Արտաքին 2 տարի առաջ - 23:00 06-11-2023

Օկուպացիան ընդունելի է, երբ այն թուրքական է. Անկարայի երկակի ստանդարտները

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Վերջին շրջանում միջազգային հանրության ուշադրությունը կրկին սևեռվել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, իսկ ավելի ճիշտ Իսրայել-ՀԱՄԱՍ զինված հակամարտության վրա։ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակն օրեցօր ավելի է վատթարանում, քանի որ Իսրայելի պաշտպանության բանակը ձգտում է շրջանն ամեն կերպ վերցնել իր վերահսկողության տակ, մինչդեռ պաղեստինյան կողմը նպատակ ունի վերականգնել ստատուս քվոն, ինչպես նաև ազատագրել Իսրայելի վերահսկողության տակ գտնվող իր տարածքները։

Հատկանշական է, որ Գազայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով աջակցում է պաղեստինյան կողմին, վերջին շրջանում պարբերաբար հայտարարում է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը կարելի է վերջ դնել երկու պետությունների ստեղծմամբ։ Անկարայից պարբերաբար պնդում են, որ միջազգային հանրությունը պետք է ականջալուր լինի խնդրի վերջնական լուծման համար երկու պետություն ստեղծելու իր առաջարկներին, և որ անկեղծ մոտեցման դեպքում կարելի է գտնել լուծում, որը թեթևություն կբերի ինչպես տարածաշրջանին, այնպես էլ ողջ աշխարհին։

Բացի այդ, Թուրքիան միևնույն մոտեցումն է ցուցաբերում Կիպրոսի հարցում։ Ինչպես հայտնի է, թուրքական զինված ուժերը 1974 թվականին ներխուժել են Կիպրոս կղզու տարածք, օկուպացրել կղզու հյուսիսային հատվածը և այնտեղ ստեղծել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը։ Թուրքական զորքերն առ այսօր շարունակում են գտնվել ինքնառչակ Հյուսիսային Կիպրոսի տարածքում՝ «վերջինիս անվտանգությունն ապահովելու նպատակով»։

Ներկայումս թուրքական կողմն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ Կիպրոսի հիմնախնդիրը լուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել հողի վրա առկա իրավիճակը, այն է՝ ինքնահռչակ պետության և վերջինիս պետական ինստիտուտների և զինված ուժերի առկայությունը։ Այս դեպքում նույնպես Թուրքիայի իշխանությունները՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հայտարարում են, որ հիմնահարցը պետք է լուծվի երկու պետության՝ հունական և թուրքական Կիպրոսների ստեղծմամբ։

Ինչ վերաբերում է Արցախյան հակամարտությանը, ապա այս դեպքում թուրքական կողմը հակամարտության սկզբնավորումից առ այսօր մշտապես հայտարարել է, որ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը, իսկ Հայաստանին մեղադրել հարևան երկրի տարածքներն օկուպացնելու մեջ։ Ավելին, թուրքական կողմը տասնամյակներ շարունակ խիստ քննադատության է ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը՝ հակամարտությունը լուծել չկարողանալու մեջ, չնայած այն բանին, որ նախորդող տարիներին ձգտել է ամեն կերպ ներգրավվել այդ ձևաչափում, սակայն իր ջանքերն ապարդյուն են անցել։

Այսպիսով, կարող ենք փաստել Թուրքիայի համար օկուպացիան իրականում ընդունելի է, սակայն միայն այն դեպքում, երբ այն կա՛մ թուրքական է, կա՛մ իրականացվում է իր դաշնակիցներից որևէ մեկի կողմից։ Մնացած բոլոր պարագաներում Թուրքիան հանդես է գալիս որպես օկուպացիաների դեմ պայքարի առաջամարտիկ և խստորեն պահանջում է պահպանել պետությունների՝ հիմնականում իր դաշնակիցներինը, կամ այն երկրներինը, որոնք գտնվում են իր ազդեցության տակ, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։

Իրանականում սա Թուրքիայի կողմից ոչ այլ ինչ է, քան երկակի ստանդարտների կիրառության ակնհայտ օրինակ, երբ տվյալ պետությունը, իր շահերից ելնելով, նույնանման հարցերի վերաբերյալ ներկայացնում է իրար տրամագծորեն հակասող դիրքորոշումներ։ Իրականում սա Հայաստանի համար կարող էր լավ հնարավորություն և կռվան լինել Արցախի ինքնորոշման իրավունքն առաջ մղելու տեսանկյունից, ինչը մինչև 2018 թվականը լավագույնս կիրառվում էր, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2020 թվականի պարտությունից հետո նախընտրեց «խաղաղության դարաշրջան բացել», իսկ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որից մեկ տարի անց Արցախում փաստացի որևէ հայ չմնաց։ Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը