Ներքին 2 տարի առաջ - 09:05 04-12-2023

Ճնշում են օրինապահ քաղաքացուն, վարձառուին ու արցախցուն  

Ասում են, թե բնակարանի վարձակալության շուկան լիովին վերահսկելի չէ։ Ու դրա համար է ՊԵԿ-ը խստացնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հարկերն ու պատիժները։ Խստացումներն ուժի մեջ են դեկտեմբերի 1-ից։ Կա կասկած, որ ՊԵԿ-ն այս խստացումներից հետո էլ չի վերահսկելու բոլորին կամ գոնե 90 տոկոսին։ Արդյունքում՝ կրկին կտուժեն օրինապահ հարկ վճարողները։ Նրանք ստիպված կթանկացնեն բնակարանները, որոնք կդառնան ամրցունակ։ Իսկ եթե և՛ հարկերը վճարեն, և՛ չթանկացնեն, ապա չնչին շահույթ կունենան։ Այսպես ՊԵԿ-ը ոչ արդյունավետ վերահսկողությամբ ճնշում է օրինապահ քաղաքացուն։ Վերջինս կա՛մ համալրում է հարկերից խուսափողների շարքերը, կա՛մ հուսահատվում, վաճառում գույքն ու մտադրվում լքել հայրենիքը։ Մի խոսքով՝ ոչ ոք չի շահում։ Նկատենք, սակայն, որ վարձակալության շուկան վերահսկելու խնդիրը նոր չէ։ Ինչու՞ են հիմա խստացնում օրենքները։

Բնակարանների վարձակալության բիզնեսն աճեց 2022-ին, երբ ուկրաինա-ռուսական պատերազմի և ՌԴ-ի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների հետևանքով մի քանի հարյուր հազար դասալիքներ, ծառայությունից խուսափողներ, պատերազմի գոտուց տեղահանվածներ, ծրագրավորողներ, առցանց և օտարերկրյա հիմնարկություններում աշխատողներ եկան Երևան։ Այդ ժամանակ ՊԵԿ-ի ախորժակը չբացվեց, հարկերն ու տուգանքները չխստացրին, չփորձեցին ճնշել վարձառուներին, որ բնակարանների վարձակալության գներն ավելի չթանկանան, ռուսներն էլ չգնան Վրաստան կամ ավելի լավ երկիր։ Իսկ երբ եկան 100 հազար արցախցիները, ՊԵԿ-ը որոշեց խստացնել հարկերն ու տուգանքները։ Ռուսների հանդեպ ՔՊ-ական իշխանությունը պարտավորություն չունի։ Իսկ արցախցիների նկատմամբ ունի, որն արտահայտում է սոցիալական ծրագրերով, մասնավորապես՝ 50 հազարական դրամ տալով։ Այս հատկացումը մի քիչ թեթևացնում է արցախցիների սոցիալական հոգսերը։ Ենթադրելի է, որ վարձակալությանն առնչվող խստացումների թիրախն այդ 50 հազար դրամն է։

«Իսկական հայը գոնե մեկ ղարաբաղցի բարեկամ պիտի ունենա»։ 1988-ին տարածված ասացվածքը լիարժեք ապացուցվեց այս տարի, երբ 100 հազար արցախցի բռնի տեղահանվեց և Արցախը դատարկվեց։ Բազմաթիվ արցախցիներ ապրում են իրենց բարեկամների տներում անվճար։ Ո՞ր մի հայն իր արցախցի բարեկամից փող կվերցնի այս իրավիճակում։ Սա, հավանաբար, դուր չի եկել ՔՊ-ական կառավարությանը, որը որոշել է պատժել արցախցուն և նրան բնակարան տրամադրող բարեկամին։

Մասնավորապես՝ 50 հազար դրամ ստացող արցախցիներից պահանջում են ներկայացնել բնակարանի վարձակալության պայմանագիրը։ Այս պահանջը հղի է անցանկալի հետևանքներով։ Եթե արցախցին չներկայացնի պայմանագրի օրինակը, ապա ՔՊ-ական իշխանությունը 50 հազարից 40-ը կկտրի և արցախցին սոցիալական խնդիր կունենա ձմռան կեսին։ Եթե վարձառուն իրական պայմանագիր կապի և վարձ վերցնի, ապա նրան կարող են հանդիմանել այս իրավիճակում արցախցի բարեկամից փող վերցնելու համար, իսկ արցախցու ձեռքում 50 հազարից բան չի մնա։ Եթե իրականությանը չհամապատասխանող պայմանագիր ներկայացնեն, իբր վարձով են ապրում բարեկամի բնակարանում, ապա միասնաբար կխաբեն իշխանությանը և իրենք իրենց, կվճարեն հարկ ու տուգանք մի բանի համար, որն իրականում չեն արել։ Բոլոր դեպքերում կտուժի ժողովուրդը թե՛ ֆինանսապես, թե՛ բարոյապես։

Հասարակության բարոյական անկումն անվտանգային խնդիր է։ Բարեկամից փող վերցնող կամ կեղծիքի մեջ ապրող մարդիկ եթե ընտրություններում ընտրեն իրենց նմանին, ապա կծագի ազգային անվտանգային խնդիր։ Ու եթե ՔՊ-ական իշխանությանը չի հետաքրքրում օրինապահ քաղաքացուն ճնշելը, արցախցիների 50 հազարական դրամը կտրելը, տվածի մի մասը հետ բերելը, արցախցիներին հասցեագրված միջազգային ֆինանսական օգնության յուրացման հիմքեր ստեղծելը, ապա կգնահատեն դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտածի ռիսկերը, կվերանայեն օրենքը և վարձակալության շուկան վերահսկելու արդյունավետ մեթոդ կընտրեն։

Թաթուլ Մկրտչյան