Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է
Oragir.News-ը, նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցությունների ընթացքում պատրաստակամություն էր հայտնել Վրաստանում հայ-ադրբեջանական բանակցություններ անցկացնել, եթե հայկական կողմը տա իր համաձայնությունը։ Նրա խոսքով՝ Վրաստանի տարածքում կարող են անցկացվել ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ բանակցություններ, իսկ Թբիլիսին կարող է հանդես գալ որպես անաչառ միջնորդ։
Վրաստանի իշխանություններն իրենց հերթին պարբերաբար հայտնում են, որ պատրաստ են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական առաքելություն իրականացնել և հյուրընկալել կողմերի հանդիպումները։ Այս համատեքստում վրացական կողմը մշտապես հիշեցնում է 2021 թվականի հուլիսին Թբիլիսիի հաջող միջնորդական առաքելությունը, որի արդյունքում Հայաստանը Ադրբեջանին փոխանցեց Աղդամի շրջանի ականապատված տարածքների քարտեզները, իսկ Ադրբեջանն ազատ արձակեց 15 հայ ռազմագերիների։
Oragir.News-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանն ընդգծեց, որ Ադրբեջանը տարիների ընթացքում ցույց է տվել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չի կատարում, կամ, առնվազն այն հարթակներում, որտեղ բանակցությունները տեղի են ունեցել, և կողմերը որոշ ընդհանրությունների են եկել, երաշխիքների մասով ձեռք բերված պայմանավորվածությունները չեն իրականացվել։
Նրա խոսքով՝ այս պարագայում այն հարցերը, որոնց շուրջ հնարավոր է Վրաստանում երկկողմ բանակցություններ վարել, ինչպես դա եղել է Թբիլիսիում ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած միակ հանդիպման ընթացքում, եթե կարիք լինի, կարող են կրկին հանդիպել և քննարկել։
Վրացագետը չի կարծում, որ հարթակների փոփոխությամբ հնարավոր կլինի ինչ-որ հարց լուծել։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որևէ հարթակում խոչընդոտների է բախվում, փորձում է այլ ձևաչափեր ստեղծել ու այլ տեղ տանել բանակցությունները, որպեսզի կարողանա առավելագույնը կորզել, իսկ եթե չի ստացվում, ապա խախտի այն պայմանավորվածությունները, որոնք արդեն ձեռք են բերվել։ Նրա համոզմամբ՝ սա բարդ պրոցես է, իսկ հայկական կողմը պետք է շարունակական լինի արդեն իսկ առկա ձևաչափերում և այդ ուղղությամբ աշխատի։
Ջոնի Մելիքյանը կարծում է, որ Վրաստանը չի կարող լինել երաշխավոր երկիր լինել, ով կապահովի ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ Նրա խոսքով՝ Վրաստանը կարող է միայն համակարգող լինել, ինչը նշանակում է, որ իրենք կարող են դահլիճ տրամադրել, սուրճի ընդմիջումը պատրաստել և հնավորություն ստեղծեն, որ երկու ղեկավարները նստեն և քննարկեն։
«Այս փուլում Վրաստանից այլ բան չի ակնկալվում, ուստի այդքանն իրենք արել են և կարող են շարունակել անել, այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Հարցն այն է, թե որքանով է նպատակահարմար հայ-ադրբեջանական միջպետական քննարկումներն առանձին անցկացնելը։ Քանի որ կան բարդ խնդիրներ դելիմիտացիայի և այլ հարցերի շուրջ, ապա իմ կարծիքով միայն երկկողմանի ձևաչափը այդքան էլ էֆեկտիվ չի լինի»,- ասաց նա։
Հարցին, թե Վրաստանն ինչո՞ւ է ձգտում ներգրավվել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում, և այն ի՞նչ կտա իրեն՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ այդ ուղերձերն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սպառման համար են։ Ինչ վերաբերում է ներքին լսարանին առկա ուղերձներին, նա նշեց, որ հարևան երկրում բնակվում են մեծ քանակությամբ հայեր և ադրբեջանցիներ, ուստի Վրաստանի իշխանություններն իրենց էթնիկ փոքրամասնություններին ցույց են տալիս, որ այս ուղղությամբ աշխատում են։
Անդրադառնալով արտաքին աշխարհին փոխանցված ուղերձներին՝ Մելիքյանը նկատեց, որ այստեղ այլ հաշվարկներ և մոտեցումներ կան՝ թե՛ թուրք-վրացական հարաբերությունների, թե՛ Վրաստան-արևմուտք հարաբերություններում և այլն։ Նա շեշտեց, որ Վրաստանի կողմից իրականացված նախորդ միջնորդական առաքելությունում միշտ եղել է նաև արևմուտքի գործոնը, և Վրաստանի միջնորդությամբ հայ ռազմագերիների վերադարձի գործընթացում բավական ակտիվ դեր ունեն ԱՄՆ-ն․ «Ուստի այս հարցում նաև այս գործոններն ազդեցություն ունեն»։
Մեր հարցին, թե Վրաստանի կողմից նույն միջնորդությունը կարո՞ղ ենք ակնկալել Արցախի ձերբակալված ղեկավարության մասով՝ վրացագետը նշեց, որ կդժվարանա պատասխանել, թե որքանով է Թբիլիսին պատրաստակամ այս հարցերում աջակցել, և որքանով Բաքուն նրան լուրջ կվերաբերվի։ Նա հավելեց, որ շատ ավելի լուրջ հնարավորություն ունեցող պետություններ են փորձել ու չի ստացվել, ուստի դժվար է պատկերացնել, թե Վրաստանին որքանով կհաջողվի միջնորդություն իրականացնել։