Ներքին 2 տարի առաջ - 13:42 01-12-2023

Ի՞նչ է արվում գիտության ոլորտը երիտասարդացնելու համար

ՀՀ կառավարությունն ակտիվորեն դրամաշնորհային ծրագրեր է իրականացնում գիտության ոլորտում ավելի շատ երիտասարդների ներգրավելու համար։ «Գիտություն և գործարարություն 2023» համաժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք ջանք ենք գործադրում գիտության զարգացման ուղղությամբ, սա մեր առաջնահերթություններից է։ Նախորդ տարիներին մենք ավելի քան 150%-ով ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը։ Մենք նոր դրամաշնորհային ծրագրեր ենք սկսել միանգամից մի քանի ուղղությամբ, որոնք էապես մեծացրել են երիտասարդ գիտնականների ներգրավվածությունը ոլորտում։ Այսօր դրամաշնորհային շահառուների մեծ մասը` ավելի քան 70%-ը, մինչև 30 տարեկան գիտնականներ են»,- նշեց Անդրեասյանը։

Նա ընդգծեց, որ շարունակական աշխատանքներ են տարվում գիտության մեջ ներգրավված մարդկանց` գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ։ Ըստ նախարարի` գիտությամբ զբաղվելու համար սա երիտասարդների համար ամենակարևոր խթաններից է։ Անդրեասյանը շեշտեց` հունվարից գիտաշխատողների վարձատրությունը միջինում ավելի քան 174%-ով կբարձրանա։