Արցախում վերջին 3-4 տարիներին բավական կպչուն ակտիվությամբ էին հանդես գալիս մի խումբ երիտասարդ տարիքի անձինք, որոնց մեջ աչքի ընկնողներից էին Տիգրան Պետրոսյանը և Արթուր Օսիպյանը։
Մեկը՝ «Վաղվա Արցախ», մյուսը՝ «Արցախի հեղափոխական» կուսակցություններն էին ղեկավարում։
Արցախում՝ հասարակության շրջանում, ամրացված կարծիք կար, որ երբ Արթուրը և (կամ) Ծիգոն մեյդան են դուրս գալիս, ուրեմն ինչ-որ լուրջ իրավիճակից իշխանությունները ժողովրդին ուզում են շեղել, դրա համար այս մարդկանց էին առաջ քաշում։ Նրանք էլ, սովորաբար, գոռգոռոցից և սկանդալներից դենը չէին անցնում․ դա տևում էր 2-3 օր, այդ ընթացքում որևէ բանուկ վայրում վրան էին խփում, նստում, մինչև ուշ երեկո բլոտ խաղում, ժամանակ անցկացնում՝ մինչև կրկին ժողովրդի մեջ շշուկներ էին տարածվում, որ Արթուրին կամ Ծիգոյին տեսել են նախագահականում կամ կառավարությունում։ Դա էլ իր հերթին ենթադրում էր իշխանության կողմից «պարգևատրում» և (կամ) հաջորդ առաջադրանքի համար «ինստրուկտաժ»։
Այս գործելաոճը սույն երիտասարդների համար բավական արդյունավետ էր։ Մասնավորապես, Ծիգոն հասավ նրան, որ նախագահականում պաշտոն տվեցին ու անվտանգության խորհրդի նիստերին մասնակից դարձրին։ Արթուրի հաջողություններն այդքան չէին ակնառու, իսկ, օրինակ, Ծիգոն պաշտոնյա դառնալուց հետո սկսեց Արցախի հանրային հեռուստատեսությանը հարցազրույցներ տալ, որտեղ կենտրոնացած դեմքով, սեփական անձի ու արժանապատվության վիթխարի զգացողությամբ հանրությանն էր ներկայացնում իր համար այդքան սպասված պետական գործերին հասու լինելը, դրա բերումով իր տեղեկացվածության բարձր աստիճանը և այլն։ Եվ զգացվում էր, որ այս երիտասարդը զգում է, որ զուր չի ապրել այսքան ժամանակ։
Այնուհետև Արցախն ապրեց իր վերջին՝ օրհասական օրերը։ Իսկ Ծիգոն և Արթուրը լուռ էին, չէր հասկացվում՝ սթրե՞սն է նրանց լռեցրել, թե՞ պարզապես ասելիքն է սպառվել։
Լուռ են նաև հիմա։ Մի քանի օր առաջ Ծիգոն, իր ցասկոտ բնավորության բերումով, խոսեց իբր Արցախի անվտանգության խորհրդի ինչ-որ նիստի (որին, ըստ ամենայնի, չէր մասնակցել) ընթացքում արծարծված գերգաղտնի խոսույթի արտահոսքից և սպառնաց, որ կպատժի արտահոսողին։ Բայց այդ ցասումը և սպառնալիքն ամենայն հավանականությամբ կրում են իներցիոն բնույթ։
Համենայն դեպս, հուսանք, որ Արցախի երբեմնի կատաղի խառնվածքով գործիչները դեռ ասելիք կունենան տնանկ դարձած իրենց հայրենակիցների համար, իսկ հիմա ուղղակի իջել են հատակը, մինչև կանցնի մեզ համար անհայտ, իսկ իրենց լավ հայտնի վտանգը։