի տարի է Վլադիմիր Մորոզովը սիրահետում է ինձ, ես նրան անվերջ մերժել եմ, իսկ հիմա տալիս եմ համաձայնությունս»:

«Ես կխանդեմ ձեզ, Անտյա»,- անմիջապես անկեղծորեն արձագանքում է Տերյանը:

Անթառամը իհարկե չէր պատրաստվում ամուսնանալ: Նա պարզապես ուրիշ կերպ չկարողացավ փոխադարձել հարվածը: Բայց ամենահետաքրքրականն այն է, որ այս վճռորոշ նամակներից հետո նրանց հեռակա կապը չընդհատվեց, հակառակը նամակագրությունը դարձավ ավելի զգացական, սիրային , կրքոտ: Տերյանը հասկացավ որ Սուսաննան չէր կարող թռիչք տալ իրեն, և որ Անթառամի կարիքը խեղդում էր: Կորցնել Անթառամին նշանակում էր կորցնել հենման կետը: Եթե մինչ այդ Տերյանի գրած նամակները ավելի խոհական և ընկերային էին, այժմ սիրային էին և համարձակ, հիմա դրանց տողերում մարտահրավեր կար:

Հեռավորության վրա Անթառամը եղել է Վահանի նեցուկը: Այն սյունը, որին կարելի էր հենվել կոտրված ժամանակ, այն գիրկը՝ որին փարվելով կարելի էր մխիթարվել: Հատկապես Սուսաննա Պախալովայի հետ ամուսնանալուց հետո:

Միաժամանակ երկու կին ներկա էին Տերյանի կյանքում: Նրանք չէին խանգարում պոետին, այլ, կարծես, լրացնում էին մեկը մյուսին: Դա Տերյանի համար : Իսկ թե ինչ էին զգում այդ կանայք մեկուսի, դժվար չէ ենթադրել:

«Սիրելիս, ե՞րբ եք գալու Մոսկվա: Շուտ եկեք, ես ձեզ անհամբեր սպասում եմ: Հենց գաք, մենք նույն օրը կհանդիպենք: Ինձ թվում է արդեն 100 տարի ձեզ չեմ տեսել: Համբուրում եմ ձեզ:...Սիրելի, սիրելի Անտենկա, ես ձեզ այնպես եմ սիրում: Իմ լավ Անտենկա, գրեցեք, խնդրում եմ և շուտ, շուտ եկեք: Մի բարկացեք, որ Ձեզ իմն եմ կոչում, ես այնպես եմ սիրում Ձեզ, եթե Դուք էլ մի քիչ սիրում եք ինձ…. Դուք անբողջովին իմն եք, այնպես չէ՞: Ես ձեզ կսիրեմ երկար, եթե ոչ ընդմիշտ»:

«Անտենկա, մենք պետք է բոլոր հիմար պայմանականություններից բարձր կանգնենք, դրանք ոչ մեկին դեռ չեն երջանկացրել: Ես բերկրանքով հիշում եմ մեր միասին անցկացրած բոլոր ժամերը` մեր առաջին հանդիպումից սկսած, հիշում եք ` հյուրանոցում: Հանգիստ քնեք, Անտենկա, և երազում տեսեք, որ ամուր գրկում ու համբուրում եմ և խնդրում եմ նույն կերպ պատասխանեք ինձ: ...Ահա այսպես նստում ու գրում ես, և թվում է, թե տեսնվեցիր մարդու հետ, ու թեև տխուր է, բայց լավ է: Տխուր եմ, ճիշտ է, բայց հիմա լավն է իմ այդ տխրությունը…Մտածում եմ Ձեր մասին, ինչպես իմ հարազատի մասին՝ լավ, բարի, սիրելի: Եվ Աստված վկա, խիղճս չի տանջում, որ դա «դավաճանություն» է Սուսաննային: ...Ինձ շարունակ թվում է (չգիտեմ ինչու), որ նա ունի մեկը, որի պատճառով ինձ հաճախ բոլորովին մոռանում է: Ես ամենևին խանդոտ չեմ, բայց ցավս գալիս է, որ ինձ մոռանում է սիրելի Անտենկան, որի հետ մենք վաղեմի բարեկամներ ենք, այնպես չէ՞: Սպասում եմ նամակների: Մեծ, լավ հանգամանալից նամակների: Առայժմ: Բարև արեք Մարթային, Դոդյային և Ձերոնց բոլորին Վահան Տերյանից, որը հղում է իր համբույրներն ու լավագույն ցանկությունները և մնում է անփոփոխ Ձեր Վահանը:...Հիշու՞մ եք, երբ առաջին անգամ համբուրվեցինք «ՍՎԵՏ»-ում: Ես պատրաստվում էի գնալ, բայց ինձ մի բան ետ էր պահում: Դուք ինձ հարցրիք, ի՞նչ էի մտածում հենց նոր: Ես ասացի, որ ուզում էի Ձեզ համբուրել: Պարզվեց, որ Դուք էլ այդպիսի ցանկությու ունեիք: Պատկերացնում եք, որ Ձեզ չասեի ու գնայի: Չէ՞ որ փաստը չէր վերանա: Փաստը կմնար փաստ՝ ես ուզում էի Ձեզ համբուրել, Դուք էլ՝ ինձ: Հիմա ի՞նչն է ավելի վատ. այն, որ դա պատահե՞ց, թե՞ եթե մենք թաքցնեինք ու բաժանվեինք: Իսկ ինչո՞ւ չհամբուրվեինք, եթե այդքան ուզում էինք:

Բայց մի կողմ թողնենք տրամաբանությունը, որովհետև ամենայն հավանականւթյամբ աշխարհը ստեղծվել է առանց տրամաբանության և չի ղեկավարվում տրամաբանությամբ»: 1912, 1913,1914, 1915 թվականներին նամակագրությունը շարունակվում է:

Ինչո՞ւ Անթառամը կտրուկ չհրաժարվեց Տերյանից, իր ամբողջ երիտասարդությունը անցկացրեց հուսահատ սպասման մեջ, ի՞նչ հույսեր ուներ այդ աղջիկը: Շարունակվող նամակագրության մեջ նա չնկատեց, թե ինչպես մեծացավ, կորցրեց ջահելական ավյունը, աչքերի փայլը, ժպիտը: Կորցրեց կնոջ համար այնքան կարևոր տարիները: Երբ ուշքի եկավ, արդեն համարյա 30 տարեկան էր: Բարեբախտաբար, թե դժբախտաբար իր ռուս երկրպագուն` Վլադիմիր Մորոզովը դեռ ցանկանում էր ամուսնանալ: Եվ ամուսնացան: Բայց դա չօգնեց Անթառամին, նա էլի չգտավ իր անդորրը և կնոջական երջանկությունը:

Տերյանը կարող էր ընդհատել նամակագրությունը, որպեսզի չտանջի աղջկան, բայց չարեց: Նա ներդաշնակություն էր փնտրում: Իր կողքին ունենալով կին–կիրք Սուսաննային՝ հոգեկան խաղաղության կարիք ուներ: Դրա համար էլ չկարողացավ թողնել Անտենկային: Թեկուզ միայն նամակագրությունը, իր կյանքը լցնում էր անասելի հմայքով և ջերմությամբ: Առանց Անթառամի նա, երևի թե, չէր կարողանա ստեղծագործել»:

Ամենից շատ դիտված

15:15 Դպրոցներում տարօրինակ կոնֆետներ են բաժանում․ ծնողն ահազանգում է
18:08 Ձեր երեխային 10-15 րոպեի կյանք է մնացել․ Աստղիկ ԲԿ-ում մահացած 21-ամյա ծննդկանի ծնողները մեղադրում են բժիշկներին. shamshyan.com
14:22 Հնդիկ «խոպանչիներն» այլևս հայրենիք չեն վերադառնալու․ իրենց կանանց և երեխաներին են ՀՀ կանչում․ Հեքիմյան
15:30 Նիկոլ Փաշինյանի կամքով՝ իր «քույրերը և եղբայրները» շուտով կհայտնվեն փողոցներում
17:30 Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի կամակատարն է. հարցում
10:25 Եռագույնով և զինանշանով մոխրամաններ, սրբապատկերներով նարդիներ․ ինչ են վաճառում Վերնիսաժում
13:29 2016-ի ապրիլի Հայաստանն էր իրական ազգային ու համախմբված` հանուն Արցախի ու մեր հաղթանակի․ Շարմազանով
19:20 Փաշինյանը ներկա է եղել Ժողովրդավարության դպրոցի բացմանը
22:37 Մենք անցել ենք շատ ծանր ճանապարհ, անցնում ենք. Նիկոլ Փաշինյանի ելույթը
18:42 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով