Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:20 03-11-2023

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Ինտերնետ կառավարման հայաստանյան 8-րդ համաժողովին

Նոյեմբերի 3-ին մեկնարկել է Ինտերնետ կառավարման հայաստանյան 8-րդ համաժողովը՝ ArmIGF 2023-ը, որը կազմակերպվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների համագործակցությամբ:

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Նախարարն անդրադարձել է ինտերնետի կառավարմանն առնչվող մի շարք հարցերի, կարևորել, որ համաժողովի քննարկումներում ներգրավված են պետական, հասարակական, մասնավոր հատվածների ներկայացուցիչներ։

«Համացանցն այսօր գրավել է ամբողջ աշխարհը: Եվ այս համատեքստում, թվային փոխակերպումը ներկայում անխուսափելի գործընթաց է: Այս առումով, Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է թվային արդիական միջավայրի ստեղծումը՝ պետական կառավարման բոլոր ոլորտներում գիտելիքի և տեխնոլոգիաների հիման վրա հասանելի, մատչելի, հուսալի, անվտանգ, բարձրորակ և մրցունակ ծառայությունների ապահովումը՝ ուղղված Հայաստանի տնտեսության զարգացմանը, բնակչության կյանքի որակի բարձրացմանը:

Այս նպատակին հասնելու համար Կառավարության հնգամյա ծրագրում հստակ նախանշված են միջոցառումներ, ինչպիսիք են՝ նույնականացման արդիական համակարգի ներդրում, հանրային ծառայությունների թվայնացում, դրանց առցանց հասանելիության ապահովում, բնակչության թվային գրագիտության բարձրացում և թվային գործիքների կիրառման խթանում, իրավաբանական անձանց և քաղաքացիների հետ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ էլեկտրոնային եղանակով հաղորդակցության ապահովում, և մի շարք այլ ծրագրեր:

Թվային փոխակերպումը Հայաստանում վերջերս նոր թափ է հավաքել, անելիքները շատ են, և պահանջում են բոլորիս գործուն մասնակցությունը»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը:

Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև RIPE NCC, արտաքին հարաբերությունների պատասխանատու Վահան Հովսեփյանը, ICANN-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլոբալ շահառու կողմերի ներգրավվածության ղեկավար Միխայիլ Անիսիմովը, «Ինտերնետ Հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը, Ինտերնետ հասարակության Եվրոպական կառավարության և կարգավորող հարցերի ավագ տնօրեն Դեյվիդ Ֆրաուտչին։

Նրանք խոսել են միջոցառման կարևորության, Հայաստանում թվայնացման, հեռահաղորդակցության ոլորտներում պետական քաղաքականության, առաջ եկած խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ։
Այնուհետև տեղի են ունեցել պանելային քննարկումներ:

«Թվային մարտահրավերներ և հնարավորություններ. Հասարակության, կառավարության և տնտեսության թվային փոխակերպման լուծումները» թեմայով քննարկմանը մասնակցել են ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի քարտուղար, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը։ Քննարկվել են թվայնացման, կիբեռանվտանգության, հեռահաղորդակցության ոլորտում պետական և մասնավոր հատվածի փոխգործակցության, օրենսդիր և գործադիր իշխանությունների համակարգված գործունեության, 2024թ բյուջեում թվայնացման մասով նախարարությանը վերապահված գործառույթներին ու դերին, ներկայացված ոլորտներում իրականացվող աշխատանքների որակին ու ժամանակացույցին առնչվող մի շարք հարցեր։ Ներսես Երիցյանը մանրամասներ է ներկայացրել նաև գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ու ծրագրերի վերաբերյալ։

Պանելային քննարկումները շարունակվել են «Համընդհանուր Ընդունումը» որպես համացանցի անբաժան մաս», «Արհեստական բանականությունը կրթական և ուսումնական պրոցեսներում, դրական և բացասական կողմերը», «Ինչ է WSIS+20-ը, կարևորությունը թվային զարգացման դարում», «Համաշխարհային թվային պայմանագիր, «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ ներգրավվածությունը և տարեկան նախագծերը» թեմաների շուրջ։

Արդեն 8-րդ անգամ անցկացվող ArmIGF համաժողովի հիմնական նպատակն է քննարկելու, վեր հանելու ինտերնետ կառավարմանն առնչվող արդիական խնդիրները, մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները, նախանշելու լուծման տարբերակներն ու հնարավորությունները։

Միջոցառման անցկացման նախաձեռնությունը «ՀՀ Ինտերնետ կառավարման հանձնաժողով» միջգերատեսչական խմբինն է, որը կազմավորվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2014թ., ինտերնետ կառավարմանն առնչվող խնդիրների լուծման համար առաջարկություններ մշակելու և ներկայացնելու նպատակով։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին

Ձեզ գուցե հետաքրքրի